06.12.2016 04:42 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մայր հայրենիք-կթու կով

Համայն հայության կեղծ օրակարգերը

Համայն հայության կեղծ օրակարգերը

Հայաստանն ուր որ է կհայտնվի տնտեսական անկման հերթական շրջափուլի մեջ (հիմա արդեն տնտեսական աճի ցուցանիշը մոտ է զրոյին), ու իշխանությունները, սովորության համաձայն, որոշել են եւս մի անգամ փորձել ապավինել «Սփյուռքի ներուժին»։ Բայց «ազգ-բանակ», «համազգային միասնություն» եւ այլ բարձրագոչ արտահայտությունների տակ իրականում լուրջ հակասություններ կան, եւ դրանք աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։

Տեսեք` դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առթիվ եւ որպես «չափազանց կարեւոր հանգամանք» նշեց, որ բարեգործական այդ կազմակերպությունը երբեք որեւէ խնդիր չի ունեցել Հայաստանի որեւէ իշխանության հետ։ Այսինքն, նրա պատկերացմամբ իդեալական տարբերակը հենց դա է. Սփյուռքը պիտի օգնի Հայաստանին` անկախ նրանից, թե Հայաստանում ովքեր են իշխանության, ինչպես են ղեկավարում երկիրը եւ այլն։ Նույն օրը աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը տրամագծորեն հակառակը պնդեց` հայտարարելով, թե Հայաստանի ղեկավարներն ու մտավորականները չպետք է «Սփյուռքին նայեն մեկ աչքով` թե կարող եք գալ, այստեղ փող ծախսել, բայց մեր կյանքի մասին բան մի ասեք։ Ժամանակը եկել է, որ սրան վերջ դրվի»։

Իրականում երեւի ժամանակը եկել է, որ Հայաստան-Սփյուռք (կամ մայր Հայրենիք-կթու կով) հարաբերություններն ավելի անկեղծորեն քննարկվեն։ Որովհետեւ եթե անկեղծ քննարկում չկա` ամեն ինչ ավարտվում է դատարկ կարգախոսներով ու փոխադարձ «մուննաթով», ընդ որում` հաճախ երկու կողմերն էլ իրավացի են լինում (կամ` հավասարապես սխալ)։ Սկսենք նրանից, որ թեեւ «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» կարգախոսը գեղեցիկ է հնչում, բայց համայն հայության միայն մի փոքր մասն է ՀՀ քաղաքացի, մյուսներն այլ երկրների քաղաքացիներ են։ Ու եթե ՀՀ քաղաքացիների վճարած հարկերով, ասենք, հայկական բանակն է պահվում, համայն հայության մյուս հատվածները հարկեր են վճարում այլ երկրների, եւ ՀՀ իշխանությունները օրենքի ուժով նրանց որեւէ հարկատեսակ պարտադրելու իրավունք չունեն։ Միայն ՀՀ քաղաքացիներն են պարտադիր զորակոչվում հայկական բանակ, ու լայնամասշտաբ պատերազմի դեպքում ամենածանր հարվածը հենց ՀՀ ու ԼՂՀ քաղաքացիներն են ընդունելու, իսկ համայն հայությունն ամենայն հավանականությամբ ընդամենը աշխարհի տարբեր երկրներում բողոքի ցույցեր է կազմակերպելու «շուն թուրքերի» դեսպանատների առաջ։ Ճիշտ է, կասկած չկա, որ նոր պատերազմի դեպքում Սփյուռքից նաեւ կամավորներ կլինեն։ Ճիշտ այնպես, ինչպես արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Շուրջ 20 հոգի` 6 միլիոնանոց Սփյուռքից։ Ճիշտ հասկացեք, սա ոչ դժգոհություն է, ոչ էլ, առավել եւս, «մուննաթ»։ Պարզապես արձանագրում ենք, որ Հայաստանի նկատմամբ համայն հայության` օրենսդրորեն ամրագրված պարտավորությունները խիստ տարբեր են, հնարավոր ձախողումների դեպքում ծագող ռիսկերը` նույնպես։

Հիմա` իշխանությունների դիրքորոշման մասին։ Այո, իշխանությունների ուզածը հենց այն է, որ Սփյուռքը մեզ օգնի` անկախ նրանից, թե ինչպես են իրենք ղեկավարում երկիրը, ով քանի միլիարդ ունի օֆշորային գոտիներում, ում առանձնատան շատրվանների մարմարը որ երկրից է բերվել եւ այլն։ Եվ իշխանությունները, բնականաբար, խիստ զայրանում են, երբ որեւէ սփյուռքահայ փորձում է միջամտել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին ու քննադատում է իրենց։ Բայց ուշադրություն դարձրեք` երբ որեւէ միջազգային կազմակերպություն (Համաշխարհային բանկը, ՎԶԵԲ-ը եւ այլն) Հայաստանին փող է տալիս, դրա դիմաց իշխանություններից հազար ու մի բան է պահանջում` բարեփոխումներ, օրենսդրական փոփոխություններ եւ այդպես շարունակ, ու իշխանությունները, որպես կանոն, խելոք-խելոք այդ բոլոր պահանջները կատարում են, մինչդեռ Սփյուռքի դեպքում նախապայմաններ չեն ընդունում։ Երեւի համարում են, որ եթե փող տվողը հայ է` ուրեմն «հայավարի» էլ կարելի է մոտենալ հարցին։

Մինչդեռ այս հարցը լուծում ունի։ Ինչո՞ւ, օրինակ, սփյուռքահայ կազմակերպությունները նույնպես չեն կարող աջակցության կամ ներդրումների փոխարեն պաշտոնապես նախապայմաններ դնել Հայաստանի իշխանությունների առջեւ` այն հարցերում, որտեղ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ որեւէ տարաձայնություն լինել չի կարող (օրինակ` ազատ-արդար ընտրությունների անցկացում, բիզնեսում հավասար մրցակցային պայմանների ապահովում, օրենքի առջեւ բոլորի հավասարություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն)։ Հասկանալի է, չէ՞, որ եթե անգամ Սփյուռքը Հայաստանին օգնի նույն «կոմերցիոն հիմունքներով», միեւնույն է` մեզ համար ավելի ձեռնտու է 20-25 տարի պարտքի տոկոս տալ ոչ թե Համաշխարհային բանկին, այլ սփյուռքյան կազմակերպություններին։

Այ այդ ժամանակ Հայաստանն իսկապես կդառնա համայն հայության հայրենիքը։ Եվ ոչ թե հիմիկվա պես, երբ ոմանց համար հայրենիք է, ուրիշների համար` արոտավայր, երրորդների համար` բաժակաճառի թեմա, ու չորրորդների համար` պոտենցիալ գերեզմանոց։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30