Բնական է` սա ավելի էժան եւ շահեկան միջոցառում է մեր կառավարության համար։ Սակայն այս պահին արդեն շատ լավ է երեւում, թե որքանով է անկեղծ իշխանությունը, երբ հայրենադարձության կոչեր է անում։ պիտի պատրաստվեին, պարտավոր էին պատրաստվել։ Բայց ինչպե՞ս։
Սա մի կառավարություն է, որի «անխոնջ» գործունեության արդյունքը արտագաղթն է։ Սա մի կառավարություն է, որ գործում է` հարկատուների միջոցներն անխնա մսխելով։ Սա մի կառավարություն է, որին չեն վստահում ՀՀ քաղաքացիները։ Սիրիահայերն էլ շատ արագ համոզվեցին, որ մերոնցից սպասելիքներ ունենալ չեն կարող։ Մենք կանգնած են հազարավոր հայերի Հայաստանից վանելու սահմանին։ Առանց քննարկման էլ պարզ է, որ ֆինանսական կարողություն ունեցող հայերը կգերադասեն գաղթել եվրոպական երկրներ կամ ԱՄՆ։ Սա գիտի եւ մեր կառավարությունը։ Սուղ կարողություն ունեցողներից իշխանությունն ակնկալիք չունի։ Միջին սիրիահայը չի կարող էլիտար շենքեր կառուցել, չի կարող ոտք մեկնել անգամ տեղական բիզնեսմենների հետ։ Նա աշխատանք է փնտրելու այլ ոլորտում։ Մարդիկ արհեստավորներ են, բժիշկներ, ուսուցիչներ... ՀՀ-ում էլ կան արհեստավորներ, բժիշկներ եւ ուսուցիչներ, որոնք ոչ մի կերպ աշխատանք չեն գտնում։
Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է Սիրիայից փախածներին Արցախում բնակեցնելու հարցը։ Քննարկում են ոգեւորված, հայրենասիրական պաթոսով։ Արցախը բնակեցնելու ազնիվ մղումը, սակայն, մի քիչ ուշացած է։ Արցախում եւ Հայաստանում նախ պետք էր նորմալ պայմաններ ստեղծել արցախցիների եւ հայաստանցիների համար, որպեսզի կանխվեր արտագաղթը։ Իսկ հիմա փաստորեն մենք փորձում ենք օգտվել սիրիահայերի դժբախտությունից։
Դժգոհություններին, հնչող բողոքներին անդրադառնում է նաեւ Սփյուռքի նախարարուհին։ «Ինչո՞ւ է ձեզ բոլորիդ թվում՝ դուք անհանգստացած եք սիրիահայերով, Սփյուռքի նախարարությունը՝ ոչ։ Ո՞վ է ասում, որ Սփյուռքի նախարարությունը ինչ անում է, պետք է հրապարակի։ Ես ամեն օր աշխատում եմ սիրիահայերի հետ եւ կատարում եմ այն, ինչ իրենք են ուզում։ Նրանք ասում են՝ մենք ապրում ենք այս հողի վրա, մենք տուն ունենք, հող ունենք, բնակարան ունենք, բիզնես ունենք։ Մենք ուզում ենք, որ օր առաջ այս հողի վրա հանգստություն լինի, կայունություն լինի ու պատերազմը դադարի»,- ասում է Հրանուշ Հակոբյանը։ Աշխատանքի արդյունքը, սակայն, չի երեւում։ Խոսելը, ճառեր արտասանելը հեշտ է, գործելը դժվար։ Դժվար է մանավանդ այն դեպքում, երբ բախվում ես մարդկանց իրական կարիքներին։
Թող տարօրինակ չթվա, բայց սիրիահայերի ներգաղթը, որն այնքան էլ բազմամարդ չէ, նորից երեւակեց հայաստանյան իրականությունը, մեր կառավարության անկարողությունը, մեր բյուջեի սնանկությունը։
Սփյուռքի հետ «աշխատող» մեր չինովնիկների հիմնական խնդիրը արտասահմանում ապրող հայերից հանգանակություն հավաքելն է։ Ազգապահպանությունը երկրորդական տեղում է։ Պատկերացրե՛ք մի այսպիսի ճգնաժամ Ռուսաստանի մասշտաբի երկրում։ Ի՞նչ է անելու Հայաստանը։ Իհարկե, չի կարողանալու հյուրընկալել բազմահազար փախստականների։ Այնինչ բազմամիլիոնանոց սփյուռք ունեցող երկիրը միշտ էլ պիտի հաշվի առնի այսպիսի իրավիճակների հնարավորությունը։ «Մեկ ազգ` մեկ մշակույթ» փառատոն անցկացնելը հեշտ է, սակայն սեփական ազգի ներկայացուցիչների կարիքների մասին մտածելը` դժվար։