22.09.2017 11:14 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ձեն չկա

Դեպի անվտանգության նոր գոտիներ

Դեպի անվտանգության նոր գոտիներ

ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, թե ներկայումս բանակցություններ են ընթանում Արցախի համար վտանգ չներկայացնող որոշ տարածքների վերադարձի շուրջ, լուրջ իրարանցում է առաջացրել իշխանական վերնախավում։ Թե ինչու՝ փոքր-ինչ անհասկանալի է, որովհետեւ Էդուարդ Նալբանդյանը նոր բան չի ասել. Սերժ Սարգսյանը երբեւէ չի էլ թաքցրել, որ ազատագրված տարածքների վերադարձը բանակցությունների օրակարգում է։ Իսկ դա նշանակում է, որ տարօրինակը ոչ թե Նալբանդյանի հայտարարությունն էր, այլ դրան հաջորդած արձագանքները։

Նրա տեղակալը՝ Շավարշ Քոչարյանն, օրինակ, անմիջապես հայտարարեց, որ Հայաստանը դեռ մի բան էլ խստացրել է դիրքորոշումը, որովհետեւ խոսում է միայն անվտանգության տեսանկյունից երկրորդական տարածքների մասին, իսկ միջազգային հանրությունը խոսում է բոլոր տարածքները վերադարձնելու մասին՝ բացի «ապահով ցամաքային միջանցքից» (որը, սակայն, «չի կարող ներառել Լաչինի ողջ շրջանը»)։ Այսինքն՝ ստացվում է, որ մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունները բանակցում էին նաեւ անվտանգության տեսանկյունից խիստ կարեւոր տարածքների վերադարձի շուրջ։

Էլ ավելի տարօրինակ էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի արձագանքը։ Նա հայտարարեց, թե ինքը այդպիսի տարածքներ չգիտի (որոնց վերադարձը Արցախի անվտանգությանը չի սպառնում), ու ավելացրեց, թե հակառակը՝ մեզ նոր տարածքներ են պետք։ Եթե նման բան հայտարարեր որեւէ քաղաքական գործիչ՝ ամեն ինչ նորմալ կլիներ, բայց Մովսես Հակոբյանը երեւի կարող էր գլխի ընկնել, որ ինքը Հայաստանի՛ Զինված ուժերի շտաբի պետն է, իսկ անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ «հավելյալ տարածքները» Ղարաբաղին են պետք։ Առավել եւս, որ պաշտոնապես հակամարտությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, իսկ Հայաստանն ընդամենը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, Հայաստանն իր բոլոր կարողություններով օգնության կհասնի, իսկ եթե դրա արդյունքում Ադրբեջանը նոր տարածքներ կորցնի՝ կներեք, բայց այդ հարցով արդեն ԼՂՀ իշխանություններին դիմեք։ Համենայն դեպս՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը սա է։ Քանի դեռ մի քանի ծանծաղամիտներ չեն փորձում պետական շահի հաշվին հայրենասեր երեւալ։ Ինչեւէ։

Բարեբախտաբար՝ Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը երկրորդ պլան մղվեց ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի արտասանած ելույթի շնորհիվ, որտեղ նա, համենայն դեպս՝ ՀՀԿ-ականների կարծիքով, «Ադրբեջանի պորտը տեղը դրեց»։ Իրականում իր այդ ելույթում Սերժ Սարգսյանը երկու կարեւոր սխալ թույլ տվեց։ Առաջին՝ գրեթե ողջ ելույթը նվիրեց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առկա պրոբլեմներին ու դրանով իսկ Հայաստանը դիրքավորեց որպես մի երկիր, որն արտաքին աշխարհին հետաքրքրում է ընդամենը նրանով, որ պրոբլեմներ ունի երկու հարեւանների հետ։ Երկրորդ՝ նա հայկական սփյուռքը ներկայացրեց որպես քաղաքական գործոն, մինչդեռ այս հարցում քաղաքակիրթ աշխարհի դիրքորոշումն այլ է՝ սփյուռքահայերը (եւ ընդհանրապես՝ ցանկացած այլ սփյուռքի ներկայացուցիչներ) առաջին հերթին այն երկրների քաղաքացիներն են, որտեղ բնակվում են։ Լոբբիստական գործունեությունը՝ ուրիշ, բայց ՄԱԿ-ի ամբիոնից նման թեմաներով խոսելն ընդունված չէ։

Ղարաբաղյան հակամարտությունը որպես քաղաքակրթական առճակատում (քաղաքակիրթ ԼՂՀ-ի եւ բարբարոս Ադրբեջանի միջեւ) ներկայացնելը ճիշտ քայլ էր, միայն թե՝ որեւէ արդյունք չի ունենա։ Նախ՝ որովհետեւ Հայաստանն առաջին հերթին ընկալվում է ոչ թե որպես ազատատենչ պետություն, այլ որպես ԵԱՏՄ անդամ, եւ երկրորդ՝ ավտորիտար Ադրբեջանին հակադրվելու համար պետք էր գոնե հնարավորություն ստեղծել, որ տասը տարին մեկ պետության առաջին դեմքը փոխվի, մինչդեռ մերոնք ճիշտ հակառակն արեցին՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ ԼՂՀ-ում։ Արդյունքում՝ արձանագրվեց, որ մենք «ժողովրդավարության կղզյակ» չենք, պրոբլեմներ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Ռուսաստանի դաշնակիցն ենք, Ռուսաստանն էլ զենք է վաճառում եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Թուրքիային։ Միջազգային հանրությունից էլ աջակցություն ակնկալելու իրավունքից զրկված ենք։

 Մնում է միայն անվտանգության նոր տարածքներ վերցնելը։ Սփյուռքի աջակցությամբ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30