23.01.2015 18:37 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մրցակցությունը բացառվեց

Ո՞ւմ համար են սահմանվում արտոնությունները

Ո՞ւմ համար են սահմանվում արտոնությունները

Եվ այսպես` Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսում է զրոյական աճ, այսինքն` չի հավատում ՀՀ իշխանությունների այն հավաստիացումներին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առջեւ փայլուն հեռանկարներ են բացվելու։ Կամ էլ` վստահ է, որ իշխանությունները չեն կարողանալու օգտվել այդ հնարավորություններից։

Եվ իսկապես էլ, հնարավորությունը մի բան է, դրանից օգտվելու կարողությունը` բոլորովին այլ բան։

 Եվ ահա այս ֆոնին կառավարությունը երեկ մի անսպասելի որոշում ընդունեց` բացառապես արտահանմամբ զբաղվող եւ տարեկան 50 միլիարդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը միանգամից 10 անգամ նվազեցնել եւ 20 տոկոսից իջեցնել 2 տոկոսի։ Ընդ որում` հատուկ շեշետվեց, որ դա հանքարդյունաբերության ոլորտին չի վերաբերում։ Սա, իհարկե, ճիշտ որոշում է, որովհետեւ եթե մեր առջեւ «170 միլիոնանոց շուկա է բացվում», մենք այդ շուկան լցնելու համար արտահանելու բան պիտի ունենանք։ Բայց հարց է ծագում` ինչո՞ւ 50 միլիարդ դրամ, որտեղի՞ց այդ թիվը։ Պատկերացնելու համար, թե ինչ թվի մասին է խոսքը` մի երկու օրինակ բերենք։ Գյուղատնտեսության ոլորտի որեւէ ընկերություն այդքան ապրանք արտահանել չի կարող, որովհետեւ Հայաստանում այդքան ապրանք պարզապես չի արտադրվում։ Օրինակ` ամբողջ Հայաստանի խաղողի տարեկան բերքը հազիվ այդ գումարի կեսն է կազմում, ծիրանը` 15 տոկոսը եւ այլն։ Տեսականորեն, իհարկե, կարելի է պատկերացնել, որ ներդրողները կգան, Հայաստանում կկառուցեն, ենթադրենք, տրիկոտաժի ֆաբրիկաներ եւ տարեկան 10 միլիոն վերնաշապիկ կամ 150 միլիոն զույգ գուլպա կարտադրեն (որպեսզի «դզեն» 50 միլիարդը)։ Դրանից Հայաստանի տնտեսությունն, իհարկե, կշահի, բայց ուշադրություն դարձրեք` երկրում արդեն իսկ գոյություն ունեցող բիզնեսները հազիվ թե դրա հետ կապ ունենան։ Էլ չենք խոսում այն մասին, որ արտադրական նոր հզորությունների ստեղծումը տարիներ կպահանջի, այսինքն` այս որոշման դրական արդյունքները կզգացվեն լավագույն դեպքում մի քանի տարի անց, մինչդեռ հայկական բիզնեսին այսօր է թթվածին անհրաժեշտ։ Ամեն ինչ այլ կլիներ, եթե 50 միլիարդի փոխարեն որպես «արտոնության շեմ» սահմանվեր, ասենք, 5-10 միլիարդը։

Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից։ Կառավարության այս որոշման նախորդ օրը Կենտրոնական բանկը որոշեց եւս մեկ տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ հասցնել 9,5-ի։ Սա արվում է գնաճը մեղմելու եւ «նպատակային միջակայքում» պահելու համար, բայց արդյունքում փողը «թանկանում է», այսինքն` փոքր եւ միջին բիզնեսին տրամադրվող վարկերի տոկոսները բարձրանալու են։ Եվ սա` այն դեպքում, երբ բառացիորեն նույն օրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի վերաբերյալ զեկույց հրապարակեց եւ արձանագրեց, որ փոքր եւ միջին բիզնեսի համար «ֆինանսների դժվար հասանելիությունը համակարգային խնդիր է», այսինքն` փոքր եւ միջին բիզնեսը կամ ընդհանրապես ֆինանսական միջոցներ չի ներգրավում, կամ վարկեր է վերցնում շատ ծանր պայմաններով եւ չի կարողանում «տակից դուրս գալ»։ Ահա եւ ստացվում է, որ մի կողմից` իշխանությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկում արտահանումը խթանելու համար (եւ շատ ճիշտ են անում), բայց մյուս կողմից` այնպես են անում, որ արտահանումը կենտրոնացվի բացառապես խոշոր եւ գերխոշոր ընկերությունների ձեռքում։ Բայց այդ դեպքում Հայաստանը կունենա ոչ թե մրցունակ բիզնես, այլ ընդամենը «աշխատատեղեր», իսկ դա հարցի լուծում չէ։ Խորհրդային Միությունն, օրինակ, ընդհանրապես աշխատատեղերի պրոբլեմ չուներ` այդ երկրում գործազրկություն չկար։ Բայց չկար նաեւ մրցակցություն, եւ արդյունքում` այդ երկիրը փլուզվեց։

Այսպես թե այնպես` 50 միլիարդի «շեմը» խորհրդարանական քննարկումների ժամանակ կարող է փոփոխությունների ենթարկվել, ու վատ չի լինի, եթե այդ թվից մեկ-երկու զրո պակասի։ Կարեւորն այն է, որ արտահանումը խթանելու համար ընտրվել է հարկային արտոնությունների ճանապարհը։ Մնում է, որ դրանից կարողանան օգտվել ոչ միայն արտոնյալները։ Եվ այդ դեպքում գուցե իսկապես կարողանանք գոնե ինչ-որ «քյար» ունենալ ԵՏՄ-ից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30