28.03.2017 09:32 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Միլիոնատեր PR ֆիգուրը

«Կարեն Կարապետյան» կոչվող քարոզչական պրոյեկտը

«Կարեն Կարապետյան» կոչվող քարոզչական պրոյեկտը

Չինական հայտնի իմաստնությունն ասում է. «եթե երկրում իշխում են օրենքները` աղքատ լինելն ամոթ է, իսկ եթե իշխում է անօրինությունը` հարուստ լինելն է ամոթ»։ Վերջին 25 տարիներին (թեեւ դրանից առաջ էլ մի բան չէր) Հայաստանում օրենքներն առանձնապես չեն իշխել, բայց հարուստներն էլ առանձնապես չեն ամաչում իրենց հարստության համար։ Ճիշտ հակառակը` ցուցադրում են դա ու փողոցներն ընկած մարդկանց համոզում ձայն տալ իրենց։

Ուշադիր նայեք կուսակցությունների ռեյտինգային ցուցակները. բացահայտ եւ թաքնված միլիոնատերերի պակաս չկա։ Եվ սա` մի երկրում, որտեղ օրինական ճանապարհով հարստանալը գործնականում բացառված է։

 Միլիոնատերերից մեկն էլ քարոզարշավի առանցքային ֆիգուրն է` ՀՀԿ «քարոզչական դեմք» Կարեն Կարապետյանը։ Բայց նրա դեպքում գործում է տարիներ շարունակ «ռասկրուտկա արված» լեգենդը` իբր մարդը փայլուն մենեջեր է ու միայն դրա շնորհիվ է միլիոնատեր դարձել։ Ավելին` հենց այս լեգենդի շնորհիվ էլ ՀՀԿ-ն փորձում է հաղթել առաջիկա ընտրություններում։ Իբր` Սերժ Սարգսյանը վերջապես հասկացել է, որ այսպես շարունակել չի կարելի, պետք է ազատվել կիսակրիմինալ օլիգարխիկ համակարգից, ու որոշել է դա անել «փայլուն մենեջեր» ու «ազնիվ ճանապարհով միլիոնատեր դարձած» Կարեն Կարապետյանի միջոցով։ Իյա՛, իրո՞ք։

Այս օրերի համար դասական իրավիճակ է` Կարեն Կարապետյանը քարոզչական այցով մեկնում է ինչ-որ մարզ ու դատարկ խոստումներ տալիս միլիարդավոր դոլարների ներդրումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, միջին տարիքի կանայք էլ հիացած լսում են։ Այն նույն կանայք, ում ամուսիններն ու որդիները խոպանում են։ Իսկ ինչո՞ւ են խոպանում։ Որովհետեւ Հայաստանում տնտեսություն չկա, աշխատատեղեր չկան։ Իսկ ինչո՞ւ չկան։ Որովհետեւ Հայաստանում որեւէ բան արտադրելն անիմաստ է` գազն ու էլեկտրաէներգիան այնքան թանկ են, որ որեւէ արտադրանք մրցունակ չի լինի։ Իսկ ո՞վ է մեղավոր, որ այդպես է։ Նույն Կարեն Կարապետյանը, ում ելույթը հիացմունքով լսում են խոպան մեկնածների կանայք ու մայրերը։

Ըստ լեգենդի` Կարեն Կարապետյանը միլիոնատեր է դարձել, որովհետեւ փայլուն մենեջեր է, եւ որպես թոփ-մենեջեր` տարիներ շարունակ հսկայական աշխատավարձ է ստացել։ Ընդ որում` այնքան փայլուն մենեջեր, որ «Գազպրոմը» Ռուսաստանում այդ մակարդակի մենեջեր չի գտել եւ նրան է հրավիրել Հայաստանից` ամսական 130 հազար դոլար աշխատավարձով։ Բայց այդպե՞ս է արդյոք։ Իսկ գուցե դա ոչ թե աշխատավարձ էր, այլ փոխհատուցո՞ւմ` տարիներ շարունակ Հայաստանի թալանին նպաստելու համար։ Չէ՞ որ մինչեւ հիմա որեւէ մեկն այդպես էլ հստակ չի պատասխանել, թե ինչու է հայաստանցի սպառողը գազի համար վճարում կրկնակի անգամ ավելի թանկ, քան այդ նույն գազի արժեքն է սահմանին, ինչու է Վրաստանում գազի կալորիականությունն ավելի բարձր եւ այլն։

Վերջին հաշվով` խնդիրը միլիոնատերերի իմիջը, արտաքինը կամ կրթական ցենզը չէ, խնդիրը միլիոնատեր դառնալու մեխանիզմն է։ Համեմատության համար վերցնենք, ասենք, Սամվել Ալեքսանյանի օրինակը։ Նա մի քանի ապրանքատեսակների ներկրման մենաշնորհ է ձեռք բերել, օգտվելով մենաշնորհային դիրքից` այդ ապրանքները վաճառում է բարձր գներով, ու փաստորեն` Հայաստանի բնակչության հաշվին միլիոնատեր է դարձել։ Իսկ ինչպե՞ս է վարվել Կարեն Կարապետյանը։ Նա միլիոնատեր է դարձել ոչ թե (կամ` ոչ միայն) Հայաստանի բնակչության հաշվին, այլ նրա հաշվին, որ օտարների համար Հայաստանի բնակչությանը թալանելու պայմաններ է ստեղծել ու դրա դիմաց շատ բարձր աշխատավարձ ստացել։

Հարց է ծագում` ո՞րն է ավելի վատ։ Հասարակության տեսանկյունից` արդյունքը մոտավորապես նույնն է (ի՞նչ տարբերություն, թե ով է հարստանում ժողովրդի հաշվին), բայց տարբերություն այնուամենայնիվ կա։ Կավատությունը վատ բան է, բայց իրանցի զբոսաշրջիկներին մարմնավաճառներ մատակարարելն ավելի վատ բան է։ Որքան էլ դրա դիմաց բարձր աշխատավարձ առաջարկեն։

Իսկ հասկանում է մեր հասարակությունն այս տարբերությունը, թե ոչ` ցույց կտան ընտրությունների արդյունքները։ Եթե «Կարեն Կարապետյան» կոչվող քարոզչական պրոյեկտը հաջողություն ունեցավ` ուրեմն հասարակությունն իսկապես արժանի է, որ իրեն խաբեն։ Ընդ որում` ամենապարզունակ մեթոդներով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30