16.03.2016 14:35 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գրպանահատ

Բիզնեսը քերթելու նոր գործիքակազմը

Բիզնեսը քերթելու նոր գործիքակազմը

Սերժ Սարգսյանի` Հովիկ Հովսեփյանին ՊԵԿ ղեկավար նշանակելուց եւ այդ կառույցի ղեկավար կազմի առջեւ «դարակազմիկ» ելույթ ունենալուց հազիվ երկու շաբաթ է անցել, բայց փոքր եւ միջին բիզնեսի առանձին ճյուղերի համար «արմագեդոնն» արդեն սկսվել է։

Բազմաթիվ աղբյուրներից տեղեկություններ են ստացվում, որ արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ «կարգո» իրականացնող կազմակերպությունները դադարեցրել են աշխատանքը, եւ արդյունքում` հազարավոր մարդիկ, ովքեր, ասենք, հագուստ ու կոշիկ էին ներկրում Թուրքիայից, Իրանից, Էմիրաթներից կամ Չինաստանից, այլեւս ոչինչ չեն ներկրում` մինչեւ «իրավիճակը պարզվի»։ Հիմա փորձենք բացատրել, թե ինչի մասին է խոսքը։

Այսպես կոչված «կարգոներն» ըստ էության միջնորդ կազմակերպություններ էին անհատ ձեռներեցների եւ մաքսային կառույցների միջեւ։ Մարդը մեկնում էր, ասենք, Ստամբուլ, այնտեղ մի 100-200 կիլոգրամ հագուստ ու «կոշիկ-մոշիկ» առնում, հենց տեղում հանձնում «կարգոներին», վճարում` կիլոգրամի համար 4 դոլար ու «ձեռները թափ տալով» հանգիստ վերադառնում, որպեսզի որոշ ժամանակ անց Հայաստանում ապրանքը ստանա։ Մի քանի տարի առաջ, ի դեպ, փորձ արվեց այդ 4 դոլարը դարձնել 8, բայց բողոքի մեծ ալիք բարձրացավ, ու արդյունքում գինը կարծես թե մնաց նույնը կամ ավելի քիչ բարձրացավ։

Ինչեւէ։ Այդ համակարգը կարծես թե ձեռնտու էր բոլորին` անհատ ձեռներեցներն ազատվում էին մեծ գլխացավից, «հարկային բեռը», թեեւ ծանր, բայց համեմատաբար տանելի էր, խաղի կանոնները հստակ էին, «կարգոները» այդ արանքում ահագին գումարներ էին վաստակում, բյուջետային մուտքերն էլ ապահովվում էին։ Տարբերակն, իհարկե, իդեալական չէր (որովհետեւ թանկարժեք ու էժանագին ապրանքները նույն սակագնով էին հարկվում` ըստ քաշի), բայց դրանից դեռ շատ առաջ Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտնագործել էր «հսկիչ գների» գաղափարը, իսկ դա նշանակում է, որ մաքսային կառույցները բացարձակապես թքած ունեին ներկրվող ապրանքների հաշվիչ-ապրանքագրերի վրա եւ իրենք էին որոշում, թե ինչ արժե տվյալ ապրանքը (եւ ըստ այդմ` ինչքան մաքսատուրք պիտի վճարվի)։ Պարզ ասած` դա խայտառակ համակարգ էր, որտեղ մաքսավորները կարող էին «օրենքով» ինչքան ուզում են` մաքսատուրք գանձել։ Իսկ «կարգոների» համակարգը դարձավ յուրօրինակ «փոխզիջումային տարբերակ», որին բոլորն արդեն հարմարվել էին։

Եվ ահա Սերժ Սարգսյանը ՊԵԿ-ն առանձնացնում է ֆինանսների նախարարությունից ու նոր պետ նշանակում, եւ «կարգոները» դադարում են աշխատել։ Իսկ հազարավոր անհատ ձեռներեցներ շվարած սպասում են` փորձելով հասկանալ, թե որն է այս ամենի նպատակը։ Տարբերակներն առանձնապես շատ չեն։

1. «Կարգոները» վերացվելու են, եւ նորից անցում է կատարվելու «հսկիչ գների» համակարգին։ Սա նշանակում է, որ մաքսավորներն էլի «թվեր են կրակելու»` ինչքան ուզեն, այնքան էլ մաքսատուրք են վերցնելու, արդյունքում` ներկրվող ապրանքները կտրուկ թանկանալու են, հարյուրավոր մարդիկ դուրս են մղվելու այդ բիզնեսից (որովհետեւ սպառումն էլ է կտրուկ նվազելու), ու թեեւ բյուջետային մուտքերն ավելանալու են, բայց դա տեղի է ունենալու բացառապես շարքային սպառողների հաշվին։

2. Հովիկ Հովսեփյանը պարզապես փորձում է շուկայից դուրս մղել արդեն գործող «կարգոները» եւ փոխարենը բացել նորերը (դրանք, հասկանալի է, կպատկանեն իր «մոտիկներին»)։ Սա նշանակում է, որ առանձնապես ոչինչ չի փոխվի, պարզապես շուկայում կհայտնվի նոր մենաշնորհ, եւ հերթական պաշտոնյան գրչի մի հարվածով կդառնա մուլտիմիլիոնատեր։

3. Հովիկ Հովսեփյանն ուզում է պարզապես «իրենով անել» արդեն գործող «կարգոները» (որոնք ուզած-չուզած պիտի իր հետ կոնտակտի մեջ մտնեն), իսկ բարձրացած աղմուկը կօգնի կտրուկ բարձրացնել սակագները (մեկ կիլոգրամի հաշվարկով) եւ լրացուցիչ եկամուտներ կապահովի ինչպես բյուջեի, այնպես էլ Սերժ Սարգսյանի հովանավորյալի համար։ Հասկանալի է` դարձյալ շարքային սպառողների հաշվին։

Իսկ գուցե այս ամենն արվում է «տեղական արտադրությունը խթանելու» համա՞ր։ Հազիվ թե։ Անգամ խորհրդային տարիներին Հայաստանում համարյա ոչ մեկը «Գարուն» արտադրական միավորման վերնաշապիկ կամ «Լալվար» ջինս չէր հագնում, ուր մնաց` հիմա, երբ նման արտադրություններ պարզապես չկան։ Կամ գուցե այդպես է արվում, որ սկսենք Ռուսաստանի՞ց ներկրել։ Բայց այնտեղ նույնպես վաղուց ոչ մեկը ռուսական շոր չի հագնում։ Այնպես որ` այս ամենը «տեղական արտադրությունը խթանելու» հետ կապ չունի։ Սա ընդամենը շարքային քաղաքացիներից լրացուցիչ ինչ-որ բան քերելու օպերացիա է, որն իրականացվում է Սերժ Սարգսյանի «բարձր հովանավորության ներքո»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30