27.06.2013 20:12 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Օֆշորը խուժանանոց չի

Օֆշորն ու իրականությունը

Գրեթե մեկ ամիս է, ինչ Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ «օֆշորային» սկանդալը։ Այն բանից հետո, երբ «Հետքը» դրա վերաբերյալ փաստեր հրապարակեց, որտեղ գլխավոր գործող անձինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը եւ գործարար Աշոտ Սուքիասյանը, թվում էր, թե այս սկանդալը կարող է պաշտոնանկությունների, հրաժարականների շղթա առաջացնել։ Ի վերջո, խոսքը բավական խոշոր, մի քանի միլիոն դոլարի յուրացումների մասին է։

Հենց սկզբից վարչապետը հայտարարեց, որ բացարձակապես տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, եւ որ ընդհանրապես, օֆշորում կարելի է ուրիշի անունով շատ հանգիստ կազմակերպություն բացել։ Երեկ նույնը կրկնեց նաեւ Նավասարդ Կճոյանը, «որ օֆշորում կազմակերպության գրանցման հարցում որեւէ մեկի անունն առանց իր իմացության օգտագործելը մեծ ջանք չի պահանջում»։ Այդ ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ Աշոտ Սուքիասյանը, որ դատախազությանը հղած նամակում նշել էր, թե օֆշորային՝ WLISPERA HOLDINGS LIMITED կազմակերպության հիմնադիրը ինքն է. «Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության։ Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից։ Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»։ Իհարկե, բավական անհեթեթ պատճառաբանություն է, որին ոչ ոք չի հավատում, բայց այստեղ էականը դա չէ։ Իսկապե՞ս հնարավոր է այդքան հեշտությամբ այլ մարդկանց անունով, առանց նրանց իմացության եւ համաձայնության օֆշորում կազմակերպություն բացել, բաժնեմասեր գրել։

Հարկ է այդ հարցում պարզություն մտցնել։ Նախ, թերեւս ամենամեծ մոլորությունն այն է, թե Կիպրոսը մի օֆշորային գոտի է, որտեղ ում մտքով ինչ անցնի, կարող է անել։ Վարչապետի եւ Կճոյանի ասածը դա էր։ Իրականում դա այդպես չէ։ Եթե ժամանակին միգուցե դա հնարավոր էլ լիներ, ապա այժմ Կիպրոսում բոլորովին այլ իրավիճակ է։ 2004թ. մայիսին Եվրամիությանը անդամակցելուց հետո Կիպրոսում ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը համապատասխանեցվել է Եվրամիության նորմերին։ Նույնիսկ գլոբալ առումով Կիպրոսը այլեւս օֆշորային գոտի չի համարվում, որովհետեւ այնտեղ ընկերություն գրանցելու համար պետք է անցնել ամբողջ այն գործընթացով, որը առկա է ԵՄ մյուս երկրներում, պարտադիր պետք է ամեն տարի հաշվետվություն ներկայացնել, անցկացնել բաժնետերերի ժողով։ Կիպրոսի առավելությունն առաջին հերթին նրա հարկային ցածր դրույքաչափերն են, երկրում կազմակերպությունների գրանցման պարզությունը, մատչելիությունը եւ չափազանց ցածր տուրքերը։

Ինչպե՞ս է գրանցվում ընկերությունը Կիպրոսում։ Ընկերության համար անվանում ընտրելուց հետո Ընկերությունների գրանցման վարչությանը փաստաթղթերի փաթեթ է ներկայացվում, որոնց թվում՝ Ընկերության Հիմնադրման Պայմանագիրը  (Memorandum of Understanding) եւ Կանոնադրությունը (Articles of Association)։ Բացի դրանից՝ ընկերության հասցեն, նպատակները, բաժնետիրական կապիտալի չափը, եւ այն անձանց ազգանունները,  ովքեր ստորագրել են Պայմանագիրը, որտեղ նշված է բաժնետիրական կապիտալում նրանց մասնաբաժինը։ Ուշադրություն դարձրեք. «ովքեր ստորագրել են»։ Այսինքն, ընկերության հիմնադրման դեպքում պարտադիր է Հիմնադիր փաստաթղթի համար ստորագրությունը։ Նա, ով ընկերություն է գրանցում Կիպրոսում,  Memorandum of Understanding փաստաթղթում պետք է ներկայացնի հիմնադիր անդամների ստորագրությունները, այլ ոչ թե պարզապես նշի այդ մարդկանց անունները։

Բաժնետերերի մասով։ Կիպրոսում ընկերության գրանցման ժամանակ բաժնետերերի մասին պարտադիր պետք է ներկայացվեն հետեւյալ տեղեկությունները. 1. անուն, ազգանուն, 2. քաղաքացիություն, 3. մշտական բնակության հասցեն, 4. գործունեության տեսակը, 5. անձնագրային տվյալները, 6. ծննդյան թիվը, 7. ընկերության մեջ տվյալ բաժնետերին պատկանող բաժնետոմսերի քանակը։

