01.12.2017 14:03 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Խանդի տեսարանների պակաս չի լինի

Որտեղի՞ց սպասել ռուսական «պատասխան հարվածը»

Որտեղի՞ց սպասել ռուսական «պատասխան հարվածը»

Ռուսական հեռուստաընկերոuթյունների բարձրացրած հակահայկական հիստերիան նորանոր բարձունքներ է նվաճում։ Հայաստանին մեղադրում են դավաճանության մեջ, համարյա բաց տեքստով մարմնավաճառ են անվանում՝ հայտարարելով, թե հայերը պարզապես դժգոհ են եւ ավելի շատ փող են ուզում, ասում են, որ «Հայաստանը Ռուսաստանի կինն է եւ այլեւս իրավունք չունի ուրիշների հետ ման գալ», եւ այլն։

Կարելի է, իհարկե, մեկին տասը պատասխան տալ եւ ասել, օրինակ, որ անբարոյականն ու դավաճանը ռուսներն են, որ ադրբեջանցիներին ժամանակակից զենք են վաճառում ու հետո մեզ պարտքով փող տալիս, որ իրենցից պաշտպանողական զենք գնենք, բայց մեծ հաշվով՝ հակաճառելն անիմաստ է։ Նման դատարկ բաներով զբաղվելու փոխարեն պետք է հստակ գիտակցել, որ Ռուսաստանն անպայման ինչ-որ կերպ մեզանից վրեժ է լուծելու, փորձել հասկանալ, թե որ կողմից է հասցվելու հարվածը, եւ հակաքայլեր նախապատրաստել։

 Եվ այսպես, ի՞նչ հարվածներ կարելի է սպասել Ռուսաստանից։ Սկսենք նրանից, որ հարվածը կարող է ամիսներով ուշանալ։ Ոչ թե այն պատճառով, որ «վրեժն այն ուտելիքն է, որը պետք է մատուցել սառը վիճակում», այլ որովհետեւ եթե հարվածը արագ հասցվի՝ անմիջապես «կզռռա», որ դա կապված է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հետ։ Նույն պատճառով էլ, ի դեպ, Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ հարվածը հասցվի ուրիշների ձեռքով (կամ առնվազն ոչ պետական մակարդակով)։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է առանձնացնել հնարավոր հարվածի մի քանի ուղղություններ։

1. Ղարաբաղյան պատերազմ։ Ռուսաստանն, իհարկե, կարող է Ադրբեջանին հրահրել նոր «ապրիլյան պատերազմ» սկսել (եւ անգամ հետախուզական տվյալներ փոխանցել այդ երկրին), բայց կարճատեւ պատերազմի դեպքում հայկական ուժերը միանգամայն ի վիճակի են այդ հարցը լուծել սեփական ուժերով։ Այնպես որ՝ Ռուսաստանը մեզ լուրջ վնաս կհասցնի միայն այն դեպքում, եթե հրահրի կամ լայնամասշտաբ պատերազմ, կամ լրջագույն սադրանքներ Հայաստանի սահմանների դեմ՝ հյուսիս-արեւելքից կամ Նախիջեւանի կողմից (եւ ինքը մի կողմ քաշվի)։ Այդ դեպքում, ըստ ռուսների տրամաբանության, թուրքական միջամտության սպառնալիքն իրական կդառնա, ու մենք նորից Ռուսաստանի գիրկը կնետվենք՝ այս անգամ արդեն անվերապահորեն։

2. Էներգետիկ ճնշումներ։ Սա Ռուսաստանի ամենահզոր լծակներից մեկն է։ Թող որեւէ մեկին թյուրիմացության մեջ չգցի այն, որ Ռուսաստանը մինչեւ եկող տարվա վերջը Հայաստանին գազ է վաճառելու 150 դոլարով։ Իրականում Ռուսաստանը 150 դոլարով գազ է վաճառում ինքն իրեն («Գազպրոմ-Արմենիային»), իսկ հայ սպառողները գազը ստանում են 300 դոլարով։ Ռուսաստանը կարող է Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների միջոցով, որոնց սեփականատերերի հիմնական ունեցվածքը Ռուսաստանում է։ Ըստ երեւույթին հենց այս հեռանկարը հաշվի առնելով էլ Հայաստանը կարծես թե մտադիր է կտրուկ մեծացնել գազի ներկրումն Իրանից։

3. Ռուսաստանում աշխատող հայ միգրանտներ։ Ռուսաստանը պետական մակարդակով իհարկե ոչինչ չի անի, բայց «ներքին կարգով» կարող է հրահանգել, որ հայ միգրանտների նկատմամբ օրենքները գործեն ողջ խստությամբ (հակահայկական քարոզչությունը դրա համար նպաստավոր պայմաններ կստեղծի)։

4. Ճնշումներ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Խոսքն, իհարկե, կոմպրոմատների հրապարակման մասին չէ. այդ ի՞նչ պիտի ասեն ռուսները նրա մասին, որ մենք չգիտենք։ Խոսքն այն մասին է, որ նրան պարզապես կստիպեն համաձայնագրի ստորագրումից հետո ոչինչ չանել, ինչն ինքնաբերաբար այդ համաձայնագիրը կդարձնի ընդամենը թղթի կտոր։ Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը հազիվ թե դիմադրի (ավելին՝ կանի դա մեծ հաճույքով)։

5. Հայաստանում «հակաեվրոպական շարժում»։ Ռուսաստանյան քարոզչությունը կարող է Հայաստանում լուրջ ցնցումներ առաջացնել՝ «ազգային շարժում» հրահրելով իբր համասեռամոլների, աղանդների եւ այլ «եվրոպական արատների» դեմ։

Մի խոսքով՝ պետք է պատրաստ լինել։ Մեր «ռազմավարական դաշնակիցը» մեր դեմ ինչ-որ բան է նախապատրաստում, իսկ Եվրամիությունը հաստատ մեզ չի օգնելու։ Շատ-շատ՝ առիթն օգտագործելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30