15.06.2012 00:48 Գայանե Զարգարյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փոթորիկ փոքրիկ քաղաքում

Քոթոն, վիկինգն ու փոքրիկ քաղաքը

Օրերս «ՉԻ»-ն մի նամակ էր ստացել Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվական կառույցից։ Այն վերաբերում էր «ՉԻ»-ում «Հասկացրել են» վերնագրով տպագրված հրապարակմանը, ուր մասնավորապես խոսվել էր Ստեփանավանի ՀՀԿ-ական քաղաքապետի մասին։

Հրապարակման մեջ նշվել էր, որ քաղաքապետ Ղարաքեշիշյանի գլխին «սեւ ամպեր»  են կուտակվել, եւ որ նա  նոր «դաբրոներ» է փնտրում առաջիկա ՏԻՄ նտրություններին  ընդառաջ։ Միեւնույն ժամանակ  ասվել էր, որ  այս քաղաքում  հնարավոր է քաղաքապետի  սեփական թեկնածուով հանդես  գա ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ Տաշիրի Կարենը։  

Մինչ բուն թեմային անդրադառնալը նշենք, որ քաղաքապետարանից ստացված նամակը ոչ թե պատասխանի, այլ քնարական զեղումներով   մի շուտասելուկի էր նման, ուր քաղաքապետի գովքն անելուց ու նրան  սրբի լուսապսակ հագցնելուց բացի, համարյա թե այլ հակափաստարկների չհանդիպեցինք։ Բացի նրանից, որ քաղաքապետարանի  առաջատար մասնագետ Նազելի Ավագյանին վրդովեցրել էր այն, որ քաղաքապետի անունը ոչ թե Արմեն է, այլ Սարգիս։ Ն. Ավագյանը  չկայացած քննիչի դիրքերից  նախ  հարցադրում էր արել «ՉԻ»-ին` ասելով հետեւյալը. «Եթե դուք չգիտեք ձեր հերոսի ճիշտ անունը, ապա որտեղի՞ց գիտեք, թե նա ինչ հարաբերությունների մեջ է  մարզային իշխանությունների հետ  եւ  կամ ինչ են նրան ասել ՀՀԿ գրասենյակում։ Անձամբ ներկա եղե՞լ  եք  նման խոսակցության, որ ՀՀԿ  ղեկավարները քաղաքապետին հասկացրել են «խաղեր չտալ»։ Որից  հետո նա իր հարցին ի պատասխան նշել  էր. «Ստացվում է կամ ձեր աղբյուրները  լավ չեն աշխատում, կամ էլ սենսացիա եք փնտրում՝ հենվելով փողոցից լսված խոսակցությունների  վրա՝ ցանկանալով խառնաշփոթ ստեղծել փոքրիկ քաղաքում»։

Սկզբի համար վատ չէ. մի շնչով ասված, բայց, ինչպես  կասեր  Էքզյուպերին. «Ավելի լավ է շտապենք դանդաղ»։  

Նախ` ինչ վերաբերում է ձեր մեծարգո ղեկավարի անվանը` տեղեկացնենք, որ դեռեւս նախորդ խորհրդարանական ընտրություններից  սկսած թե՛  տեղական իշխանիկներից շատերը, թե՛ քաղաքապետ Ղարաքեշիշյանի կուսակից  ընկերները չգիտես ինչու եւ  ինչպես լրագրողներիս ներկայությամբ վերջինիս անձը հիշատակելիս նշում էին  Արմեն  կամ  Քոթո։  Թե ինչո՞ւ, էդ արդեն դուք ձերոնցով կիմանաք։ Առանց այն էլ ընթերցողները շատ հաճախ խճճվում են մականունավորների իրական ու անիրական անունների շուրջ։ Եվ եթե ձեզ վրդովվեցրել է այդ փաստը, ապա հանգիստ եղեք. հաջորդ  հրապարակումներում մենք նրան կհիշատակենք որպես Սարգիս,  բայց դժվար թե դրանից հետո  սրբագրվեն Ստեփանավանի  քաղաքապետի՝ ձեր կողմից մատնանշված «հերոսի» սխրանքները։ 

