16.02.2018 04:25 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գարշի փողը մուծել են

Գաղջը ելավ ջրի երես

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած խայտառակությունն ինֆորմացիոն տեսանկյունից որեւէ նոր բան չտվեց հասարակությանը։ Ի՞նչ նոր բան իմացան մարդիկ, որ մինչ այդ չգիտեին։ Որ Երեւանի բազմաթիվ թաղամասերում ահավոր հակասանիտարական վիճակ է, ու քաղաքապետարանը թքած ունի՞ դրա վրա։ Վաղուց գիտեին։ Որ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներից շատերը ժամանակավորապես «կաստում-շըլվար հագած» փողոցային խուժաննե՞ր են։ Դա նույնպես որեւէ մեկի համար նորություն չէր։

Նորությունը թերեւս այն էր, որ ՀՀԿ-ականների այդ այլանդակ պահվածքը պիտի միանշանակ դատապարտվեր հասարակության բոլո՛ր խավերի կողմից, բայց գտնվեցին հսկայական թվով մարդիկ (այդ թվում՝ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, մտավորականներ եւ այլն), ովքեր կամ բացահայտորեն պաշտպանում էին այդ այլանդակությունը, կամ լղոզված դիրքորոշումներ հայտնում՝ իբր «ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց ցանկացած բռնություն անթույլատրելի է», «գեղեցիկ չէր, բայց այդ կանանց պահվածքն էլ մի բան չէր», «լավ, բայց էդ ի՞նչ պայքարելու ձեւ ա, ամեն ինչ չափ ու սահման ունի», «հա, բայց յանըմ ի՞նչ, ի՞նչ օգուտ տվեցին երեւանցիներին», եւ այսպես շարունակ։ Այս ամբողջ պատմության մեջ սա երեւի ամենատհաճն էր։

Երբ Ռոբերտ Քոչարյանի՝ «Առագաստ» սրճարանում ջազ լսելն ավարտվեց «անզգույշ քաշքշոցով», ամենաահավորն ինքնին այդ փաստը չէր. ի վերջո՝ տեսականորեն նման բան հնարավոր էր ցանկացած երկրում։ Ամենաահավորն այն էր, որ դեպքի հաջորդ օրը այդ սրճարանի այցելուների թիվը չպակասեց։ Անգամ այն բանից հետո, երբ սրճարանի տնօրենը հայտարարեց, թե այդ մարդը «նախագահին տեսել ա, ուրախությունից ա մահացել»։ Ավելին՝ այն ժամանակ էլ գտնվեցին մարդիկ (մտավորականներ, քաղաքական գործիչներ եւ այլն), որ արդարացրեցին Քոչարյանի պահվածքը։ Եթե նման մարդիկ չգտնվեին՝ մարտի 1-ը գուցե տեղի չունենար։ Իշխանությունները հենց այսպիսի «մանրուքներից» հետո են վստահություն ձեռք բերում, որ իրենց ամեն ինչ թույլատրված է։ Ու եթե այսօր Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները չպատժվեն՝ կարող եք չկասկածել, որ վաղն էլ խորհրդարանում է նույնը կատարվելու (եթե, իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն իրեն խելոք չպահի)։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ընդամենը ամիսներ առաջ, եւ այդ ընտրություններում ՀՀԿ-ն ամենաշատ ձայները (85 տոկոս) ստացել է հենց Նուբարաշենում։ Ընդ որում՝ այդ թաղամասի բազմաթիվ շենքերի բնակիչներն արդեն մի քանի տարի է, ինչ շնչում են կոյուղաջրերի գարշահոտը։ Եվ այդ պայմաններում, ինչպես տեսախցիկների առջեւ հպարտորեն պատմում էր մի տիկին, ինքը «պարելով է ընտրել Տարոն Մարգարյանին»։

Որեւէ նորմալ երկրի նորմալ բնակավայրում տարիներ շարունակ նման պայմաններում ապրողները ձայն չէին տա գործող քաղաքապետին, բայց այդ շենքերի բնակիչները երեւի մտածել են, որ «ՀՀԿ-ն էլ ա մարդ, կարող ա մեր լավությունը գնահատի, էս հարցը լուծի»։ Այսինքն՝ փորձել են պայքարելու փոխարեն կաշառել իշխանություններին իրենց ձայներով, իշխանություններն էլ «քցել են»։ Ու հիմա այդ մարդիկ չեն հասկանում՝ լավ, մի կոյուղու եղածն ի՞նչ է, որ չեն սարքում, վերջին հաշվով՝ ձեռները քարի տակ չեն։ Մինչդեռ չհասկանալու բան չկա, ամեն ինչ շատ պարզ է։ Այդ բնակիչները երբեւէ մտածե՞լ են, թե ինչու են տղամարդիկ «նույն գործունեության դիմաց» սիրուհիներին ծաղիկներ նվիրում, իսկ մարմնավաճառներին՝ ոչ։ Որովհետեւ համարում են, որ մարմնավաճառներին «քյաշ փողը» լիուլի հերիք է, ու ավելորդ թիթիզությունների կարիք չկա։

Խոսքը փողի դիմաց իշխանություններին ձայն տվածներին մարմնավաճառների հետ համեմատելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ իշխանություննե՛րն են այդպես ընկալում հասարակությանը։ Դրա համար էլ վստահ են, որ նախընտրական խոստումները կատարելու կարիք չկա, «քյաշ փողը» լիուլի հերիք է։ Ընդ որում՝ իշխանությունները նաեւ խիստ վրդովվում են, երբ քաղաքացիները հարցնում են «բա բյուջեի փողերն ի՞նչ եղան»։ Որովհետեւ, իրենց պատկերացմամբ, մարմնավաճառներն իրավունք չունեն հետաքրքրվել հաճախորդի ունեցվածքով. ձե՞զ ինչ ինչքան փող ունենք, «գին ենք խոսացել», եւ վերջ։

Այնպես որ՝ սա շատ ավելի լուրջ խնդիր է եւ բոլորիս է վերաբերվում։ Հետո՞ ինչ, որ գարշահոտը միայն մի քանի շենքերի բնակիչներ են շնչում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30