25.04.2017 04:27 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Որ չկրկնվի

Ապրիլի 24-ը եւ մնացած 364 օրերի դասերը

Ապրիլի 24-ը եւ մնացած 364 օրերի դասերը

Ապրիլի 24-ը տարվա այն եզակի օրն է, երբ ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը համախմբվում է։ Համախմբվում է` Հայոց ցեղսպանության զոհերի հիշատակը հարգելու եւ աշխարհից արդարություն պահանջելու գաղափարի շուրջ։

Ե՛վ Հայաստանում, ե՛ւ աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ հայություն կա, մարդիկ հիշատակի միջոցառումներ են կազմակերպում ուս ուսի տված` անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից կամ սոցիալական դիրքից։ Ու քանի որ աշխարհասփյուռ հայության կենտրոնը Հայաստանն է` ամենազանգվածային ու տպավորիչ միջոցառումները հենց Երեւանում են անցկացվում, որոնց մասնակցելու համար այդ օրը հազարավոր մարդիկ են ժամանում Հայաստան։ Եվ իհարկե` պետական այրերն ու քաղաքական գործիչները բաց չեն թողնում առիթն ու պաթետիկ ելույթներ են ունենում, Ծիծեռնակաբերդի բարձունքից ուղերձներ են հղում աշխարհին...

Ապրիլի 24-ը հայերի համար տարվա թերեւս ամենազգացմունքային օրն է, եւ այդ օրը արտասանված ելույթների բովանդակային մասին անդրադառնալը մի տեսակ ընդունված չէ։ Մանավանդ որ բացարձակ ճշմարտություններ են ասվում։ Օրինակ` որ միայն ուժեղ եւ հզոր լինելով կարող ենք հասնել ցեղասպանության միջազգային ճանաչմանը, կամ` ամուր պետականությունն է միակ երաշխիքը, որ ցեղասպանությունն այլեւս երբեք չի կրկնվի։

Այդպես էլ կա, ու երբ Սերժ Սարգսյանը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ (նաեւ` հայտնի գործարարներ, քաղաքական գործիչներ, անվանի մտավորականներ, գեներալներ եւ այլն) հնչեցնում են այս հանրահայտ ճշմարտությունները, որեւէ մեկը չի առարկում։ Պարզապես շատերն անկախ իրենցից հիշում են, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, անգամ պաշտոնական տվյալներով, Հայաստանից արտագաղթել է 370 հազար մարդ, երկրի տնտեսությունն այդ տարիներին փաստացի չի աճել (տնտեսական հիմնական ցուցանիշները նոր-նոր մոտենում են 2008թ. մակարդակին), իսկ Սերժ Սարգսյանը հաջողություն է արձանագրել միայն մի հարցում` կարողացել է հանրաքվեի արդյունքները կեղծելով փոխել Սահմանադրությունն ու երկարաձգել իր անձնական իշխանությունը։ Այսինքն` եթե միայն ամուր եւ հզոր պետություն ունենալով կարող ենք բացառել նոր ցեղասպանությունը, եւ միայն ուժեղ լինելով կարող ենք հասնել ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ապա Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքում այդ երկու ուղղությամբ էլ միայն հետընթաց է եղել։ Երբ երկրի ազգային հարստությունը կենտրոնացած է 40-50 ընտանիքների ձեռքում, իսկ աղքատության ցուցանիշը 30 տոկոս է (ու այդ 30 տոկոսը, որեւէ հեռանկար չտեսնելով, արտագաղթում է), տարօրինակ է հնչում, երբ այդ 40-50 ընտանիքների ներկայացուցիչները հերթով հայտարարում են, թե Հայաստանը պիտի հզորանա, որպեսզի այլեւս երբեք չկրկնվի ցեղասպանությունը։ Հայաստանը ո՞նց պիտի զարգանա, եթե ձեզ նմանների ագահության պատճառով դատարկվում է։

Կամ ի՞նչ արժեք ունեն անվանի սփյուռքահայերի հայրենասիրական ճառերը (թեկուզ` արտասանված ապրիլի 24-ին ու Ծիծեռնակաբերդի բարձունքից), եթե Հայաստանն օրեցօր թուլանում ու խեղդվում է թշնամական շրջապատման մեջ, իսկ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու ցանկացած փորձ նրանք աշխարհի տարբեր մայրաքաղաքների իրենց կաբինետներում նստած` գնահատում են որպես դավաճանություն։ Հիմա նրանց այդ հայրենասիրությունը նպաստո՞ւմ է Հայաստանի հզորացմանը, թե ոչ, այսինքն` նպաստո՞ւմ է նոր ցեղասպանության կանխարգելմանը, թե՞ հակառակը։

Կամ` դաշնակցական հարյուրավոր երիտասարդներ, թուրքական այրվող դրոշից իրենց ջահերը վառելով, իսկապես տպավորիչ երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ (ու լավ են անում, որովհետեւ հիշատակը նաեւ այդպիսի երթերով պիտի վառ պահել), իսկ այդ նույն երիտասարդների կուսակցական «ավագ ընկերները» նույն պահին (գուցե մի երկու ժամ առաջ կամ հետո) Սերժ Սարգսյանի հետ բանակցում են պաշտոններ ստանալու եւ հանուն այդ պաշտոնների նրան աջակցելու հարցի շուրջ։ Այն նույն Սերժ Սարգսյանի, որի օրոք Հայաստանից 370 հազար մարդ է արտագաղթել։ Հիմա Դաշնակցության վերնախավը Սերժ Սարգսյանին աջակցելով նպաստո՞ւմ է Հայաստանի հզորացմանը, թե ոչ, այսինքն` նպաստո՞ւմ է նոր ցեղասպանության կանխարգելմանը, թե՞ հակառակը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանն ապրիլի 24-ին չի տրվում։ Ապրիլի 24-ն ընդամենը ստիպում է աշխատել պատասխանը գտնելու ուղղությամբ։ Իսկ դրա համար տարվա մեջ կա եւս 364 օր։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30