23.07.2012 12:48
Տարածել հոդվածը. facebook twitter

Ստոպ կադր

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, հերթական անգամ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները եւ կատարելով վարչախմբի հրահանգը, ազատազրկման դատապարտեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Սարգիս Գեւորգյանին։

Շուրջ մեկ տարի, քննելով ակնհայտ ապօրինի եւ շինծու մեղադրանքը, իսկ վերջում արձակելով արդարադատության հետ որեւէ աղերս չունեցող դատավճիռ, ՀՀ արդարադատության համակարգը արձանագրեց հետեւյալ իրողությունները.

-Վարչախումբը որեւէ մտադրություն չունի հետ կանգնելու իր` քաղաքական եւ քաղաքացիական հակառակորդներին հետապնդելու, հալածելու, զրկանքների մատնելու ավանդական գործելաոճից, միեւնույն ժամանակ գորովանքով վերաբերվելով իր հովանավորության տակ գտնվող հանցագործներին։ Վկա` «Հարսնաքարի» դեպքերը, երբ նույնիսկ հրազենային մարմնական վնասվածքները կոծկվեցին, եւ ոչ ոք իրական պատժի ու պատասխանատվության չենթարկվեց։

- Վարչախումբը, ունակ չլինելով գործել ազատ քաղաքական մրցակցության պայմաններում, նորից դիմում է պատանդներ վերցնելու իր ողորմելի քաղաքականությանը։ Ռեժիմը վախենում է շարժման եւ քաղաքացիական հասարակության թափ հավաքող ակտիվությունից, ինչի վառ ապացույցն էր «Հարսնաքարում» Վահե Ավետյանի դաժան սպանությանն ի պատասխան հասարակական վրդովմունքի ձեւավորումը, որի ակտիվ մասնակիցներից էին նաեւ դատապարտված ակտիվիստներից ազատության մեջ գտնվողները։

- Վարչախումբը նպատակ է դրել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հոգեբանական գրոհի ենթարկել ազատ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներին, մյուս քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան վարչախմբի դեմ պայքարից։

- Վարչախումբը հետայսու էլ ամեն կերպ հովանավորելու է ինչպես խոշտանգումն ու բռնությունը աշխատաոճ դարձրած ոստիկաններին, այնպես էլ շինծու գործեր եւ մեղադրանքներ հարուցող դատախազությանն ու դրանք դակող դատարաններին։

- Դատաքննության ողջ ընթացքը ցույց տվեց, որ ապացույցների հետազոտումը, պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները հիմնովին անտեսվում են, դատաքննությունը, որպես գործով օբյեկտիվ ճշմարտության վերհանման իրավական գործընթաց, ըստ էության, շարունակում է Հայաստանի արդարադատության համակարգում կրել ձեւական բնույթ։

- Դատաքննությունը նաեւ ցույց տվեց, որ դատախազությունն ու դատարանը իրար հետ մրցակցության մեջ էին մտել` թե ով ավելի եռանդով կկատարի վարչախմբի պատվերը։

Փաստ է մի բան. Կոնգրեսի երիտասարդները ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ ենթարկվել են ծեծի եւ խոշտանգումների (բռնությունները տեղի են ունեցել նաեւ դեպքի վայրում)։ Փաստ է նաեւ, որ ապօրինի բռնություն գործադրած որեւէ ոստիկան մինչ օրս չի կանչվել պատասխանատվության։

Այս ապօրինի դատավճռով վարչախումբը Հայաստանը վերստին դասեց քաղբանտարկյալներ ունեցող երկրների շարքում։ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կարողությունները ներդնելու է հայ հասարակության առաջ, ինչպես նաեւ իրավապաշտպան եւ Հայաստանի անդամակցած բոլոր միջազգային կառույցներում քաղբանտարկյալների գոյության փաստն արձանագրելու եւ վարչախմբի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձեւավորելու հարցում։

Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական խմբերին, Հայաստանի քաղաքացուն ձեռնոց է նետված։ Մենք հայտարարում ենք, որ վերցնում ենք այդ ձեռնոցը եւ ջանք չենք խնայելու օր առաջ Սերժ Սարգսյանին եւ իր ավազակախմբին իշխանությունից հեռացնելու եւ գործած հանցանքների համար պատասխանատվության կանչելու համար։ Եթե ավազակապետական համակարգի հաշվարկներով այս դատավճիռը թուլացնելու է պայքարը վարչախմբի դեմ, ապա ստիպված ենք հիասթափեցնել. այն շարունակվելու է ավելի ուժգին թափով։

Հայ ազգային կոնգրես 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30