21.06.2012 02:06 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նահանջի տեղ չկա

Մենք մեր բոլոր հաղթած պատգամավորների ներկայացուցիչներն ենք ԱԺ-ում. ասում է Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

Մենք մեր բոլոր հաղթած պատգամավորների ներկայացուցիչներն ենք ԱԺ-ում

- Պարոն Զուրաբյան, օրերս հայտարարել էիք, որ Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցները վերածվելու են պատգամավորական գրասենյակների։ Կմանրամասնե՞ք` ի՞նչ է դա նշանակում։

- Այդ գաղափարը շատ բնականորեն ծնվեց։ Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ իշխանությունները չկարողանային ընտրակաշառք բաժանել, բազմակի քվեարկություն կազմակերպել եւ այլ լայնածավալ օրինախախտումներ անել, ապա ինձ համար միանշանակ է, որ մենք ոչ միայն համամասնական ընտրակարգով կունենայինք մի քանի անգամ ավելի շատ պատգամավորներ, այլ նաեւ մեծամասնականով Կոնգրեսի կողմից հաղթանակ արձանագրած կլինեին  այնպիսի մարդիկ, ինչպիսիք են` Սարիբեկ Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, Վլադիմիր Կարապետյանը, Մանուշակ Պետրոսյանը, Վահագն Խաչարյանը, Մանուել Գասպարյանը, Արշակ Բանուչյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Սեդրակ Հովհաննիսյանը, Լեւիկ Խաչատրյանը, բազմաթիվ այլ մարդիկ, որոնք այսօր ԱԺ-ում չեն, բայց միանշանակ հաղթել են իրենց տարածքներում։ Եւ այդ հաղթանակը նրանցից գողացվել է համատարած ընտրակաշառքի շնորհիվ։ Այս առումով ամենացցունը Սարիբեկ Սուքիասյանի դեպքն է, երբ իր հակառակորդը, ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը 400 ձայնով է անցել առաջ`այն դեպքում, երբ միայն անվավեր քվեաթերթիկների թիվը մի քանի անգամ գերազանցել է այդ «առավելությունը»։ Այս բոլոր հաղթած պատգամավորները այսօր պետք է ներկայացված լինեին ԱԺ-ում եւ պետք է կարողանային պաշտպանել իրենց ընտրատարածքի քաղաքացիների օրինական շահերը։ Եւ քանի որ ընտրակեղծարարության պատճառով նրանք ներկայացված չեն ԱԺ-ում, մենք պետք է ստեղծենք մի մեխանիզմ, որը թույլ կտա այդ քաղաքացիներին Կոնգրեսի խմբակցության միջոցով բարձրացնել իրենց ձայնը ԱԺ-ում եւ պետական իշխանության այլ մարմիններում։

- Պարոն Զուրաբյան, իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչպես է գործելու այդ մեխանիզմը։ 

- Դա դեռ կանոնակարգված չէ, բայց ես արդեն 2 հաղթած պատգամավորների, որոնցից գողացվել է հաղթանակը` Սարիբեկ Սուքիասյանի եւ Վլադիմիր Կարապետյանի հետ պայմանավորվածություն ունեմ, որ իրենց դիմած քաղաքացիների դիմումներով կզբաղվեմ։ Դա նշանակում է, որ ցանկացած դիմում կամ հարց, որը ներկայացվել է իրենց պատգամավորական գրասենյակներ, եւ որը իրենք նպատակահարմար կհամարեն բարձրացնել ԱԺ-ում կամ այլ ընթացք տալ, ես պատրաստ եմ բարձրացնել` օգտագործելով իմ պատգամավորական մանդատը։ Այսինքն` մենք մեր բոլոր հաղթած պատգամավորների ներկայացուցիչներն ենք լինելու ԱԺ-ում։

- Այս օրերին նորից շատ է խոսվում Կոնգրեսի անելիքների, ռազմավարության մասին, Դուք ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ ռազմավարական անելիքներ ունի Կոնգրեսը։

- Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունները քաղաքական մթնոլորտի ակտիվացման, եթե կուզեք` էլեկտրիզացման առումով շահեկանորեն տարբերվում են ԱԺ ընտրություններից։ Նախագահական ընտրությունները բոլորը ընկալում են որպես երկրում իշխանությունը փոխելու հնարավորություն։ Եւ մարդիկ շատ ավելի հակված են օգտվել այդ հնարավորությունից եւ ոչ թե ընկալել այդ ընտրությունները որպես փոքր, նեղ կուսակցական, այդ թվում նաեւ նյութական հարցերի լուծման միջոց։ Ակնհայտ է նաեւ, որ ռեժիմը փորձում է կրկնել նախագահական ընտրությունների ժամանակ կեղծարարության նույն մեխանիզմները։ Սակայն այս անգամ դա անելու է լրիվ նոր պայմաններում, պայմաններ, երբ անգամ պաշտոնական տվյալներով չունի առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ ընտրազանգված։ ՀՀԿ մեկուսացման գործընթացը շարունակվում է, եւ բնական է, որ Կոնգրեսը, որպես լուրջ քաղաքական ուժ, նախագահական ընտրություններում իր մասնակցության ռազմավարությունը վերջնականապես որոշելու է աշնանը։ Եւ այստեղ ամենակարեւոր խնդիրը, որ դրված է Կոնգրեսի առջեւ, այն է, որ մենք կարողանանք պահպանել մեր շարժման միասնականությունը, համախմբումը եւ մարտունակությունը։ Այդպիսի նախադրյալներով է, որ մենք կկարողանանք ամենավճռական քայլերը կատարել նախագահական ընտրություններին մասնակցելու առումով, եւ միայն նման դեպքում Կոնգրեսի հետ հաշվի կնստեն բոլոր քաղաքական ուժերը եւ միջազգային հանրությունը։ Հաղթանակի բանալին,  որը կարող է ձեռք բերվել նաեւ հետընտրական գործընթացների շնորհիվ, քաղաքական ուժերի, հասարակական համախմբման մեջ է` Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ։ Ուրեմն պետք է մտածել այնպիսի թեկնածուի մասին, որը ունի քաղաքական դաշտը համախմբելու ամենամեծ կոնսոլիդացիոն ներուժը.  չեմ կարող չնշել, որ այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին իր հեղինակությամբ համեմատելի թեկնածու քաղաքական դաշտում չի նշմարվում։

- Պարոն Զուրաբյան, իսկ եթե ԲՀԿ-ն իր համար առանձին թեկնածու առաջադրի, Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվի, բնականաբար` նաեւ Սերժ Սարգսյանը, ի՞նչ է այդ դեպքում անելու Կոնգրեսը։

- Ես կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք անկեղծ են Սերժ Սարգսյանի ռեժիմից այս երկիրը փրկելու մտադրության մեջ, հեշտությամբ կհամաձայնեն իմ նշած թեկնածության հետ` որպես ռեժիմի դեմ ընդվզումը հաջողության հասցնող ամենահուսալի երաշխավորի։

- Իսկ չե՞ք համարում, որ այս ընտրությունների ժամանակ կատարված լայնածավալ կեղծիքների հետեւանքով ստեղծված տրամադրությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ ժողովրդի վճռականության վրա, նրանց մոբիլիզացիայի վրա։

- Ճիշտ եք` ամեն կեղծված ընտրություն ստեղծում է հուսահատության եւ հիասթափության նոր ալիք, անգամ նպաստում մարդկանց արտագաղթին։

Փորձը ցույց է տալիս, որ նման վիճակներում ամենակարեւորը շարժման ունակությունն` է արագորեն հաղթահարելու բնականորեն ստեղծված հոգեբանական այս իրավիճակը, հաղթահարել որոշ մարդկանց մեջ պարտվողականության տրամադրությունները։ Մենք նահանջելու տեղ չունենք, մենք հանձնվել չենք կարող եւ մենք երբեք չենք հաշտվելու Հայաստանի կործանման հեռանկարի հետ։ Հակառակը, օգտագործելով այն հանգամանքը, որ վերջին 5 տարվա մեջ Հայաստանում ձեւավորվել է համարձակ քաղաքացիական հասարակություն, այն հանգամանքը, որ մարդիկ սկսել են ամենուրեք պայքարել իրենց իրավունքների համար, որ երկրի ճակատագրով ժողովրդավարական ազատությունների եւ սահմանադրական կարգի հաստատումով մտահոգված մարդիկ այսօր համախմբված են մի հզոր ինստիտուցիոնալ շարժման մեջ, նաեւ այն հանգամանքը, որ ԱԺ-ում նվաճել ենք փոքիկ, բայց կարեւոր պլացդարմ` ի դեմս 7 պատգամավորների, մեր բոլորիս պարտքն է արդարացնել շարժման նպատակներին հավատացած այս բոլոր մարդկանց վստահութունը, ինչը եւ անելու ենք։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30