Գանք Ձեր պատասխանի մեջ նշված խառնաշփոթին, սենսացիաներին ու  փողոցի խոսակցություններին։ Ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի համար մի մեծ դժվարություն չէ մեկ անգամ  գտնվել ձեր փոքրիկ քաղաքում ու բազում սենսացիաներով վերադառնալ։ Իսկ ինչ մնում է նրան, որ «ՉԻ»-ն իր հրապարակած  լուրով  խառնաշփոթ է ստեղծել ձեր  փոքրիկ  քաղաքում, ապա  դրա հետ կապված մենք լուրջ կասկածներ ունենք։ Որովհետեւ փորձը  ցույց է տվել, որ  ձեր փոքրիկ քաղաքում  նույնիսկ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի՝ Քոթոյի փողոցային խոսակցությունների  վրա հիմնված «ռազբորկաների» ու  նրա «Վիկինգ»-ից արձակված  կրակոցների դեպքում անգամ   ստեփանավանցին խուճապի չի մատնվել։

Անցնենք առաջ։ Ն. Ավագյանը մեզ հասցեագրված պատասխանի մեջ նշում է նաեւ այն մասին, որ «Ստեփանավանի քաղաքապետի գլխին ո՛չ սեւ ամպեր են կուտակվել, ո՛չ էլ նա ոտուձեռ է ընկել գալիք ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունը վերստին առաջադրելու համար։ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 132-ի պահանջները բավարարող ցանկացած քաղաքացի առանց որեւէ մեկի թույլտվությունը ստանալու կարող է առաջադրվել։ Էլ ու՞ր մնաց  երեք անգամ ժողովրդի քվեին արժանացած քաղաքապետը, որը վայելում է թե՛ Ստեփանավանի ժողովրդի եւ թե՛ մարզային ու հանրապետական իշխանությունների հարգանքը։ Նա բավականին լավ հարբերությունների մեջ է թե՛ կուսակցության ղեկավարների եւ թե՛ կուսակից ընկերների՝ այդ թվում նաեւ Կարեն Կարապետյանի հետ»։

Բավականին  լավ է ասված, քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը ջերմ հարաբերություններ ունի թե՛ մարզային իշխանությունների եւ թե՛ հանրապետական իշխանությունների հետ։   Իսկ ի՞նչ է, այսքան ժամանակ երբեւէ առիթ չե՞ք ունեցել ձեր համարձակ քաղաքապետի կողմից  լսելու, որ  իշխանությունները չափից դուրս էին «պրախոդ» տվել Կարեն Կարապետյանին եւ որ նրանց ջուրը մի առվով չի գնում։ Ավելին, շատ հաճախ նույն Քոթոն մեզ հետ ունեցած մասնավոր զրույցների ժամանակ սրտնեղվում էր, որ Կարապետյանը մարզին «բռի» մեջ է պահում։ Իսկ այն, որ նախագահական ընտրությունների նախաշեմին  Քոթոյին ու Կարապետյանին  ՀՀԿ վերնախավը    հրահանգել է արագ տեմպերով «հավատալ ու փոխվել» եւ  իրար  հետ «եղբայրություն» անել, այստեղ էլ մի զարմանալու բան չկա։ Հատկապես, որ այս վերջին օրերին  ՀՀԿ-ի ներսում, հենց ՀՀԿ-ականների մեջ տարածված լուրերի համաձայն,  ներքին որոշում են կայացրել՝ պահպանելու ՀՀԿ-ական քաղաքապետներին։

Եվ վերջապես, մի՞թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի (ում երջանկահիշատակ հոր՝ Անդրանիկ Մարգարյանի օրոք քաղաքական հասակ է առել Քոթոն) այցը ձեր քաղաք կարող էր աննպատակ լինել։ Դրա մասին առիթ կունենանք դեռ խոսելու։ Իսկ թե ինչպիսի վստահություն է վայելում Ստեփանավանի ժողովրդի մեջ  իշխանությունների սիրելի Սարգիս Ղարաքեշիշյանը եւ թե  նրա աշխատանքի  շնորհիվ ինչպես են վերաբերվում տեղի բնակիչները նույն իշխանություններին, կարդացեք «ՉԻ» վաղվա համարում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31