12.06.2013 18:21 Արթուր Մինասյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սութի դեմոկրատները

Իմիտացիոն ժողովրդավարության առանձնահատկությունները

Կեղծված ընտրությունների ու Մարտի 1-ի սպանդի միջոցով զավթելով նախագահի աթոռը` Սերժ Սարգսյանը որդեգրեց գործունեության մի նոր ոճ կամ մարտավարություն, որը էապես տարբերվում էր նախորդ ժամանակաշրջանում իշխանության վարած քաղաքականությունից։ Այդ նոր ոճը, որ հենց ամենասկզբից արտահայտվեց անգամ Սարգսյանի հրապարակային ելույթներում, հետեւողականորեն շարունակվում է մինչեւ օրս։ Նոր մարտավարության հիմքում ընկած է իմիտացիան։

Այն մոդելը, որ Սերժ Սարգսյանն իր հետ բերեց եւ փաթաթեց Հայաստանի քաղաքացիների վզին, դասական քաղաքագիտության մեջ ընդունված է անվանել «իմիտացիոն ժողովրդավարություն»։ Այն նաեւ անվանում են «կառավարելի», «դեկորատիվ» ժողովրդավարություն կամ ուղղակի պսեւդոդեմոկրատիա։

 Իմիտացիոն ժողովրդավարություն ասվածը պետության քաղաքական համակարգի այնպիսի կառուցվածք է, որը բնութագրվում է ժողովրդավարական օրենսդրության ֆորմալ առկայությամբ, ընտրական գործընթացի ֆորմալ գոյությամբ, սակայն քաղաքացիական հասարակության ու ինստիտուտների փաստացի մասնակցությունը պետական կառավարմանն ու դրանց ազդեցությունը իշխանությունների վրա մինիմալ է, իսկ իրավական-նորմատիվ ակտերը, այդ թվում` Սահմանադրությունը դե ֆակտո չեն գործում կամ գործում են մասնակիորեն, իշխանությունների կողմից ընտրողաբար։

Իմիտացիոն ժողովրդավարության պարագայում իշխանությունները արտաքնապես ոչ միայն չեն հակադրվում մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքներին ու չեն վիճարկում դրանք, այլ ուղիղ հակառակը` արտաբերում են այդ սկզբունքներին ու արժեքներին համապատասխանող տեքստեր, ներկայանում են իբրեւ առաջադեմ հայացքների ջատագովներ, բարեփոխիչներ։ Նրանց գործնական քայլերը, նախաձեռնություններն ու վարած քաղաքականությունը որեւէ առնչություն չունի իրենց կողմից հրապարակավ արտաբերված տեքստերի հետ, ինչն էլ հենց թույլ է տալիս երեւույթն անվանել իմիտացիոն։ Այդպիսին է իրավիճակը նաեւ Հայաստանում. Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը եւ բարձրագույն պետական պաշտոններում գտնվող մյուս անձինք առավոտից գիշեր խոսում են բարձր ու վեհ արժեքներից, ժողովրդավարության ու մարդու իրավունքների կարեւորությունից` միաժամանակ ամեն օր ոտնահարելով քաղաքացիների իրավունքներն ու վերարտադրվելով խայտառակ, կեղծված ընտրությունների միջոցով։

Նման քաղաքական համակարգերին հատուկ է նաեւ մեկ կուսակցության գերակայությունը։ Այդ դեպքում պետությունում ռեալ իշխանություն ունի միայն մեկ կուսակցություն, որը մեծամասնություն է կազմում օրենսդիր մարմնում եւ իր ուժերով, միայնակ (կամ իմիտացիոն, արբանյակ կուսակցությունների հետ միասին) ձեւավորում է ողջ կառավարությունը։ Մեկ կուսակցության գերակայությամբ քաղաքական համակարգերը տարբերվում են միակուսակցական համակարգերից նրանով, որ առաջին դեպքում այլ կուսակցությունների գոյությունն իրավաբանորեն թույլատրված է, այլընտրանքային կուսակցություններ գոյություն ունեն, սակայն ստեղծված անհավասար պայմաններով համակարգը դրանց հնարավորություն չի տալիս ընտրությունների կամ այլ միջոցներով իշխանության գալ։ Միակուսակցական քաղաքական համակարգերի դեպքում այլընտրանքային կուսակցությունների գոյությունը որպես կանոն արգելված է օրենքով։ Մեկ կուսակցության գերակայությամբ քաղաքական համակարգ է նաեւ Հայաստանում այսօր գոյություն ունեցողը. թեեւ երկրում գործում են բազմաթիվ կուսակցություններ, այնուամենայնիվ  իշխանությունը` սկսած ամենաբարձր պետական պաշտոններից, վերջացրած` գյուղապետներից ու համատիրությունների ղեկավարներից, հիմնականում գտնվում է Հանրապետական կուսակցության ու դրա արբանյակը հանդիսացող «Օրինաց երկրի» ձեռքում։

