23.03.2018 07:00 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Թոռ-ծոռ հերթի են

Ժամանակ տվեք՝ ժառանգորդ պատրաստի

Ժամանակ տվեք՝ ժառանգորդ պատրաստի

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, բայց այդ ընթացքում զբաղվելու է նաեւ քաղաքական նոր առաջնորդների «թրծմամբ»։ Պարզ ասած՝ իր համար ժառանգորդ է նախապատրաստելու։ Ընդ որում՝ քաղաքական առաջնորդներ է «թրծելու» անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական «դիրքավորումից»։

Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա։ Առաջին՝ այս հայտարարությունը վկայում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը ղեկավարելու գործն ընկալում է ընդամենը որպես շահութաբեր բիզնես, ընդ որում՝ իր անձնական բիզնեսը։ Եվ, որպես հեռատես բիզնեսմեն, իր համար ժառանգորդ է պատրաստում (որպեսզի բիզնեսը չկործանվի)։ Սա նորմալ է, աշխարհի խոշորագույն կորպորացիաների սեփականատերերը հենց այդպես էլ վարվում են։ Պարզապես Սերժ Սարգսյանը մոռացել է, որ Հայաստանն իր անձնական բիզնեսը չէ, եւ ինքը չի կարող այն որպես սեփականություն կտակել հաջորդ «թոփ-մենեջերին»։ Որովհետեւ ժողովուրդն է որոշում, թե ով պիտի ղեկավարի երկիրը (համենայն դեպս «ՀՀ Սահմանադրություն» կոչվող գրքույկում այդպես է գրված)։

Իսկ գուցե Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդի դերի համա՞ր է ժառանգորդ պատրաստում։ Դա շատ հասկանալի կլիներ՝ ցանկացած ժողովրդավարական երկրում էլ կուսակցությունների լիդերները ժառանգորդներ են պատրաստում։ Բայց ԱՄՆ-ում, օրինակ, դեմոկրատ նախագահի մտքով չի անցնի հայտարարել, թե ինքը զբաղվելու է նաեւ հանրապետականների լիդերների թրծմամբ, Մեծ Բրիտանիայում լեյբորիստները հազիվ թե պահպանողականների առաջնորդներ թրծեն, մինչդեռ Սերժ Սարգսյանը հատուկ շեշտում է՝ ինքը լիդերներ է բուծելու անկախ կուսակցական պատկանելությունից։ Այսինքն՝ միանգամից պայթեցնում է այն փուչիկը, թե իբր Հայաստանը խորհրդարանական երկիր է, ժողովուրդն ընտրություն է կատարում կուսակցությունների միջեւ՝ նախընտրելով այս կամ այն կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագրերը, եւ այլն։ Հիմա պարզվում է՝ այ մարդ, ի՞նչ կուսակցություններ, ի՞նչ գաղափարախոսություն, դրանք ավելորդ թիթիզություններ են, Սերժ Սարգսյանը չորով վերցրել է իշխանությունը, բոլորին ենթարկեցրել է իրեն, ու հիմա որոշել է, որ ապահով ծերության համար պիտի եւ՛ իշխող կուսակցության, եւ՛ ընդդիմության լիդերներ բուծի։

Իսկ երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ փաստորեն տասը տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի շրջապատում առաջնորդի հատկանիշներով մարդիկ չեն առաջացել։ Իսկ թե ինչու է այդպես՝ կռահելը, կարծում ենք, այնքան էլ բարդ չէ։ Խնդիրը միայն այն չէ, որ տասը տարի շարունակ Սերժ Սարգսյանն իրեն շրջապատել է Էդուարդ Շարմազանովի տիպի գործիչներով ու կարենավագյանակերպ սուբստանցիաներով, իսկ կենսաբանական այդ միջավայրում հազիվ թե մոլախոտից բացի այլ բան աճի։ Խնդիրը համակարգային է։ Ցանկացած երիտասարդ դասախոսի հարցրեք՝ ինչո՞ւ են ամբիոնների յոթանասունամյա վարիչները հալածում տաղանդավոր երիտասարդներին, ու նույն պատասխանը կստանաք. հալածում են, որպեսզի արժանի փոխարինող չունենան եւ յոթանասուն տարեկանում էլ մնան ամբիոնի վարիչ։ Եվ իհարկե՝ պարբերաբար ելույթներ ունենան երիտասարդ սերնդին ճանապարհ տալու կարեւորության մասին։ Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ վարվել է ու շարունակում է վարվել։ Նա թույլ չի տալու, որ իր մերձակայքում շատից-քչից հեռանկարային ու հեղինակություն ունեցող որեւէ մեկը հայտնվի, իսկ եթե ինչ-որ մեկն ինքնուրույնության նշաններ ցույց տվեց՝ նրան ենթակա քարոզչամիջոցներն այնպիսի վարպետությամբ «կփչացնեն» ըմբոստին, որ նա մեկառմիշտ կլքի իշխանական «պեռվի կռուգը»։

Իսկ եթե վարչապետության առաջին ժամկետի ավարտից առաջ որեւէ մեկը հետաքրքրվի, թե որտե՞ղ են Սերժ Սարգսյանի թրծած նոր առաջնորդները, եւ ինչո՞ւ ինքն իր տեղը չի զիջում նրանց, պատասխան միշտ էլ կգտնվի։ Հեչ որ չլինի՝ կասի, որ իր այդ խոսքերը համատեքստից կտրված են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30