22.03.2014 18:36 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինտենսիվ գնաճ

Պաշտոնական վիճակագրությունը որպես իրեղեն ապացույց

Պաշտոնական վիճակագրությունը որպես իրեղեն ապացույց

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-փետրվարի տնտեսական ցուցանիշները, եւ, ինչպես միշտ, հեչ սիրուն բան չի ստացվել։ Պարզվել է, որ տնտեսությունն «աճել է» ընդամենը 2,4 տոկոսով, ընդ որում` արդյունաբերությունը նվազել է 4,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 4,4 տոկոսով։

Մի խոսքով` էլի «խիյարը թարս է բուսնել»։ Ճիշտ է, եղած-չեղած աճն արձանագրվել է հենց գյուղատնտեսության հաշվին (որն իբր 4,9 տոկոսով աճել է), բայց բոլորն էլ հասկանում են` գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ կարելի է ցանկացած թիվ կրակել. ստուգելու մեխանիզմներ չկան։

 

Ինչեւէ։ Հնարավո՞ր է արդյոք պաշտոնական վիճակագրության վրա հիմնվելով` գոնե մոտավոր պատկերացում կազմել տնտեսության վիճակի մասին։ Պատկերացրեք` հնարավոր է։ Օրինակ, արտահանման եւ ներմուծման ծավալները կեղծելն այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ սահմանի վրա ամեն ինչ ֆիքսվում է։ Ընդ որում` ֆիքսվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ այն երկրներում, որտեղ արտահանվում է ապրանքը կամ որտեղից ներկրվում է. եթե միայն Հայաստանում ֆիքսվեր` կեղծելու հարցում պրոբլեմներ չէին լինի։ Սա արձանագրենք ու փորձենք հիշել, թե ինչի մասին էր խոսում վարչապետ Տիգրան Սարգսյանը մի տարի շարունակ։ Ճիշտ է, խոսում էր արտահանումը խթանելու մասին։ Իսկ հիմա փորձեք կռահել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն ավելացե՞լ է, թե՞ պակասել։ Կռահեցիք, 3,2 տոկոսով պակասել է։ Թե ինչու` հասկանալի է. որովհետեւ Տիգրան Սարգսյանը «հատուկ ուշադրություն է դարձրել այդ խնդրին»։ Այդ մարդը ժամանակին Հայաստանով մեկ անուն հանած «Շկոլ» մականունով բժշկի պես է` ինչով «մոտիկից զբաղվում է», հետեւանքներն աղետալի են լինում։

Բայց պաշտոնական վիճակագրությունն ուրախալի փաստ էլ է արձանագրել։ Այս տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ առեւտրաշրջանառությունը 4,4 տոկոսով աճել է։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ մարդիկ 4,4 տոկոսով ավելի շատ սննդամթերք ու հագուստ են գնում։ Ոչ, չի նշանակում, որովհետեւ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն` այդ ընթացքում գնաճը եղել է 5,1 տոկոս։ Հասկանալի է, որ սա ծիծաղելի թիվ է` նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ էլեկտրաէներգիան թանկացել է 28 տոկոսով, գազը` 18 տոկոսով, իսկ բնակչության մեծամասնությունն իր վաստակի կեսից ավելին գազի ու հոսանքի վրա է ծախսում, հետեւաբար` իրական գնաճն առնվազն 10-12 տոկոս է։ Բայց եթե նույնիսկ որպես հիմք ընդունենք պաշտոնական տվյալները, միեւնույն է` ստացվում է, որ մարդիկ ավելի քիչ են օգտվել ապրանքներից եւ ծառայություններից, այսինքն` սկսել են ավելի վատ ապրել։

Կառավարությունն այս տարի թոշակները բարձրացնելու համար լրացուցիչ 29 միլիարդ դրամ է հատկացրել (մոտ 70 միլիոն դոլար) ու հիմա «լացում է»` իբր դա հսկայական բեռ է բյուջեի համար, բայց արդյունքը բավարար չէ։ Այդ նույն կառավարությունը միայն վերջին երկու ամիսների ընթացքում պետական պահուստներից վաճառքի է հանել մոտ 100 միլիոն դոլար` դրամի արժեզրկումը կանխելու համար։ Պարզ ասած` «էժան դոլար» է վաճառել օլիգարխներին։ Ինքը` Տիգրան Սարգսյանը, շարունակում է օրումեջ հատուկ չվերթներ պատվիրել իր անիմաստ ուղեւորությունների համար` ամեն անգամ բյուջեից վճարելով տասնյակ հազարավոր դոլարներ։ Երեւանի քաղաքապետարանը տարեկան մոտ 200 հազար դոլար է հատկացնում քաղաքը դրոշներով զարդարելու համար, ամեն տարի բյուջեից մոտ կես միլիարդ դրամ է հատկացվում ՀՀԿ ջահելների «կայֆերի» համար եւ այլն։

Այսինքն` այնպես չէ, որ Հայաստանում փող չկա։ Խնդիրն այն է, որ այդ փողն իշխանությունները ծախսում են իրենց ուզածի պես` բացառապես սեփական կարիքների համար։ Պարզ ասած` վատ են աշխատում։ Ընդ որում, այդ «վատ աշխատանքը» շատ մանրամասն նկարագրված է քրեական օրենսգրքի տասնյակ հոդվածներում. տուժող կողմն էլ ՀՀ ողջ ազգաբնակչությունն է, որը, պաշտոնական վիճակագրության համաձայն, ավելի վատ է ապրում, քան մեկ տարի առաջ։ Մի խոսքով` հանցագործության փաստն ակնհայտ է, ապացույցները հրապարակված են, կատարողները հայտնի են, տուժողները` նույնպես։ Մնում է միայն համապատասխան քրեական գործ հարուցել (հասկանալի է` «գողոնի առգրավմամբ»)։ Այլ հարց է, որ Հայաստանում դա կոչվում է «կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց», բայց ձեւակերպումներն էական չեն։ Էականն այն է, որ տուժող կողմը հայց ներկայացնի եւ ակտիվորեն ներգրավվի «դատական պրոցեսում»։ Իսկ Տիգրան Սարգսյանին կարելի է դատարանի դահլիճ բերել թեկուզ չարտերային «ուազիկով»` եթե դրանից իրեն ավելի լավ կզգա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30