08.02.2013 13:41 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շրջափակում նաեւ ներսից

Հայավարի տնտեսության վախճանը

Հայավարի տնտեսության վախճանը

Այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը անձամբ է անդրադառնում «Կարֆուր» առեւտրային ցանցի հայաստանյան հեռանկարներին ու հայտարարում, թե «մրցակցության համար լավ կլինի», որ աշխարհահռչակ այդ ընկերությունը սուպերմարկետ բացի Հայաստանում, վկայում է այն մասին, որ սա շատ ավելի լուրջ հարց է, քան կարող էր թվալ առաջին հայացքից, եւ ամենեւին էլ Սամվել Ալեքսանյանի «տիրույթում» չի որոշվում։

ԱՄՆ դեսպանն, ի վերջո, տարբեր երկրներում հաստատ «Մաքդոնալդսի» ցանցից էլ օգտված կլինի, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ «Մաքդոնալդս» չկա, բայց դեսպանը երբեւէ այդ հարցին չի անդրադարձել։ Մյուս կողմից էլ` հասկանալի է, որ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը կարող էր հինգ րոպեում չեզոքացնել Սամվել Ալեքսանյանի (կամ մյուս դժգոհների) դիմադրությունը, բայց ինչ-ինչ պատճառներով չի անում դա, հետեւաբար` նա նույնպես չի ցանկանում, որ «Կարֆուրը» մտնի Հայաստան։ Իսկ թե որոնք են դրա պատճառները` փորձենք հասկանալ։

 Խնդիրն այն է, որ պատկերավոր ասած` Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ է ոչ միայն դրսից, այլեւ ներսից։ Օգտվելով շրջափակումից` Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ արել են ամեն ինչ, որպեսզի հանկարծ աշխարհահռչակ ընկերությունները «քթները չխոթեն» Հայաստան։ Օրինակ` այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են «Բրիտիշ պետրոլիումը», «Շելլը», «Ստանդարտը» կամ թեկուզ «Լուկօյլը», աշխարհի համարյա բոլոր երկրներում բենզալցակայանների ցանցեր ունեն։ Իսկ Հայաստանում ամեն ինչ «տնավարի» է` «Միկա», «Ֆլեշ», «GPS», եւ վերջ։ Տնտեսական այս մոդելն, ի դեպ, նաեւ առավելություններ ունի` երկիրը համեմատաբար քիչ է կախված լինում տրանսկոնտինենտալ կորպորացիաներից եւ ավելի շատ ապավինում է «հայկական շուստրիությանը»։ Այլ հարց է, որ դրանից առավելապես տուժում է շարքային քաղաքացին, որովհետեւ մրցակցության բացակայության պայմաններում մեր «շուստրիները» գերշահույթներ են ստանում։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Շատ ավելի կարեւոր է, որ «Կարֆուրի» Հայաստան մտնելով մեր տնտեսական համակարգը միանգամից կփլուզվի, իսկ Սերժ Սարգսյանը նման բան թույլ տալ չի կարող։

Այդ համակարգը շատ պարզ է. դրսում աշխատող հայերը տարեկան մի 3-4 միլիարդ դոլար են ուղարկում Հայաստան, մի քանի օլիգարխներ դրսից ապրանք են ներկրում, ժողովուրդն այդ 3-4 միլիարդով սպառում է այդ ապրանքը, եւ վերջ։ Բայց այդ 3-4 միլիարդը «իտոգում» հիմնականում մնում է Հայաստանում` օլիգարխները դղյակներ են կառուցում, նոր բիզնեսներ են դնում, մի խոսքով` «յոլա ենք գնում»։ Եթե հիշում եք` մի երեք-չորս տարի առաջ նույնիսկ խոսակցություններ տարածվեցին, թե օլիգարխներից մեկը մտել է Սերժ Սարգսյանի մոտ ու ասել «շեֆ ջան, ուզում եմ ունեցած-չունեցածս հավաքեմ, ստեղից գնամ», Սերժն էլ պատասխանել է` «բայց դու ի՞նչ ունես, քո ունեցածը հաքիդ շորերն են, հենց վաղն էլ կարաս գնաս»։ Հիմա պատկերացրեք` այս իրավիճակում «Կարֆուրը» (կամ մեկ այլ համաշխարհային ցանց) մտնում է Հայաստան։ Համակարգը միանգամից խաթարվում է, որովհետեւ այդ ընկերությունն, իհարկե, նորմալ կվճարի հարկերը, բայց եկամուտը դուրս կբերի երկրից։ Իսկ Սերժ Սարգսյանը նրանց չի կարող ասել «քո ունեցածը հագիդ շորերն են»։ Ուրիշ հարցեր էլ կան։ Օրինակ` Սերժ Սարգսյանը կարող է Սամվել Ալեքսանյանին ասել «Սամո ջան, ախպերականով էս ընտրություններից առաջ ալյուրն ու պեսոկը մի քիչ էժանացրու», իսկ աշխարհահռչակ ընկերություններին նույնը ասել չի կարող։ Կամ ՍԱՍ-ի Արտակին կարող է ասել «սուպերմարկետներիդ աշխատողների անձնագրային տվյալները հավաքի, իրենց էլ քշի-բեր հանդիպման», իսկ դրսի ընկերություններին` չի կարող։ Այսինքն` ինչ-որ իմաստով խաթարվում է նաեւ քաղաքական համակարգը։ Եվ թող որեւէ մեկին թյուրիմացության մեջ չգցի այն հանգամանքը, որ խոսքն ընդամենը մի սուպերմարկետի մասին է. ամենափոքր ասեղով անգամ հնարավոր է պայթեցնել ամենամեծ փուչիկը։

Մի խոսքով` սա շատ նուրբ խնդիր է։ Մի կողմից` միջազգային գիգանտները փորձում են Հայաստան մտնող 3-4 միլիարդ դոլարից «իրենց փայը տանել», իսկ Հայաստանի իշխանություններն իբր պաշտպանում են ներքին շուկան, մյուս կողմից` դրա արդյունքում տուժում է ժողովուրդը։ Հարց է ծագում` ո՞րն է ելքը։ Մենք, օրինակ, կարող ենք միջանկյալ լուծում առաջարկել։ Թող Սամվել Ալեքսանյանը նույն տարածքում նոր սուպերմարկետ բացի, բայց` պայմանով, որ այնտեղ կվաճառվեն ճիշտ եւ ճիշտ նույն ապրանքները, որոնք վաճառվում են, ասենք, Թբիլիսիի «Կարֆուր» հիպերմարկետում, եւ` ճիշտ նույն գնով։ ԱՄՆ դեսպանն էլ դիսկոմֆորտ չի զգա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30