05.05.2017 05:19 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Հաղորդում հանցագործության մասին

Երեկ ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց արտագաղթի մասին, որոնք այլ կերպ, քան հաղորդում հանցագործության մասին, հնարավոր չէ որակել։ Գագիկ Եգանյանը ՀՀ-ում արտագաղթի փուլերը երեք մասի է բաժանել։

«92-94 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ։ Այդ երեք տարիների ընթացքում բնակչության «կորուստը» կամ արտագաղթի պատճառով նվազումը կազմեց շուրջ 600 հազար։

1995-2001թթ. երկրորդ փուլն էր, որը համեմատաբար կայունացման փուլ էր, բայց էլի բարձր մակարդակի վրա մնաց արտագաղթը։ Մենք այդ յոթ տարիների ընթացքում ունեցանք շուրջ 250 հազարի հասնող բնակչության «կորուստ»։

Երրորդ փուլը սկսվում է 2002թ.-ից եւ բաժանվում երկու առանձին մասերի. 2002-2006թթ. եւ ապա 2007-2012թթ.։ 2002-2006թթ.-ի ընթացքում տարեկան արտագաղթը ՀՀ-ից կազմել է 26-27 հազար մարդ, իսկ 2007-2012թթ. արտագաղթի տեմպերն ավելի աճել են՝ տարեկան 30 հազարի չափով ՀՀ քաղաքացի է լքում երկիրը»։ Եվ ըստ պրն Եգանյանի՝ 2012թ.-ից հետո այդ տեմպերը պահպանվում են։

1992-94 թվականների արտագաղթի պատճառների մասին շատ է խոսվել, դրանք բոլորին հայտնի են, պատերազմի եւ շրջափակման ամենածանր ժամանակահատվածն է եղել։ Այսինքն, արտագաղթը օբյեկտիվ պատճառ է ունեցել։

1995-2001 թվականներին` թեպետ Գագիկ Եգանյանը դա չի ասել, արտագաղթի հիմնական ալիքը սկսել է 1998 թվականից։ Այսինքն, իրականում պետք է երկու փուլով սա ներկայացնել` 1995-1998, եւ 1998-2001։ 1998 թվականից հետո երկրում սկսվեց տնտեսության մոնոպոլիզացիայի գործընթացը, հարձակումը միջին խավի վրա, որն արդեն բավական լուրջ կշիռ էր կազմում, եւ որպես հետեւանք, աշխատանքից ու բիզնեսից զրկված տասնյակ հազարավոր քաղաքացիների արտագաղթը։

Դրանից հետո` բացառությամբ մեկ տարվա, եթե ճիշտ ենք հիշում. 2007 թվականին, Հայաստանի բնակչությունը արտագաղթի հաշվին նվազել է։ Բայց ամենահետաքրքիրը. որ պաշտոնապես էլ չեն կարող թաքցնել, այն է, որ 2012-ից ի վեր արտագաղթի տեմպերը աճել են։ Ինչո՞ւ։ Եթե 2008-ից սկսված արտագաղթի բարձր տեմպերը բացատրում էին համաշխարհային տնտեսական ճգնաժամով, ապա 2012-ից ի վեր նման ճգնաժամ չի եղել։ Ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։

Պատճառը շատ տրիվիալ է. մարդիկ այստեղ արժանապատիվ կյանքի իրավունքից զրկված են։ Մարդիկ զրկված են ընտրության իրավունքից, զրկված են խաղաղությունից, նրանց իրավունքները պաշտպանված չեն, նրանց սեփականության, բիզնեսի անձեռմխելիությունը երաշխավորված չէ։ Իրենց եւ իրենց երեխաների բարեկեցությունն ապահովելու որեւէ հեռանկար չեն տեսնում։ Մի՞թե արտագաղթի նման տեմպերը հանցագործություն չէ։ Ամեն տարի Հայաստանը զրկվում է Գորիսի չափ մի քաղաքից։

ՆԱԽԱԴԵՊ ՉԿԱ

Իհարկե, այս փաստը հնարավոր չէ ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացնել, բայց երբ բողոքարկվում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, պետք էր ՍԴ-ի դատավորներին ու Գագիկ Հարությունյանին մի հարց տալ. պատմության մեջ որեւէ դեպք գիտե՞ն, որ երկրում արտագաղթ լինի, տնտեսական սոսկալի անկում, անարխիա, անարդարություն, մոնոպոլ տնտեսություն, կոռուպցիա, ու իշխող ուժը ավելի շատ քվե ստանա, քան նախորդ ընտրություններում, ընտրություններին ավելի շատ մարդ մասնակցի, քան նախորդին։ Թող գոնե մեկ օրինակ բերեն։ Այսինքն, արտագաղթի այսպիսի վիճակագրությունը եւս մեկ անգամ վկայում է ընտրական համակարգի կատարյալ փոշիացման մասին։

Նորմալ երկրներում եթե տնտեսական աճը դանդաղում է, էլ չենք խոսում անկման մասին, իշխող ուժը, վարչապետը, նախագահը կարող են հերթական ընտրություններում հաջողության հույս չունենալ։ Դա նրանց քաղաքական կարիերայի վախճանը կլինի։ Ու սա դեռ մենք միայն տնտեսական ցուցանիշների գործոնն ենք նշում։ Ավելի վատ է լինում, եթե քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները թաղվում են կոռուպցիոն սկանդալների մեջ։ Կամ` պաշտոնական դիրքի չարաշահման փաստեր են ի հայտ գալիս։ Ֆրանսիայում, ի դեպ, Մակրոնի հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն էր, որ նրա հիմնական մրցակիցները, հատկապես սոցիալիստները, բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնվեցին։ Ու արդյունքում տակը մնաց Մարի Լը Պենը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30