18.04.2017 04:49 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ընտրությունների հայկական մոդելը

Հայաստանին բացառիկ ընտրակարգ է պետք

Հայաստանին բացառիկ ընտրակարգ է պետք

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից առանձնապես մեծ դժգոհություն չկա։ Ավելին` ԱԺ մտած չորս ուժերն էլ ակնհայտորեն գոհ են (թեեւ թաքցնում են դա)։ ՀՀԿ-ն գոհ է, որովհետեւ մեծամասնություն ունի, Ծառուկյան դաշինքը գոհ է, որովհետեւ ծախսած ռեսուրսներին համարժեք ձայներ է ստացել ու խորհրդարանի երկրորդ ուժն է, Դաշնակցությունը գոհ է, որովհետեւ ոչ միայն 5 տոկոսի շեմը հաղթահարեց, այլեւ երեւի պորտֆելներ էլ կստանա, «Ելքն» էլ գոհ է, որովհետեւ պրոյեկտը հաջողվեց։

Բայց արդյո՞ք այս ընտրություններից հետո երկրի վիճակը լավացավ, եւ առկա պրոբլեմները վերացան։ Ճիշտ հակառակը` սպասվում են տնտեսական ցնցումներ ու արտագաղթի նոր ալիք, իսկ ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու հույսերը վերջնականապես թաղվեցին, որովհետեւ ընտրական համակարգն ինքը «թաղվեց»։

Թե ինչու հասարակության մի զգալի մասը 10 հազար դրամի դիմաց հրաժարվեց իր ընտրական իրավունքից` հասկանալի է։ Պատճառը ոչ միայն մարդկանց սոցիալական ծանր վիճակն էր, այլեւ այն, որ ընտրակաշառքից հրաժարվելը վտանգավոր էր` իշխանությունները հետո կարող էին ինչ-որ ձեւով վնաս տալ «ըմբոստներին»։ Բայց համաձայնվեք նաեւ, որ հասարակությունը մի տեսակ հեշտությամբ հրաժարվեց ընտրելու իր իրավունքից, կարելի է ասել` առանց պայքարի։ Ինչո՞ւ։

Որովհետեւ հասարակությունն ընտրելու  իր իրավունքը պայքարով չէր ձեռք բերել, ձրի էր ստացել։ Իսկ մարդիկ ձրի ստացած բաներից հեշտությամբ են հրաժարվում։ Որպես կանոն` այն ժողովուրդները (կամ առանձին խավերը), որոնք տասնամյակներով կամ նույնիսկ հարյուրամյակներով պայքարել են իրենց ընտրական իրավունքի համար, հետո այդ իրավունքը հեշտությամբ չեն վաճառում եւ ընտրակաշառք չեն վերցնում։ Ասվածն, ի դեպ, վերաբերում է ոչ միայն ընտրական իրավունքին։ Որպես կանոն` անկախության համար պայքարում հսկայական զոհեր տված ժողովուրդները հետո աչքի լույսի պես են պահում այդ անկախությունը, իսկ համարյա ձրի անկախություն ստացածները (օրինակ` նախկին խորհրդային հանրապետությունները` ԽՍՀՄ փլուզումից հետո, ու հատկապես Հայաստանը) առանձնապես չեն գնահատում այդ անկախությունը ու անտարբեր թափ են տալիս ձեռները, երբ երկրի ինքնիշխանությունը սահմանափակող հերթական ակտն է արձանագրվում։

Բայց վերադառնանք ընտրություններին։ Ինչպե՞ս անել, որ ընտրակաշառքը, որպես երեւույթ, վերանա, եւ ընտրական համակարգը սկսի նորմալ գործել։ «Իշխանությունների քաղաքական կամք» բառակապակցությունը միանգամից մի կողմ դնենք. իշխանությունները երբեք այդպիսի քաղաքական կամք չեն դրսեւորի, որովհետեւ եթե արդար ընտրություններ լինեն` իրենք կզրկվեն իշխանությունից։ Ընտրակաշառք վերցնողների շրջանում բացատրական աշխատանքներ տանելը նույնպես որեւէ արդյունք չի տա, որովհետեւ Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր գյուղերում վաղուց արդեն միամիտ մարդիկ չկան` բոլորը շատ լավ հասկանում են, թե ինչի համար է բաժանվում ընտրակաշառքը, այսինքն` գիտակցաբար են վերցնում։

Մնում է երրորդ տարբերակը` օրինականացնել ընտրակաշառքը եւ հստակեցնել խաղի կանոնները։ Մոտավորապես այսպես. սահմանել, որ խորհրդարանի մանդատների երկու երրորդը պիտի ձեւավորվի ընտրակաշառքի միջոցով, պաշտոնապես ընդունել այն կուսակցությունների հայտերը, որոնք մտադիր են ընտրակաշառք բաժանել, ճշտել եւ առանձնացնել այն ընտրողների ցուցակները, որոնք համաձայն են ընտրակաշառք վերցնել, հետո էլեկտրոնային աճուրդով սահմանել ընտրակաշառքի չափը (այն հաշվարկով, որ կաշառք բաժանողները կաշառքի 25 տոկոսի չափով էլ ԱԱՀ վճարեն բյուջեին), եւ այդ եղանակով ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն։ Իսկ ընտրակաշառք չվերցնողները թող ազատ-արդար ընտրությունների միջոցով ձեւավորեն խորհրդարանի 33 տոկոսը (հասկանալի է, որ պաշտոնապես ընտրակաշառք բաժանող ուժերն ընտրությունների այս հատվածին չպիտի մասնակցեն)։

Համաձայնվեք` այսպես ավելի ազնիվ կլինի։ Ե՛վ ընտրակաշառք բաժանողների միջեւ ազնիվ մրցակցություն կլինի, ե՛ւ կսահմանվի քվեի շուկայական գինը, ե՛ւ հավելյալ գումարներ կմտնեն բյուջե, ե՛ւ խորհրդարանական ընդդիմությունն էլ կձեւավորվի իսկապես արդար ընտրություններով (իշխանություններն այս մասը կարող են ապահովել, որովհետեւ իրենց մեծամասնությունն այսպես թե այնպես վտանգված չի լինի)։

Միայն թե չասեք` աշխարհի որեւէ երկրում նման համակարգ չկա։ Մենք բացառիկ ժողովուրդ ենք, ու հեչ պարտադիր չէ, որ կապկենք ուրիշների հորինած ու Հայաստանում չաշխատող ընտրակարգերը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30