Հանդիպումից առաջ պարզ էր. ֆրանսիացիներին ոչ-ոքին էլ էր բավարար, հաղթանակի դեպքում` թերեւս առաջին տեղը, որը թույլ կտար խուսափել քառորդ եզրափակիչում հանդիպել իսպանացիների հետ։ Ուկրաինացիների հետ նախորդ խաղում բարձրակարգ խաղ ցուցադրելուց հետո Ֆրանսիայի հավաքականը չցուցադրեց այն ֆուտբոլը, որը սպասվում էր։ Գրեթե սրություն չկար առջեւի գծում, կորել էր արագությունը, նրանց խաղը ուսումնավարժական պարապմունք էր հիշեցնում։ Այստեղ հարց է առաջանում. սա մտածվա՞ծ մարտավարություն էր։ Այս առաջնությունում մենք բազմիցս ականատես եղանք, որ մի շարք թիմեր շատ բարձր տեմպով հանդիպում անցկացնելուց հետո ֆիզիկապես չէին հասցնում հաջորդ խաղին վերականգնել ուժերը։ Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Եվրոպայի առաջնությունից առաջ բոլոր ֆուտբոլիստներն էլ ծանր մրցաշրջան են անցկացրել. ակումբային առաջնություն, եվրոգավաթներ, 50-60 հանդիպում։ Այս մրցաշարում առավելություն են ստանում այն թիմերը, որոնք ֆիզիկապես ավելի լավ են պատրաստված, ավելի ռացիոնալ են օգտագործում իրենց ուժերը։ Եվ բացառված չէ, որ այսօր Ֆրանսիայի հավաքականը զոհաբերել է հանդիպումը` քառորդ եզրափակիչում լիովին պատրաստ լինելու համար։ Այսպես ասած` «էկոնոմ-ռեժիմով» է խաղացել եւ ձգտել է հնարավորինս խնայել ուժերը։ Հոգնած վիճակում` ով էլ լինի հաջորդ մրցակիցը` Իտալիան թե Իսպանիան, դժվար կլիներ լուրջ դիմակայություն ցույց տալ։ Դրա ամենավառ օրինակը Ռուսաստանի հավաքականի մրցելույթներն էին։ Քանի դեռ ուժերը ներում էին, նրանք ահեղ ուժ էին, իսկ երբ ուժերը նրանց լքեցին, դատապարտված տեսք ունեին։
Իսկ ամբողջ խաղի ընթացքում բարձր տեմպ եւ ճնշում գործադրելու դեպքում կարելի է եւ Իսպանիայի դեմ խաղալ։ Դա ցույց տվեց Իտալիայի հավաքականը։ Սա ֆրանսիացիների այսօրվա խաղի բացատրություններից ընդամենը մեկն է։ Միգուցե նրանք էլ էին իրականում հոգնել։ Դա կերեւա քառորդ եզրափակիչում։
Ասվածը ոչ մի դեպքում չի նսեմացնում շվեդների հաղթանակի արժեքը։ Շվեդներն այսօր ցույց տվեցին մարզական չարություն, հաղթանակի կամք, համառություն։ Գրեթե բոլոր առումներով գերազանցեցին Բլանի սաներին։ Իսկ հանդիպման, եթե ոչ ամբողջ մրցաշարի զարդը դարձավ Իբրահիմովիչի գոլը։ Ապշեցուցիչ գեղեցկության, որը հարստացրեց Իբրահիմովիչի խփած գեղեցիկ գոլերի «պատկերասրահը»։ Շվեդները դեռ կարող էին շատ ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն ֆրանսիացիների դարպասապահ Լյորիսը ոչ պակաս ֆանտաստիկ սեյվերով փրկեց հավաքականին նվաստացումից եւ իսպանացիներին մտորելու տեղիք տվեց։ Այսպիսի դարպասապահին խոցելու համար Իսպանիան պետք է մի դյուժին հարյուր տոկոսանոց պահեր ստեղծի, որպեսզի գոնե դրանց մի մասը գոլի վերածի։
Շվեդիան արժանիորեն հաղթեց 2։0 հաշվով եւ երկրպագուների ծափահարությունների ներքո ավարտեց իր մրցելույթները Եվրո-2012-ում։ Իսկ քառորդ եզրափակիչում արդեն տեղի կունենա դասական հանդիպում` Իսպանիա- Ֆրանսիա։
D խմբի մյուս խաղում հանդիպեցին տանտերերը` Ուկրաինան եւ Անգլիան, որի կազմում մրցաշարում իր առաջին հանդիպումն անցկացրեց Ուեյն Ռունին։ Հենց նա էլ դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը` ժամանակին արձագանքելով անգլիացիների առայժմ լավագույն խաղացող Սթիվեն Ջերարդի փոխանցումին։ Ուկրաինացիները, որոնց միայն հաղթանակ էր անհրաժեշտ, դեռ կարող էին փրկել հանդիպումը, սակայն նրանց խփած մաքուր գոլը մրցավարները չհաշվեցին` չնկատելով, որ Դեւիչի հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը։ Եվ չնայած Բլոխինի սաները խաղի ընթացքում նկատելի առավելություն ունեին, սակայն ցավալի պարտություն կրեցին։
Անգլիացիները այս հաղթանակից հետո խմբում գրավեցին առաջին տեղը եւ քառորդ եզրափակիչում կհանդիպեն իտալացիների հետ։