30.06.2012 03:07 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հիվանդների պակաս չկա

Տխմարության շքահանդեսը

Տխմարության շքահանդեսը

Վերջերս Հայաստանում նոր երեւույթ է ի հայտ եկել` ամեն ինչի համար մեղադրում են լրատվամիջոցներին։ Սկզբում Տիգրան Սարգսյանն էր ասում, թե եթե ճգնաժամի մասին քիչ խոսենք, ճգնաժամը Հայաստան չի հասնի (շատ խոսողները, հասկանալի է, լրատվամիջոցներն էին), հետո ինչ-որ հոգեբաններ հեռուստաեթերից հայտարարում էին, թե մամուլն ինչքան շատ է գրում ինքնասպանությունների մասին, այնքան դրանց թիվն աճում է, հետո տարբեր պաշտոնյաներ հայտարարում էին, թե մամուլի նեգատիվ հրապարակումներն են խթանում արտագաղթը եւ այլն։

Ինչպես տեսնում եք, տխմարության այս շքահանդեսը լավ էլ համակարգված է, ինչը ենթադրում է, որ իշխանությունները կոնկրետ խնդիր են լուծում։ Ավելի ճիշտ` փորձում են լուծել։ Ըստ էության նրանք պայքարում են ոչ թե լրատվամիջոցների, այլ հասարակության իրազեկվածության դեմ եւ լրջորեն կարծում են, որ եթե հասարակությունը ոչ մի բանից տեղյակ չլինի, դժգոհություններ էլ չեն լինի, եւ իրենց իշխանությանը ոչինչ չի սպառնա։ Տեսեք` ընդամենը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ նոր կառավարության նիստում ու ասաց, որ կառավարությունը պիտի լավ աշխատի, որովհետեւ այսօր մեր հասարակությունն ավելի բաց է։ Չի ասում` պիտի լավ աշխատեք, որպեսզի երկրի վիճակը լավանա, ասում է` պիտի լավ աշխատեք, որովհետեւ բոլորն ամեն ինչ տեսնում են։

Բայց ցանկացած անհատի կամ կառույցի (օրինակ` կառավարության) մտավոր ունակությունների մասին կարելի է շատ հստակ պատկերացում կազմել` ելնելով նրանից, թե ի՞նչ նպատակ է դրել վերջինս իր առջեւ։ Օրինակ` եթե մեկն ունի տախտակի չորս կտոր եւ ցանկանում է սարյակի բույն կառուցել, դա նորմալ է, իսկ եթե մեկն ունի ձմերուկի երեք կեղեւ եւ իր առջեւ նպատակ է դրել տիեզերանավ կառուցել, կարող եք չկասկածել` գործ ունեք կատարյալ ապուշի հետ։ Հենց այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել իշխանությունների` հասարակությանն ինֆորմացիայից զրկված պահելու ցանկությունը։ 2008թ. մարտի 1-ից հետո, ի դեպ, նրանք հենց այդպես էլ արեցին. առաջին բանը, որ ձեռնարկեցին, թերթերի տպագրությունն արգելելն էր։ Ապուշություն էր, իհարկե, որովհետեւ ինֆորմացիայի տարածման այլընտրանքային ուղիների պակաս չկար, բայց մենք տվյալ դեպքում իշխանությունների հիվանդ մտածողության մասին ենք խոսում։

Տեսականորեն, իհարկե, հիմա էլ կարող են ինչ-որ պատճառաբանությամբ արգելել բոլոր լրատվամիջոցները կամ հատուկ օրենքով պարտադրել տարածել միայն լավ լուրեր, կարող են արգելել բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները` բացի «Հ1»-ից, որն էլ կաշխատի հետեւյալ սխեմայով. «Ընկ. Ս. Սարգսյանի ճառը, ընկ. Է. Շարմազանովի պատասխանը միջազգային մութ ուժերին, բերքի տոն «Նժդեհյան ուղիով» օրինակելի այգեգործական տնտեսությունում, եղանակի տեսություն»։ Բայց արդյո՞ք դրանից ինչ-որ բան կփոխվի։ Լավ, ենթադրենք` համացանցն ու ֆեյսբուքն էլ վերահսկեցին ու ինչ-որ ծրագիր մշակեցին, որ «Սերժիկ», «արտագաղթ», «գնաճ», «Սաշիկ» եւ այլ բառեր օգտագործելու դեպքում համակարգիչն ինքն իրեն անջատվում է։ Բայց ինչ-որ մարդիկ ժամանակ առ ժամանակ արտասահման են գնում, լինում են տարբեր երկրներում ու վերադառնալուց հետո պատմում են, որ բա չեք ասի` երկրներ կան, որտեղ կենսաթոշակով հնարավոր է ապրել, երկրներ կան, որտեղ կարելի է միլիոնատերերի կողքով անցնել եւ ողջ մնալ, երկրներ կան, որտեղ ոստիկաններն ու դատավորները կաշառք չեն վերցնում եւ այլն։

Այսինքն` հնարավոր չէ ինֆորմացիոն վակուումի մեջ պահել հասարակությանը։ Դա նույնիսկ խորհրդային տարիներին հնարավոր չէր, առավել եւս` հնարավոր չէ հիմա, երբ համակարգչի մեկ-երկու կոճակ սեղմելով կարելի է տեղեկանալ, թե ինչ արժե, ասենք, պանիրը Սինգապուրում, որքան է միջին աշխատավարձը Կոստա-Ռիկայում կամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ով քանի առանձնատուն ունի աշխարհի տարբեր երկրներում եւ ով որ կազինոյում է գտնվում տվյալ պահին։ Պարզ ասած` հասարակությանն ինֆորմացիոն վակուումի մեջ պահելն ու տխմար քարոզչությամբ հիմարացնելը ձմերուկի կեղեւներով տիեզերանավ կառուցելու  պես բան է։ Իսկ մենք արդեն գիտենք, թե ինտելեկտուալ ինչ մակարդակի վրա են գտնվում իրենց առջեւ այդպիսի նպատակ դնողները։ Այլ հարց է, որ միայն իմանալը քիչ է, պետք է նաեւ ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Բայց սա արդեն բոլորովին այլ թեմա է։

 Հ. Գ. Խորհրդային տարիների հայտնի անեկդոտը հիշում եք, չէ՞, որտեղ Պոլիտբյուրոյի անդամներին հրապարակավ «ապուշներ» անվանածին դատում են, բայց ոչ թե վիրավորանք հասցնելու, այլ պետական գաղտնիք հրապարակելու համար։ Սույն հոդվածն այդ ճակատագրին արժանանալ չի կարող, որովհետեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների համապատասխան հայտարարությունները համացանցի միջոցով վաղուց տարածվել են աշխարհով մեկ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30