19.02.2016 13:30 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ելք փնտրենք

Թանկացումները ձեռնտու են իշխանություններին

Թանկացումները ձեռնտու են իշխանություններին

Հայաստանում իշխանությունների եւ հասարակության միջեւ սոցիալ-տնտեսական երկխոսությունը սովորաբար ընթանում է բավականին պարզունակ սխեմայով. ժողովուրդը «մուննաթ է գալիս», իշխանություններն էլ փորձում են արդարանալ։ Եվ վերջ։

Արտակ Շաբոյանն էլ օրումեջ հայտնվում է հեռուստաէկրաններին ու փորձում կմկմալով բացատրել, թե բա գիտեք` ալյուրն էժանացել է, բայց հացը չի էժանացել, որովհետեւ հոսանքը թանկ է, ով ուզում է էժան բանան բերել` թող գնա բանան բերի, ինքը դրա հետ գործ չունի, թե ինչու է բենզինը Հայաստանում երկու անգամ ավելի թանկ, քան Ռուսաստանում` կոմերցիոն գաղտնիք է եւ այլն։ Եթե անկեղծ լիներ, պիտի ասեր, որ Հայաստանում համարյա ամեն ինչ չպատճառաբանված թանկ է երկու պատճառով։ Առաջին` որովհետեւ ամեն տեղ մենաշնորհներ կան, մենաշնորհ ունեցողներն ինչ գին ուզում` սահմանում են, ու որեւէ մեկը նրանց բան չի ասում, որովհետեւ բոլորը «մերոնքական են», եւ երկրորդ` պետությանը ձեռնտու է, որ Հայաստանում ամեն ինչ թանկ լինի, որովհետեւ տնտեսության կառուցվածքն է այդպիսին։

Մենաշնորհների հարցում կարծես թե ամեն ինչ պարզ է` բոլորը անուն առ անուն ճանաչում են «ոլորտների պատասխանատուներին», գիտեն, թե ով ինչ ապրանք է բերում, ինչ գերշահույթներ է ստանում եւ այլն։ Այնպես որ` անցնենք տնտեսության կառուցվածքին, այսինքն` դրա տրամաբանությանը։ Հայաստանում գործում է հետեւյալ սխեման. երկրում համարյա ոչինչ չի արտադրվում, մարդիկ դրսում փող են աշխատում եւ ուղարկում Հայաստան, այդ փողով Հայաստանում մնացածները առնում են օլիգարխների ներկրած ապրանքները, օլիգարխներն էլ գերշահույթներ են ստանում եւ այդ շահույթի մի մասը որպես հարկ վճարում պետությանը։ Այսինքն` եթե ապրանքներն էժանանան, օլիգարխների գերշահույթները կնվազեն, հետեւաբար` կնվազեն նաեւ նրանց վճարած հարկերը, եւ պետությունը «տակ կտա»։

Կոնկրետ օրինակ բերենք։ Ենթադրենք` ինչ-որ մեկը (հաստատ չեք կռահի, թե ով) տարեկան 20 հազար տոննա շաքարավազ է ներկրում Հայաստան, եւ քանի որ մրցակից չունի` կիլոգրամի մեջ 50 դրամ շահույթ է ապահովում։ Ստացվեց մեկ միլիարդ դրամ։ Ենթադրենք` սաստիկ պարտաճանաչ հարկատու է եւ դրանից 300 միլիոնը վճարում է որպես հարկ։ Հիմա տեսեք` եթե մրցակցություն լինի, եւ այդ 20 հազար տոննան ներկրեն, ասենք, տասը տարբեր գործարարներ, գները կիջնեն, եւ նրանցից յուրաքանչյուրը կիլոգրամի մեջ կունենա ոչ թե 50, այլ 25 դրամ շահույթ։ Համապատասխանաբար էլ կնվազեն վճարված հարկերը, եւ բյուջե կմտնի արդեն ոչ թե 300, այլ 150 միլիոն դրամ։ Եվ այնպես էլ չէ, որ եթե շաքարավազն էժանացավ` սպառումը կտրուկ ավելանալու է։ Ինչքան ուզում է` էժանանա, հո մարդիկ գդալով շաքարավազ չե՞ն ուտելու, սպառման ծավալների տարբերությունը չնչին է լինելու։ Ահա եւ ստացվում է, որ իշխանություններին մրցակցությունը ձեռնտու չէ, դրա արդյունքում ե՛ւ բյուջեի մուտքերը կնվազեն, ե՛ւ իրենց անձնական փայը կպակասի (որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որեւէ օլիգարխի հենց այնպես մենաշնորհ չեն տալիս)։

Նույն սխեման է գործում նաեւ մյուս ոլորտներում` գազ, բենզին, էլեկտրաէներգիա, ալյուր եւ այլն։ Ինչքան թանկ լինի` այնքան լավ իշխանությունների համար։ Նրանք, որպես կանոն, այս տրամաբանությունից շեղվում են միայն այն դեպքերում, երբ բողոքի ալիք է բարձրանում, բայց նույնիսկ այդ դեպքերում առանձնապես զիջումների չեն գնում։ Ի՞նչ ունեն անհանգստանալու։ Շատ-շատ` արտագաղթի ծավալները պիտի ավելանան, բայց իրենց համար դա նույնիսկ լավ է. ավելի շատ գումար կուղարկեն դրսից, եւ սխեման կշարունակի գործել։ Քաղաքական ցնցումներից էլ կարելի է խուսափել` օրինակ, գերշահույթների մի մասը քաղաքական եւ քարոզչական պրոյեկտների վրա ծախսելով, ընդդիմադիր դաշտի հաճախորդներին հզորացնելով, ոստիկանության ու ներքին զորքերի «տեխնիկական հագեցածության աստիճանը» բարձրացնելով եւ այլն։ Միեւնույն է` ավելի էժան է նստում։

Մի խոսքով` պետք է ոչ թե «մուննաթ գալ» ու սպասել, թե այս անգամ ինչ անհեթեթ արդարացումներ են գտնելու, այլ փոխել տնտեսական կառուցվածքի տրամաբանությունը։ Պարզ ասած` այնպես անել, որ իշխանություններին ձեռնտու չլինեն համատարած թանկացումները։ Ու քանի որ այս իշխանությունների դեպքում դա անհնար է, պետք է իշխանափոխության ուղիներ փնտրել։ Եվ ոչ թե օրը մի քանի անգամ ինֆարկտի հասնել` Արտակ Շաբոյանի կամ մեկ այլ չինովնիկի անիմաստ «բացատրությունները» լսելով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30