Իմիտացիոն ժողովրդավարությամբ քաղաքական համակարգերում իմիտացիոն է համարյա ամեն ինչ` թե՛ խոսքի ազատությունն ու մամուլը, թե՛ բարեփոխումները, թե՛ մոդեռնիզացիոն ծրագրերը, որ նախաձեռնում են նույն իշխանությունները ու թե անգամ նույն այդ իշխանությունների դեմ իբր պայքարող ու քաղաքացիական դիրքերից հանդես եկող տարատեսակ խմբակների, նաեւ` ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որոշ կուսակցությունների գործունեությունը։

Իմիտացիան վտանգավոր է նրանով, որ դրա արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ շատ դժվար է դառնում տարբերել թացը չորից. իրական ընդդիմությունն` իմիտացիոնից, իրական լրատվամիջոցը` գեբելսյան պրոպագանդայի գործիքից, իրական քաղաքացիական շարժումը` Բաղրամյան 26-ի կողմից ուղղորդվողից... Եթե տոտալիտար համակարգի դեպքում ժողովրդի հակառակորդը` իշխանությունն ուզուրպացրած խումբը հստակ է, ուստի հեշտ է այն թիրախավորել ու արդյունավետ պայքարել դրա դեմ, ապա այս դեպքում ողջ դաշտն այնքան է լղոզվում, որ ճիշտ կողմնորոշվելն անգամ քաղաքական գործընթացներին ոչ այնքան ուշադիր հետեւող քաղաքացու համար հեշտ չէ։ Բացի այդ, տոտալիտար համակարգերի դեպքում ռեժիմների կողմից վիճարկվում են ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքներն ու սկզբունքները եւ որպես կանոն նրանց կողմից հանրությանն են ներկայացվում ինչ-որ այլընտրանքային, կեղծ գաղափարներ, ուստի այդ համակարգի դեմ հեշտ է պայքարել նաեւ գաղափարական հարթության մեջ։ Իմիտացիոն ժողովրդավարության պարագայում իշխանություններն աչքի են ընկնում անգամ կեղծ գաղափարական սնանկությամբ։ Ճիշտ է, Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը մի պահ փորձում էր քաղաքացիներին կերակրել նացիոնալ-շովինիստական, իբր նժդեհյան գաղափարներով, բայց հանդիպելով քաղաքացիների բուռն ծաղրին` հրաժարվեց նաեւ դրանից։ Այնուամենայնիվ, իմիտացիոն ժողովրդավարությամբ համակարգերը թեեւ տարբերվում են տոտալիտարներից, բայց դրանցում եւս կարող են լինեն տոտալիտարիզմի որոշակի տարրեր։ Հայաստանում, օրինակ, ընտրություններն արդյունավետ կեղծելու նպատակով իշխանությունները ստեղծել են մի տեխնոլոգիա, որի միջոցով մտնելով քաղաքացիներից յուրաքանչյուրի անձնական կյանք` ուղղորդում, վերահսկում ու ճշգրտորեն կանխորոշում են ընտրությունների ելքը։

Իմիտացիոն ժողովրդավարությամբ համակարգերի դեմ պայքարի միջոցները, ուղիներն ու մոտեցումներն էապես տարբեր պետք է լինեն տոտալիտար ռեժիմների դեմ պայքարի մեթոդներից, հակառակ պարագայում դրանք պակաս արդյունավետ կլինեն։ Հաջորդ հոդվածում ընթերցողի դատին կներկայացնենք այդ միջոցների մեր պատկերացումները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30