«ՉԻ»-ն փորձեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանից ճշտել, թե արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը։ Գ. Մանուկյանն, իհարկե, հերքեց այդ լուրերը. «Չէ, նման բան չկա, ուղղակի մի ուրիշ խնդիր կա, միգուցե դրա հետ են կապված այդ լուրերը. արբանյակային հեռարձակումը այս մի քանի օրը անջատված էր, սակայն վաղը չէ մյուս օրը միանալու է»։ Իսկ «ՉԻ» այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ «Երկիր Մեդիայի» բազմաթիվ աշխատակիցների ազատում են աշխատանքից, Գ.Մանուկյանը պատասխանեց. «Հեռուստատեսությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ ծրագրեր են փոխվում, ծրագրեր են հաստատվում, նոր ծրագրեր են ավելանում։ Որոշները փակվում են, եւ դրանց փոխարեն ավելանում են նորերը։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ արդեն ամառային շրջան է»։ «Այդուհանդերձ, չե՞ք ժխտում, որ աշխատանքից ազատվողներ եղել են»` մեր հարցապնդմանը տրված եզրափակիչ պատասխանից, սակայն, երեւում է, որ «Երկիր Մեդիայի» համար սկսվել է ոչ այնքան բարենպաստ շրջան. «Ցանկացած ժամանակ էլ «Երկիր Մեդիայից» ազատվողներ եղել են, սակայն որեւէ մասսայական կրճատման մասին խոսք չկա։ Ուղղակի, ծրագրային փոփոխությունների արդյունքում, բնականաբար, մեկ կամ երկու հոգի էլ աշխատանքից ազատվում են։ Բայց ֆինանսական ճգնաժամի, առավել եւս` փակվելու մասին խոսք չկա»։
Հեռուստաեթերի ոլորտին լավատեղյակ մեր աղբյուրի մեկնաբանությամբ` հազիվ թե իշխանությունները գնան «Երկիր Մեդիան» եթերազրկելու ճանապարհով, մանավանդ որ ընդամենը մեկ տարի է` ինչ ընկերությունը շահել է հեռարձակման իրավունքը։ Պակաս կարեւոր չէ նաեւ ներկա պայթյունավտանգ ներքաղաքական իրավիճակը. լրացուցիչ աղմուկը հիմա հաստատ իշխանություններին հարկավոր չէ, առանց այդ էլ լիքը գլխացավանք ունեն։ Ի դեպ, գլխացավանքի մասին. կարծիք կա, որ հենց «Հարսնաքարի» դեպքերի մասին բավականին համարձակ եւ անաչառ ռեպորտաժների պատճառով են «Երկիր Մեդիայի» գլխին սեւ ամպեր կուտակվել։ Ամեն դեպքում, դատելով նախադեպից, չի կարելի բացառել, որ եթե հեռուստաընկերությունը իրեն «ճիշտ» չպահի, նախագահական ընտրությունների նախաշեմին կարող է հայտնվել Ա1+-ի վիճակում։