29.09.2017 13:08 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շանտաժը չաշխատեց

Ձախողված թամաշայի ծանր նստվածքը

Ձախողված թամաշայի ծանր նստվածքը

Եվ այսպես՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 10 դեմ, 1 կողմ հարաբերակցությամբ մերժեց «Ելք» դաշինքի նախաձեռնությունը Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Արդյունքում՝ համացանցը հեղեղված է մազոխիստական հեծեծանքներով (իբր՝ «հո զոռով չի, ստրկամիտ ազգ ենք», «մեզ հասնում ա», «տո մեզանից ի՞նչ անկախ պետականություն» եւ այլն)։

Փոխարենը՝ «Ելք» դաշինքի լիդերները մի լավ ձեռ առան Արտաշես Գեղամյանին ու Արմեն Աշոտյանին. խրոխտ կեցվածքով հայտարարեցին, որ ոչ Ռուսաստանի պատասխան քայլերից է պետք վախենալ, ոչ Թուրքիայից, եւ արձանագրեցին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է ընդամենը Ռուսաստանի շանտաժի հետեւանքով։

Ռուսաստանն, իհարկե, իսկապես էլ շանտաժի լեզվով է խոսում մեզ հետ, եւ այդպես եղել է համարյա միշտ։ Եվ ընդհանրապես՝ Ռուսաստանն ում հետ կարողանում է, շանտաժի լեզվով է խոսում։ Բայց մեր մեջ ասած՝ «Ելք» դաշինքն էլ էր շանտաժի լեզվով խոսում։ Իմաստը մոտավորապես սա էր՝ «մեր նախաձեռնությանը միացեք, թե չէ աշխարհով մեկ խայտառակ կլինենք, համ էլ՝ կարձանագրվի, որ քաղաքական բոլոր ուժերը ստրկամիտ են, բացի «Ելք»-ից»։ Պարզապես շանտաժը չաշխատեց, որովհետեւ խորհրդարանի մյուս քաղաքական ուժերին այդ հարցերը վաղուց չեն հետաքրքրում։

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ո՞րն էր «Ելք» դաշինքի այս նախաձեռնության իմաստը։ Իսկ ավելի կոնկրետ՝ ի՞նչ շահեց դրանից Հայաստանը, եւ ի՞նչ շահեց «Ելք» դաշինքը։ Հայաստանը բացարձակապես ոչինչ չշահեց։ Հանձնաժողովը չստեղծվեց, հարցը ԱԺ օրակարգ չմտավ (եւ այդ ամենն, ի դեպ, կարելի էր կանխատեսել հարյուր տոկոս ճշգրտությամբ), ԵԱՏՄ կառույցներում էլ Հայաստանի լեզուն կարճացավ, որովհետեւ եթե մինչեւ հիմա տեսականորեն սպառնալիք կար, որ Հայաստանն ինչ-որ պահի կարող է բարձրացնել այդ հարցը (եւ դա ԵԱՏՄ-ին պիտի ստիպեր ավելի հարգանքով վերաբերվել մեզ), հիմա այդ հարցը փակված է։ Պարզ ասած՝ «Ելք» դաշինքն անտեղի կրակեց այն փամփուշտը, որն ինչ-որ պահի կարող էր իսկապես պետք գալ։

 Իսկ ի՞նչ տվեց այս նախաձեռնությունը կոնկրետ «Ելք» դաշինքին։ Ահագին բան։ Դաշինքը միանգամից ինքն իրեն դիրքավորեց որպես միակ ընդդիմադիր, միակ ազատատենչ (գաղութատիրության դեմ պայքարող) ուժ, միակը, որը դուրս է գալիս ՀՀԿ-ի դեմ (դրանով իսկ իբր հերքվում են իշխանությունների հետ ստվերային համագործակցության մասին խոսակցությունները), ու նաեւ՝ առնվազն որոշ ժամանակով հասարակության ուշադրության կիզակետում գտնվելու հնարավորություն։ Համաձայնվեք՝ քիչ բան չէ մի ուժի համար, որի վարկանիշը խորհրդարանում հայտնվելուց հետո կտրուկ ընկել է։

Բայց եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ մի կողմ դնելով դատարկ հռետորաբանությունը, տակը մնում է միայն մի «չոր փաստ». այն է՝ «Ելք» դաշինքը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որից Հայաստանը միայն տուժում է, իսկ ինքը՝ շահում։ Որպես քաղաքական ուժ՝ գուցեեւ ճիշտ է վարվել, բայց որոշ միամիտներ մինչեւ հիմա կարծում են, թե քաղաքական ուժն այնուամենայնիվ մեկ-մեկ էլ պիտի պետության շահի մասին մտածի։ Այլապես ինչո՞վ է տարբերվում, ասենք, նույն ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից։ Չէ՞ որ նրանք էլ են ճիշտ նույն կերպ վարվում՝ կատարում են բացառապես այնպիսի քայլեր, որոնք պետության համար վնասակար են, իսկ իրենց համար՝ օգտակար։

Ամեն դեպքում՝ թամաշան ակնհայտորեն ձախողվեց։ Ձախողվեց անգամ «Ելքի» վարկանիշը բարձրացնելու մասով, որովհետեւ մեր հասարակությունը նման բաներ շատ է տեսել ու ամեն ինչ շատ արագ է հասկանում։ Այդ թվում՝ նաեւ այն, թե ինչու է քաղաքական ուժը, որը հայտարարում էր, թե երբեք չի մտնի մի գործընթացի մեջ, որտեղ հաղթելու շանսեր չկան, հանկարծ հանդես գալիս մի նախաձեռնությամբ, որտեղ հաջողության հասնելու շանսերը զրոյական են։ Այնպես որ՝ պետք է շտապ նոր բան մտածել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30