Հիշեցնենք, որ երեկ Կոնգրեսը հրապարակել է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հիմնավորումների նախագիծը։ Զուրաբյանը նշեց, որ իրենք ամեն պահի պատրաստ են իրենց ստորագրությունը դնել համապատասխան փաստաթղթի տակ, եթե դրան միանան այլ խմբակցություններ եւս։ Ինչ վերաբերվում է Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի այցին, որին ԱԺ խմբակցությունները կարող էին մեկական հարց ուղղել, ապա Ռոմպոյը երեկ ԱԺ-ում այդպես էլ չի պատասխանել որեւէ մեկի հարցին։ Զուրաբյանը նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը իրեն տեղեկացրել էր, որ խմբակցությունները կարող են ԱԺ-ում մեկական հարց հնչեցնել։ Ապա, Զուրաբյանի խոսքերով, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, թե հարցերը պետք է նախապես փոխանցվեն իրենց` գրավոր, եւ մինչեւ նախօրեին ժամը երեկոյան 6-ը։ Կոնգրեսը իր հարցը` հայերեն եւ անգլերեն տարբերակներով մինչեւ ժամը 6-ը փոխանցել էր ԱԺ, սակայն այդ հարցերը այդպես էլ չեն հնչեցվել Ռոմպոյի ելույթից հետո, եւ ոչ էլ վերջինս էր անդրադարձել այդ հարցերին։ «Մեզ հնարավորություն չի տրվել առանց ԱԺ կառույցների` այդ հարցը ներկայացնել Ռոմպոյին»,- նշեց Զուրաբյանը։