15.07.2012 02:36 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նախազգուշացում

Ձեւաթուղթը վերցրեցին` 24 ժամ 44 ստորագրություն հավաքելու համար. Պահանջը. արտահերթ նիստ եւ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում

Ձեւաթուղթը վերցրեցին` 24 ժամ 44 ստորագրություն հավաքելու համար

Երեկ ժամը 17։50-ին ԱԺ Կոնգրեսի խմբակցության անդամները դիմել են ԱԺ քարտուղարություն, որտեղից վերցրել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթուղթը։ Այդ պահից սկսած դիմողներն, ըստ կանոնակարգի, ունեն 24 ժամ, որպեսզի հավաքեն արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ պատգամավորների ստորագրությունների քանակը. պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը, կամ 44 ստորագրություն։ Եթե 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ թվով ստորագրություններ չհավաքվեն, ապա արտահերթ նիստ հրավիրելն անհնար կլինի։

Նշենք, որ երեկ երեկոյան արդեն փաստաթղթի տակ ստորագրել էին Կոնգրեսի պատգամավորներից Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, ինչպես նաեւ «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զուրաբյանը, բոլոր այն պատգամավորները, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, այսօր` ժամը 13-15-ը կարող են գնալ ԱԺ` Նիկոլ Փաշինյանի սենյակ եւ իրենց ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ։

Զուրաբյանը երեկ ներկայացրեց այն հիմնավորումները, որոնց պատճառով Կոնգրեսը սկսել է այդ նախաձեռնությունը։ Հաշվի է առնվել այն, որ «Հարսնաքարի» դեպքը հասարակական մեծ հնչեղություն է ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք եւ ինքնաբուխ զանգվածային ակցիաներ, որ ԱԺ կողմից արագ եւ համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների ապահովմանը, որ դեպքերի կապակցությամբ շոշափվում է ԱԺ պատգամավորի մասնակցության եւ պատասխանատվության հարցը եւ այլն։ «Հաշվի առնելով ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները, որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին  հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»,- ասված է երեկ Զուրաբյանի կողմից ներկայացված փաստաթուղթ-հիմնավորման մեջ։

Զուրաբյանը նշեց, թե քանի որ հավանական է, որ այս հարցը կարող է շահարկվել, ասելու են, թե քանի որ քննություն է ընթանում եւ նման իրավասություն ԱԺ-ն չունի, ուստի «մենք նաեւ ինչ-որ հնարավոր է  ուղղակի տեղափոխել ենք Մարտի 1-ի հանձնաժողովի մասին որոշումից այս որոշման մեջ»։ «Այս որոշման մեջ չկա որեւէ կետ, որը իր նախադեպը չունի Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման մեջ։ Այն, ինչ  պահանջում ենք, ունի իր նախադեպը, ինչ հիմնավորմամբ որ ստեղծվել է Մարտի 1-ի հանձնաժողովը, նույն հիմքով կարող է ստեղծել նաեւ այս հանձնաժողովը»,- նշեց Զուրաբյանը։ Վերջինս նշեց, թե իհարկե շատ լավ կլիներ, որ հավաքվեր անհրաժեշտ 44 ստորագրությունը, բայց եթե անգամ դա չհաջողվի, «սա նախազգուշական զանգ է, եւ ինչքան շատ ստորագրություններ հավաքվեն, այդքան ավելի բարձր է այդ նախազգուշական զանգը հնչելու»։ Նա նշեց, որ առաջարկով դիմելու են նաեւ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցություններին` հնարավորություն ստեղծելով, որպեսզի այդ խմբակցությունների, ինչպես նաեւ անկախ պատգամավորները եւս միանան այդ նախաձեռնությանը։  

Նշենք, որ ըստ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի, հանձնաժողովի խնդիրն է ուսումնասիրել «Հարսնաքարի» դեպքի իրական հանգամանքները, դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը,  Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիկնազորի անդամների` նշված դեպքերին ունեցած առնչությունը պարզելը։ Հանձնաժողովը, եթե այն ստեղծվի, իրավունք կունենա հարցումներով դիմելու ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը, ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին, հրավիրելու պաշտոնատար անձանց, փորձագետների եւ մասնագետների` նրանցից պարզաբանումներ ստանալու, հրավիրելու քաղաքացիների, այդ թվում` վկաներին եւ տուժողներին, լսել նրանց բացատրությունները, դատախազի թույլտվությամբ ծանոթանալ հարուցված քրեական գործի նյութերին, իսկ հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց եւ ստանալ բացատրություններ։

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե 44 ստորագրություն հավաքելը տեխնիկապես կարող է անհնար լինել, հաշվի առնելով, որ ԱԺ-ն գտնվում է կիսաարձակուրդային վիճակում։ Նա ասել է, թե ՀՀ-ում գտնվող ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, ինչպես նաեւ ինքը կմիանան նախաձեռնությանը, ինչը, ըստ նրա, սակայն, բավարար չէ պահանջված ստորագրությունները հավաքելու համար։

 Հ.Գ. Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեր թերթի` www.chi.am կայքում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31