28.04.2017 04:23 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Կռվախնձորի շաբաթ

Վերջին օրերին Հայաստանում ամենաչարչրկված թեման ադրբեջանական խնձորն էր։ Տեղական շուկայում ադրբեջանական արտադրության խնձոր է հայտնվել, դա` բնականաբար, հիստերիա է առաջացրել, հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե ով եւ ինչպես է մեծ քանակությամբ խնձոր կարողացել Հայաստան ներկրել։ Առայժմ չեն ասում, թե ով է ներկրել, չնայած մազաչափ կասկած չունենք, որ Մաքսային ծառայությունում տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը։

Նույնիսկ երկու կիլո շաքարավազն են սահմանում ֆիքսում, ուր մնաց` տոննաներով խնձորը։ Այսինքն` ի՞նչ շաքարավազ. մեզ մոտ մի լղարիկ «Իգլա» չեն կարող մտցնել։

Բայց ամենահետաքրքիրը ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հայտարարությունն էր այս առթիվ։ Պարզվում է, որ ՍԱՊԾ-ն շրջայց է կատարում մայրաքաղաքի եւ մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով։

«Խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երեւանի «Նոր Զովք» եւ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում եւ մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում։ Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են։

Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել եւ ոչնչացվել  նաեւ հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) եւ Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում։ Ծառայությունը շարունակելու է շրջայցերն ու վերահսկողական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ադրբեջանական ծագման խնձորի ողջ խմբաքանակը։ Այս գործընթացը պահանջում է պարբերական եւ հետեւողական աշխատանք՝ բացառելու համար անբարեխիղճ տնտեսվարողների կողմից խմբաքանակները թաքցնելու փորձերը», նշված է հայտարարության մեջ։

ԻՆՉՈ՞Ւ Է ՈՉՆՉԱՑՎՈՒՄ

Իսկ հետաքրքիրն այն է, որ այս կառույցի տարածած հայտարարության մեջ չի ասվում մի «մանրուքի» մասին. իսկ ինչո՞ւ է ոչնչացվում ադրբեջանական խնձորը։ Ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է խնձորը առեւտրի կետերից առգրավվում եւ ոչնչացվում։ Մեզ հետաքրքրում է, թե որ օրենքով է դա արվել։ Եթե ինչ-որ տեղ գրված է, որ Հայաստանում արգելված է ադրբեջանական ծագում ունեցող խնձորի վաճառքը, ապա բան չունենք ասելու։ Բայց նման բան հաստատ չկա։ ՍԱՊԾ-ն լավ կաներ, որ բավարարեր մեր հետաքրքրությունը։ Որովհետեւ եթե խնձորը առգրավել են զուտ ադրբեջանական լինելու համար, ապա դա ոչ  միայն անօրինական է, այլ նաեւ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ։

Վաղն էլ կարող են նույն տրամաբանությամբ թուրքական,  ղազախական, պակիստանյան եւ այլ «տհաճ» երկրների արտադրանքի ներկրումն ու իրացումն այստեղ արգելել։ Իսկ եթե խնձորը առգրավել են, քանի որ այն մաքսանենգ ճանապարհով է Հայաստան բերվել, ապա հրապարակեք մաքսանենգների անունները։ Արդեն ասացինք. դա ոչ թե 5 րոպեի գործ է, այլ լավ էլ գիտեն, ով է ներկրել։ Կամ եթե խնձորի այդքան խոշոր խմբաքանակ է մաքսանենգ ճանապարհով ներկրվում, ուրեմն, մաքսային ծառայության համապատասխան պաշտոնյաները, աշխատակիցները պարզապես թերացել են իրենց պարտականությունների մեջ։ Նշանակում է, որ պետք է տեսնենք կարգապահական ինչ-որ քայլեր ՊԵԿ-ի կողմից` նկատողություն, խիստ նկատողություն, աշխատանքից ազատում։ Առայժմ այս հարցում էլ է լռություն։

ԴԵՌ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ

Երեկ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն այս առթիվ ընդամենն ասել է, որ տեղյակ չեն,  թե ով է Հայաստան ներկրել ադրբեջանական խնձորը. «Հաշվի առնելով, որ նման դեպք է արձանագրվել, մեր կառույցը, ՊԵԿ-ի հետ համատեղ, զբաղվում է, որպեսզի Երեւանում եւ մարզերում բացահայտի վերջնական խմբաքանակը։ Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, քանի որ ՍԱՊԾ-ի բազայում այն առկա չէ»։

Իսկ ընդհանրապես, եթե մի կողմ թողնենք բոլոր կարծրատիպերը, ապա եթե տեսականորեն մոտենանք այս հարցին, Հայաստանում ադրբեջանական խնձորը վաճառելու մեջ որեւէ արտառոց բան չպետք է տեսնել։ Եթե օրենքով արգելված չէ, ապա խնդիր չպետք է լինի։ Ընդհակառակը, այս փաստից էլ կարելի է քաղաքական դիվիդենտներ շահել, ցույց տալ, որ Հայաստանում նորմալ, հանդուրժող հասարակություն է, որը հիվանդագին դրսեւորումներ չունի Ադրբեջանի հանդեպ, ինչպես որ դա անում է Ադրբեջանի իշխանությունը։ Ահագին քարոզչական օգուտներ կարելի է քաղել։ Բայց միայն այն բանից հետո, երբ այս խնձորի պատմության մեջ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30