02.05.2013 14:37 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Անտիբիզնես

Հարկային տեռորի բարեբաստիկ ճարտարապետը

Հարկային տեռորի բարեբաստիկ ճարտարապետը

Երբ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը, իշխանությունները հավաստիացնում էին, թե դա չի ավելացնելու հարկային բեռը։ Անցավ ընդամենը չորս ամիս, Պետեկամուտների կոմիտեն ամփոփեց առաջին եռամսյակի տվյալները, եւ պարզվեց, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ հարկային եկամուտներն ավելացել են 24,1 տոկոսով։

Մի պահ  ենթադրենք, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  տնտեսությունն իսկապես էլ մի 6-7 տոկոսով աճել է։  Այդ դեպքում, եթե հարկային բեռը մնացել է նույնը,  հավաքված հարկերն էլ  պիտի ընդամենը 6-7  տոկոսով աճեին, բայց արի ու տես` 24,1 տոկոսով են աճել։ Այսինքն` հարկային բեռն աճել է մոտ 17-18  տոկոսով (եթե դրամի  փոխարժեքի գործոնն էլ հաշվի առնենք` 15  տոկոսով)։ 

Մի խոսքով` վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ «չորով» խաբել է ժողովրդին. հայտարարել է, թե հարկերը չեն բարձրանա, բայց այնպիսի «բարեշրջում» է արել, որ հարկերը միանգամից 15 տոկոսով բարձրացել են։ Արդյունքներն էլ իրենց երկար սպասեցնել չեն տվել. Սերժ Սարգսյանի բառերով ասած` մթնոլորտն ավելի գաղջ է դարձել։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արդեն հեռացել է մոտ 45-50 հազար մարդ։

Իսկ գուցե հավաքագրված հարկերի ծավալը կտրուկ աճել է ոչ թե հարկային բեռի մեծացման, այլ ստվերի դեմ արդյունավետ պայքարի շրջանակներո՞ւմ։ Ոչ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը շատ կոնկրետ հայտարարում է` հիմնական պատճառը եկամտային հարկի ներմուծումն է։ Այսինքն, մարդը պարզ ասում է` հարկերը բարձրացրել ենք, դրա համար էլ ավելի շատ ենք հավաքել։

Հիմա տեսնենք, թե ում վրա է ծանրացել այդ հարկային բեռը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որքան հիշում ենք, տարիներ շարունակ խոսում է փոքր եւ միջին բիզնեսի աջակցության անհրաժեշտության մասին։ Այնքան հաճախ է խոսում, որ տպավորություն է ստեղծվում, թե ամեն առավոտ արթնանալիս նախ մի հինգ րոպե մտածում է փոքր ու միջին բիզնեսը խթանելու մասին եւ միայն դրանից հետո է գուլպաները հագնում։ Բայց ահա ՊԵԿ-ը հրապարակում է առաջին հազար հարկատուների ցանկը, եւ պարզվում է, որ ինչպես միշտ` հակառակն է ստացվել. ինչքան խոշոր է տվյալ ձեռնարկությունը, այնքան փոքր է նրա բաժինը այդ «լրացուցիչ» 24,1 տոկոսի մեջ։ Հիմա` կոնկրետ թվերով։ Կարելի է պայմանականորեն ընդունել, որ առաջին 300 հարկատուների ցանկը «խոշոր բիզնեսն» է, 300-ից 1000-րդ տեղերը զբաղեցնողները` «միջին բիզնեսը», մնացածը` «փոքր բիզնեսը»։ Եվ այսպես, «խոշոր բիզնեսի» վճարած հարկերն ավելացել են ընդամենը 18,9 տոկոսով, իսկ առաջին տասնյակինը` ընդհանրապես 10,2 տոկոսով։ «Միջին բիզնեսի» վճարած հարկերն ավելացել են մոտ 21 տոկոսով, իսկ ընդհանուր աճը, հիշեցնենք, 24,1 տոկոս է։ Նման միջինացված ցուցանիշ կստացվի միայն այն դեպքում, եթե «փոքր բիզնեսի» վճարած հարկերն ավելացած լինեն 30-32 տոկոսով, ինչը եւ տեղի է ունեցել։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա անցած տարվա առաջին եռամսյակում «փոքր բիզնեսը» վճարել է 56 միլիարդ դրամի հարկ, այս տարվա առաջին եռամսյակում` 73,7 միլիարդ դրամի։ Աճը` 31,6 տոկոս։ Պարզ ասած` Տիգրան Սարգսյանի կառավարությունը մտածել-մտածել ու այնպիսի հարկային «բարեշրջում» է արել, որի արդյունքում խոշոր բիզնեսի հարկային բեռն ավելացել է 18,9 տոկոսով, իսկ փոքր բիզնեսինը` 31,6 տոկոսով։ Սա, հիշեցնենք, պաշտոնապես կոչվում է «աջակցություն փոքր եւ միջին բիզնեսին»։ Կոլեկտիվացման տարիներին Ստալինը ճիշտ այդպես շատից-քչից ունեւոր գյուղացիական տնտեսություններին էր «աջակցում», իսկ 1945-ի օգոստոսին ԱՄՆ ռազմաօդային ուժերը «խթանում էին» Հիրոսիմայի եւ Նագասակիի քաղաքաշինական ծրագրերին։

Իսկ գուցե ամեն ինչ այդքան մռայլ չէ՞, գուցե սա ոչ թե կազմակերպված տեռոր է փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ, այլ հակառակը` կառավարության ջանքերը վերջապես արդյունք են տալիս, եւ փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը տնտեսության մեջ ավելացել է։ Տեսականորեն` հնարավոր է։ Բայց որեւէ մեկը Հայաստանում կարո՞ղ է ցույց տալ թեկուզ մի փոքր բիզնես, որի գործերը վերջին մեկ տարվա ընթացքում լավացել են։ Ճիշտ հակառակը` ամեն օր նորանոր խանութներ ու ատամնաբուժարաններ են փակվում, անհատ ձեռներեցներ են սնանկանում եւ այդպես շարունակ, իսկ խոշոր բիզնեսի դիրքերը միայն ամրապնդվում են։

Մի խոսքով` պաշտոնական թվերը շատ հստակ բացատրում են, թե ինչու է Հայաստանի մթնոլորտն այսքան գաղջ, եւ ինչու է դատարկվում երկիրը։ Այլ հարց է, որ այդ թվերը կարող են շատ բարեբաստիկ լինել Տիգրան Սարգսյանի համար։ Բա մարդիկ մնան Հայաստանում, բիզնեսով զբաղվեն, որ ի՞նչ անեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30