02.06.2017 10:01 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Պայքար ծխելու եւ բքելու դեմ

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությունը՝ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականություն սկսելու մասին, ցնցեց ամբողջ Հայաստանը։ Ղարաբաղ, կեղծված ընտրություններ, փլուզված տնտեսություն, ծանր սոցիալական պայմաններ... այս ամենի մասին հիմա ընդհանրապես ոչ ոք չի խոսում։ Ոչ մի թեմա երեւի այսպիսի իրարանցում չէր առաջացրել, ինչպես՝ հասարակական վայրերում ծխելն արգելելն ու ծխելու դեպքում տուգանելը։

Իհարկե, Ամերիկա չենք հայտնագործի, եթե ասենք, որ մենք ծխող ազգ ենք։ Նույնիսկ կարելի է ասել՝ բքող։ Սիգարետ սիգարետի հետեւից։ Կախվածությունը ծխախոտից շատ մեծ է։ Մինչդեռ, եթե սթափ գնահատենք, ապա իշխանությունների այս մտադրությանը բավական նորմալ պետք է վերաբերվել։ Եթե իսկապես, սա այլ նպատակներ չի հետապնդում։ Օրինակ, ասվել է, թե արգելված վայրում ծխելու համար պետք է 10 հազար դոլար տուգանք սահմանվի։ Սա՝ ապուշություն է։ Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա։

Իսկ այն, որ ծխելու դեմ պայքարի նման մոտեցումը նորմալ է, ցույց է տալիս աշխարհի տարբեր երկրների փորձը։ Իրականում, այս հարցում իշխանությունները գյուտ չեն արել։

ԴՈՒՔ ԴԵՌ ԲՈՒԹԱՆԻՆ ՉԵՔ ՏԵՍԵԼ

ԱՄՆ-ում՝ օրինակ, հակածխախոտային օրենքները բոլոր նահանգներում են գործում։ Արգելված է հասարակական վայրում կամ ծառայողական տրանսպորտում ծխել. դրա համար 1000 դոլար տուգանք է սահմանված։ Գրեթե բոլոր նահանգներում հանգիստ կարելի է ծխել միայն տանը, սեփական մեքենայում եւ հատուկ հյուրանոցային համարներում։

Իտալիա. հասարակական վայրում ծխելու համար նախատեսված է 50 եվրո տուգանք, իսկ եթե ծխելու ժամանակ մոտակայքում հղի կին կամ երեխա լինի, դառնում է 500 եվրո։

Շվեդիա. այստեղ այլ կերպ են պայքարում ծխելու դեմ։ Սիգարետներն այստեղ աշխարհում ամենաթանկերից է։ Ծխելը թարգողներին հատուկ պարգեւավճարներ են տալիս։ Ուսանողը, որ ցանկանում կրթաթոշակ ստանալ, նախ պետք է ծխելը թողնի։

Դանիա. հասարակական վայրերում եւ աշխատանքի տեղում արգելված է։ Ծխախոտը շատ թանկ է։ Հակածխախոտային արշավին աջակցում է Մարգարիտա 2-րդ թագուհին, որը հենց ինքն է մոլի ծխող։

Մեծ Բրիտանիա. մենք էլ ասում ենք, ինչո՞ւ են հայերն այստեղ այդքան քիչ։ Ծխելն արգելված է գարեջրատներում, ռեստորաններում, սրճարաններում եւ ժամանցի այլ վայրերում։ Հասարակական միակ վայրը, որտեղ թույլատրվում է ծխել... բանտն է, ավելի ճիշտ՝ բանտախուցը։

Գերմանիա. հասարակական վայրերում, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում արգելված է։

Բելգիա. այստեղ շատ են ծխում, եւ հակածխախոտային պայքարը ավելի դժվար է ընթանում։ Սննդի հասարակական վայրերում արգելված է, իսկ մի շրջանում գործատուներին պարտադրում են հաշվել, թե իրենց աշխատողները աշխատանքային օրվա մեջ որքան ժամանակ են ծախսում ծխելու վրա եւ աշխատավարձը վճարելիս այդքան մասով կրճատել։

Հոլանդիա. Սա երկիր չի, այլ դրախտ. ծխելուց հրաժարվողները թոշակ են ստանում։ Նա, ով հայտարարում է ծխելը թողնելու մասին, հատուկ ստուգման է ենթարկվում, եւ եթե զննումը ոչինչ չհայտնաբերի, ապա այդ մարդը ամսական 200 դոլար կստանա։

Լեհաստան. Այստեղ բոլոր քաղաքներում վերացրել են սիգարետ վաճառող ավտոմատ սարքերը, որպեսզի դեռահասները չկարողանան ծխախոտ գնել։ Այստեղ էլ են աշխատավարձ վճարելիս հաշվի առնում ծխելու հանգամանքը։

Կանադա. կանադացիները ավելի օրիգինալ են բան են մտածել. հասարակական բոլոր վայրերից, ռեստորաններից, սրճարաններից պարզապես հավաքել են մոխրամանները։ Ու վերջ։ Ծխախոտային ընկերություններին արգելված է հովանավորել մարզական միջոցառումները։

Թուրքիա. հասարակական վայրերում մեծահասակներին արգելված է ծխել, համարվում է, որ դա վատ օրինակ է երեխաների համար։ Նա, ով հակածխախոտային օրենքները խախտի, պետք է մի պարկ ալյուր կամ շաքարավազ նվիրի աղքատներին։ Թուրքիայում նույնիսկ թանգարան կա, որտեղ կարելի է ծանոթանալ այն մարդկանց խորհուրդներին, որոնք կարողացել են թարգել։

Նոր Զելանդիա. աշխարհում ամենաթանկ ծխախոտն այստեղ է, տուփը՝ 20 եվրո։ Բայց սրանով էլ չեն բավարարվում իշխանությունները. շուտով այստեղ մի տուփ սիգարետի գինը դարձնելու են 60 եվրո։

Բայց ծխախոտի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ մեթոդը երեւի Բութանում է։ Կարելի է ասել, հակածխախոտային չեմպիոնը ինքն է։ Պարզ ու կոնկրետ։ Բութանում ծխելն արգելված է դեռեւս 17-րդ դարից ու վերջ։ Մի քանի տարի առաջ ընդհանրապես արգելվեց ծխախոտի վաճառքն ամբողջ երկրի տարածքում։ Նա, ով ցանկանում է ծխել, պետք է մեկնի հարեւան երկրներից մեկը։ Ծխելուց բռնեցին, նվազագույնը 3 տարվա ազատազրկում է սպառնում։ Իսկ մենք դեռ բողոքում ենք։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30