Հիմա փորձենք պատկերացնել. կարո՞ղ էր Աշոտ Սուքիասյանը առանց վարչապետի եւ Կճոյանի իմացության նրանց ընկերության բաժնետեր դարձնել։ Եթե այո, ապա ստացվում է, որ Սուքիասյանը բավական երկար ժամանակ է ծախսել, որպեսզի ոչ օրինական ճանապարհներով ձեռք բերի նրանց անձնագրային տվյալները, փաստաթղթերի պատճենները, ինչը, պետք է ասել, այնքան էլ դյուրին գործ չէ։ Ընդունենք, այդպես էլ արել է։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Որ Հայաստանում ամեն օր կարելի է սկանդալային բացահայտումների պարարտ հող սարքել։ Ասենք, ով ում գլխին ցանկանում է սարքել, շատ չի չարչարվում. վերցնում է իր հակառակորդի անձնագրային տվյալները, գնում է Կիպրոսում նրա անունով ընկերություն գրանցում, բաժնետեր դարձնում, վերադառնում Հայաստան, եւ մի քանի օր հետո բոլորս զարմանքով իմանում ենք, որ այս կամ այն պաշտոնյան, ինչո՞ւ միայն պաշտոնյան, ընդդիմադիր գործիչը, Կիպրոսում ընկերություն ունի, բաժնետեր է, փողեր է լվանում։ Սա քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու հիանալի եւ անխափան գործող ճանապարհ է։ Եվ հետաքրքիր է, թե ինչո՞ւ մինչեւ այժմ որեւէ մեկի մտքով չի անցել նման բան անել։ Լրագրողների մի ամբողջ բանակ են պահում, որ սպասարկեն իրենց շահերը, փող են ծախսում, նյարդեր քայքայում, երբ կա նման հիանալի տարբերակ։

Եթե նման տարբերակը գործեր, ապա Աշոտ Սուքիասյանն էլ չէր ասի, թե ինքն է Տիգրան Սարգսյանի ու Կճոյանի անունով բաժնեմասեր գրել՝ առանց նրանց իմացության։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե ասեր, որ իր անունն էլ են առանց իր իմացության գրանցել։ Եվ բոլորը կսկսեին փնտրել չարակամներին։ Բայց ոչ, օֆշորը օֆշոր, բայց Կիպրոսում հստակ օրենսդրական պահանջներ կան, որոնք հնարավոր չէ շրջանցել։ Փաստաթղթերը ներկայացնելիս այնտեղ ամեն ինչ ստուգում են, այնտեղ հիմար մարդիկ չեն աշխատում, հակառակ դեպքում Կիպրոսը տնտեսական բարենպաստ երկրի համբավ չէր ունենա։ Մենք դեռ Հայաստանն ենք ասում, եթե Աշոտ Սուքիասյանի հիմնավորումներն իսկապես ճիշտ լինեին, ամբողջ աշխարհի խարդախները դրանից կօգտվեին՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական նպատակներով։  

Այլ բան է, որ Կիպրոսում բաժնետերը կարող է իր անունը գաղտնի պահել։ Օրինակ, չի ցանկանում, որ ինչ-որ մարդիկ, կամ քրեական աշխարհը իմանա այդ մասին։ Այդ դեպքում Կիպրոսում հնարավորություն է տրվում նման բաժնետերի փոխարեն գրանցել նոմինալ բաժնետիրոջ (որը, որպես կանոն, Կիպրոսի քաղաքացի է լինում), որը իրական բաժնետիրոջ անունից կարող է ներկայանալ որպես պաշտոնական բաժնետեր, մինչդեռ իրական բաժնետերը գաղտնի է մնում, թեպետ շարունակում է օգտվել իր բաժնետոմսերի եկամուտներից։ Այստեղ Կիպրոսը մի փոքր տարբերվում է ԵՄ երկրներից, բայց նույնիսկ այդ դեպքում Կիպրոսի Կենտրոնական բանկի պահանջով, բաժնետոմսերի իրական տերերի անունները այնտեղ պարտադիր գրանցվում են, ուղղակի գաղտնի են մնում։ Սակայն նույնիսկ այդ գաղտնիությունը Կիպրոսի Կենտրոնական բանկը չի կարող երաշխավորել, եթե նրան դատական հարցում են ուղարկում՝ պահանջելով տվյալ ընկերության եւ նրա իրական մասնակիցների, բաժնետերերի, գործարքների բոլոր տվյալները։ Եթե հարցման հետ ներկայացվում են լուրջ եւ ծանրակշիռ փաստեր, ապա այդ հարցումը բավարարվում է։

Մեծ հաշվով, կարելի էր այսքանն էլ չասել։ Կա Գլխավոր դատախազություն, կան իրավապահ մարմիններ, որոնք HOLDINGS LIMITED-ի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը կարող են ձեռք բերել, ստանալ, ստուգել, վերջապես ճշտել, թե արդյո՞ք ճիշտ է ասում Աշոտ Սուքիասյանը, եւ եթե ճիշտ է ասում, ապա վերականգնել Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի բարի համբավը։

 Հ.Գ. Ի դեպ, երեկ Նավասարդ Կճոյանը խոստովանել է, որ Աշոտ Սուքիասյանի հետ միասին Կիպրոսում է եղել։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31