20.04.2018 04:58 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

«Սերժ Սարգսյանի բացահայտ անպատկառությունը վրդովվեցրել է մարդկանց». Միջազգային անդրադարձ՝ Հայաստանյան իրադարձություններին

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները անսպասելիորեն հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Առաջատար լրատվամիջոցները այս օրերին լրագրողական խմբեր են ուղարկում Երեւան՝ ընդդիմության ցույցերն ու ակցիաները լուսաբանելու համար։ Իսկ լուսաբանելու բան՝ իսկապես կա։ Միայն ֆլեշ-մոբերը ինչ ասես, արժեն։ Եվ այժմ, քաղաքագետները, մամուլը, փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել Երեւանում ու ինչու է կատարվել։

«10 տարի առաջ, 2008-ին՝ հայկական ընդդիմությանը չհաջողվեց իրականացնել «թավշյա հեղափոխությունն» ու խանգարել Սերժ Սարգսյաննի պաշտոնավարմանը, որն արդեն 10 տարի շարունակվում է։ Այն ժամանակ Հայաստանում նույնպես զանգվածայինն ցույցեր եղան, որտեղ դժգոհում էին նախագահական ընտրությունների արդյունքներից։ 2008-ին ռեժիմը ուժ կիրառեց ցույցը ցրելու համար, իսկ հետո զենք օգտագործեց ընդդեմ ժողովրդի, որի արդյունքում զոհվեց 10 մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին։

Այժմ էլ ընդդիմության չհաջողվեց իշխանափոխություն, սակայն պետք է խոստովանել, որ 2008-ի զանգվածային բողոքներից հետո ապրիլյան այս օրերը իշխանությունների հաամար հնչեցին որպես տագնապի երկրորդ ազդանշան», գրել է քաղաքագետ Սերգեյ Ստրոկանը։

«Քաղաքական բազմաքայլ կոմբինացիան, որը միտված էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երկարացնել, որոշակի արգելքների բախվեց», նշել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Վերջինս ընդգծել է հայկական իշխանության լեգիտիմության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել էին դեռ տաս տարի առաջ, երբ իշխանությունը Ռ. Քոչարյանից փոխանցվում էր Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ 2016թ. Ապրիլյան պատերազմը։ «Իշխանության հակառակորդները գտնում են, որ լեգիտիմության նման ցածր մակարդակով իշխանությունը չի կարող պետական շահերին հետամուտ լինել», ասել է Մարկեդոնովը։

 ՊԱՀԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ

Ռուսաստանցի մեկ այլ քաղաքագետ՝ Սերգեյ Օզնոբիշչեւը, «Կոմերսանտի» հետ զրույցում նշել է. «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ողջ իմաստը փաստացի այն էր, որպեսզ փոփոխությունների անվան ներքո պահպանվի հայկական քաղաքական դաշտի ստատուս-քվոն։ Ստատուս-քվո՝ միեւնույն գործող անձանցով, բոլոր կարեւորագույն հիմնախնդիրների շուրջ միեւնույն մոտեցումներով. սկսած ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, մինչեւ արտաքին աշխարհի հետ հարաբերություններն ու սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը։

Սակայն կոնսերվատիզմը տեղին է այն դեպքերում, երբ՝ առնվազն կոնսերվացնելու բան կա։ Հայաստանի դեպքում իրական բարեփոխումների բացակայությունը սպառնում է լճացմամբ, բնակչության աղքատացմամբ եւ իրական փոփոխությունների սպասումից հոգնածությամբ»։

Ռուսաստանի Արեւելագիտության ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով, Հայաստանում բողոքի ալիքը պայմանավորված է իշխող վարչախմբի ցածր վարկանիշով. «Շատ բարդ է այդքան ցածր հեղինակություն ունենալ, ինչպիսին՝ Սերժ Սարգսյանի դեպքում է։

Պատճառները տարբեր են։ Կոռուպցիան, կլանային համակարգը, տնտեսական փակուղին, ղարաբաղյան հիմնախնդիրն ու ապրիլյան պատերազմը։ Ու բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց հանդեպ իշխանությունները անհաղորդ են։ Երկրում դժգոհության կրիտիկական զանգվածը վաղուց էր կուտակվում եւ վաղ թե ուշ պետք է պայթեր։

Սակայն ընդդիմությունն առայժմ որեւէ պոզիտիվ չի առաջարկում։ Հայաստանի հասարակությունը դժգոհ է ներկա իշխանությունից։ Այդ իսկ պատճառով ցանկացած ֆիգուր, որը հանդես է գալիս իշխանության դեմ, որոշակի աջակցություն է ստանում։ Այժմ նման ֆիգուր է Փաշինյանը։ Սակայն դա չի կարող հակակշիռ դառնալ իշխանության ռեսուրսներին, որը վերջինս ունի, այդ թվում՝ ուժային»։

ԵԹԵ ԲԱՆԱԿԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻ

Պատմաբան Անդրեյ Զուբովը նշել է, որ Հայաստանում ձեւավորվել է կառավարման արեւելյան մոդել։ «Սերժ Սարգսյանը Պուտինի անմիջական հետեւորդն է եւ նմանատիպ ցմահ դիկտատուրա է կառուցում։

Նա մի քանի անգամ խոստացել էր, որ հրաժարական կտա, սակայն ամեն անգամ խաբում էր։ Այժմ՝ դառնալով վարչապետ, սեփականաշնորհել է Երեւանի նստավայրը եւ պատասխանելով ընդդիմության այն հարցին, թե ինչ հիմքով է դա արել, պատասխանում է. «Եթե ես սահմանադրություն եմ խախտել, ապացուցեք, իսկ եթե ոչ՝ շնորհավորեք, որ ես վերջապես իմ տունը ստացա Երեւանում։ Նման բացահայտ անպատկառությունը վրդովում է մարդկանց», նշել է Զուբովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի միջամտի իրադարձություններին, եթե միայն այդ մասին չխնդրի անձամբ Սերժ Սարգսյանը. «Նա, իհարկե, Պուտինի հաճախորդն է։ Եթե Մոսկվայից նրան հրահանգեն խնդրել, ապա նա կխնդրի։

Սակայն այստեղ մի խնդիր կա. ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանում բավականին մոբիլիզացված, մարտունակ, մարտերում թրծված բանակ կա։ Եվ եթե զինվորները անցնեն ժողովրդի կողմը, ապա ամեն ինչ շատ լուրջ կլինի։ Հայաստանում, բնականաբար, մարդկանց միջեւ կապերն ավելի սերտ են, քան՝ Ռուսաստանում»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30