15.12.2017 10:05 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վարք էծաց

Քոսոտության գերիները

Քոսոտության գերիները

Ի սկզբանե կարագն էր, հետո` միսն ու կարտոֆիլը։ Այնուհետեւ` Հերմինե Նաղդալյանը։ Այս բոլորից ետ չմնաց Խոսրով Հարությունյանը, եւ, ահա, խնդրեմ` քաղաքական օրակարգը պատրաստ է։

ՀՀԿ Հերմինե Նաղդալյանի եւ նրա կուսակից ընկերոջ անունները գաստրոնոմիական ցուցակում ընդգրկելու մեջ սարկաստիկ ենթատեքստ մի փնտրեք։ Կյանքն է այդպես դասավորվել, եւ ոչ միայն Հերմինե Նաղդալյանի։ Մենք բոլորս պատասխան ենք տալիս այն բանի համար, որ Հերմինե Նաղդալյանի, Խոսրով Հարությունյանի, Հակոբ Հակոբյանի, մեծ հաշվով` ՀՀԿ ողջ անձնակազմի մանկությունը լավ չի անցել։ Հարցն այդ մարդկանց կյանքի աղքատ արշալույսը չէ։ Հարցը քոսոտությունն է։ Եվ այդ ծանր փաստն այսօր ձեւավորում է Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքական օրակարգը։ Տնտեսականը` նույնպես։ Մշակութայինը` առավելապես։

Բնականաբար, քաղաքական թիվ մեկ հրամայականն էլ քոսոտությունից ազատվելն է։ Այս պրիմիտիվ ու ծեծված նախադասությունն իրականում դարանակալ միտք ունի, որովհետեւ երբ ածականը դառնում է գոյական, մոռացվում է սկիզբը` ով էր ի սկզբանե ածականի ողջ բովանդակությունը կրողը։ Անգամ իրենց միջի գիտնական Ռադիկ Մարտիրոսյանն է հաստատել «քոսոտ երկիր» դրույթը։ Ասվածն այն ժամանակ սակարկվեց եւ խորքային քննությամբ հասավ ընդհուպ ասողի, հաստատողների, ասածը սվաղողների անձերին` որտեղի՞ց սանձազերծվեց քոսոտությունը, այդպես ծավալվեց ու հաստատվեց երկրի խորշերում, սրտում։ Բայց արդյո՞ք պարզ դարձավ, որ իշխանության եկածներն ու նրանց գիտնականները քոսոտության սփռմամբ իրենք իրենց մեջ` հոգու խորքում, ենթագիտակցության խոր շերտերում ճնշածին են վրիժառու։ Վրեժն արդեն սուբլիմացվել է «Ընտանիք է պահում» խորագրում, եւ հարցն այսպես է դրված` կարողանու՞մ ես ընտանիքդ պահել։ Թե՞ ոչ։   

Օրինակ, Հերմինե Նաղդալյանը, անցյալի զուլում հուշերը սուբլիմացրած, կարողանում է ընտանիք պահել։ Մայրը մեկ օրում 2 միլիոն դրամի հեռախոսազրույց է ունեցել Չինաստանում սովորող որդու հետ։ Բա չխոսե՞ր։ Չիմանա՞ր ոնց է, ի՞նչ է կերել, ո՞նց է քնել եւ այլն։ Մայր է վերջիվերջո։ Եվ հիմա նրան ասում են` վճարիր այդ 2 միլիոն դրամը։ Մի՞թե մայրությունը վճարովի է։

Խոսրով Հարությունյանը, կարծում եք, որտեղի՞ց գիտի, թե ինչ են ուտում մարդիկ, երբ չունեն մսամթերքի, ծովամթերքի, կաթնամթերքի, անուշեղենի փող։ Այդպիսի բաները կարդալով չես իմանա։ Կենսափորձի հարց է։

Հայտնի բան է, որ մարդիկ երջանիկ են միանման, դժբախտ են յուրովի։  Կարելի է հերթով անդրադառնալ ՀՀԿ անձնակազմի անցյալին, եւ, հավատացեք, հիմնականում կգտնենք կյանքի արշալույսի տարբեր, բայց նույն դառնությամբ պատմություններ։ Ի վերջո, մարդիկ հիշում են, թե ովքեր էին նրանք հեղափոխությունից առաջ։ Բայց ի՞նչ կտան մեզ այդ պատմությունները։ Մանավանդ որ դեռեւս դպրոցական տարիներից հիշում ենք Չեխովի «Բալենու այգին» եւ գիտենք, թե ինչ է պատահում այն տարածքում, որն ընկնում է հարստացած, բայց քոսոտության վերհուշն այդպես էլ չհաղթահարած մարդու ձեռքը.

«Ես գնեցի։ Սպասեք, պարոնայք, բարի եղեք, գլուխս պտտվում է, խոսել չեմ կարող... Բալենու այգին հիմա իմն է։ Ի'մն է։ Աստված իմ, տեր աստված, բալենու այգին ի'մն է։ Ասեք, որ հարբած եմ, խելքս գլխիս չէ, որ այս ամենն ինձ է թվում... Մի ծիծաղեք ինձ վրա։ Եթե հայրս եւ պապս դուրս գային գերեզմանից եւ տեսնեին պատահածը, թե ինչպես իրենց Երմոլայը, ծեծված, կիսագրագետ Երմոլայը, որը ձմռանը ոտաբոբիկ էր վազում, ինչպես այդ նույն Երմոլայը գնեց այն գույքը, որից ավելի չքնաղ բան չկա այս աշխարհում։ Ես գնել եմ այն գույքը, որտեղ պապս ու հայրս ստրուկներ էին, որտեղ նրանց թույլ չէին տալիս մտնել անգամ խոհանոց։ Ես քնած եմ, սա ցնորք է, սա միայն թվում է... Սա միայն իմ ձեր երեւակայությունն է` անհայտության խավարով ծածկված... Բանալիներն է շպրտում, ուզում է ասել, որ նա այլեւս սրա տերը չէ... Ինձ համար միեւնույն է։ Հե'յ, երաժիշտներ, նվագեք, ուզում եմ ձեզ լսել։ Բոլորդ եկեք ու տեսեք, թե ինչպես Երմոլայ Լոպախինը կկացնահարի բալենու այգին, ինչպես ծառերը կընկնեն գետնին։ Այստեղ ամառանոց կկառուցենք, եւ մեր թոռներն ու սերունդներն այստեղ նոր կյանք կտեսնեն։ Երաժշտություն, նվագի'ր»։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30