Ասում են` երկու կառույցներն էլ զուգահեռաբար փորձում են իրար վրա լուրջ «չեպեներ» բռնել, որի ձայնը կարող է հասնել մինչեւ մայրաքաղաք։ Ավելին, ըստ նույն լուրերի, քաղաքապետարանում անգամ փոքր թղթաբանության հետ կապված խնդիրները արհեստականորեն ձգձգում են՝ ֆոն ստեղծելով, թե մարզպետարանի թելադրանքով ու ասելով չէ, որ իրենք պետք է ցանկացած խնդրի շուրջ օպերատիվ արձագանքեն։ Իսկ որ ամենահետաքրքիրն է` Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին, քաղաքապետարանում անցկացրած նիստերից մեկի ժամանակ, անկեղծորեն խոստովանել է. «Էս իմ քաղաքս է, ես ստեղ ծնվել եմ, ստեղ էլ պիտի ապրեմ, ում ձեռք չի տա էս ամենը, էդ արդեն իրա պրոբլեմն է։ Թեկուզ, որ ես քաղաքապետ էլ չդառնամ, մեկ է, ես եմ էս քաղաքի տերը»։ Պարզելու համար, թե արդյո՞ք այդ աստիճան են սրվել Գյումրիի քաղաքապետ-Շիրակի մարզպետ փոխհարաբերությունները, եւ կամ հնարավո՞ր է, որ Վարդան Ղուկասյանը որոշել է հրաժարվել քաղաքապետ դառնալու իր սուրբ պարտականությունից, փորձեցինք լսել երկու կողմին էլ։ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում միանգամից նշեց. «Մեր գործերը նորմալ են, լարվածություն չկա, եւ որեւէ խնդիր չկա։ Իսկ ի՞նչ է եղել որ»։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Վարդան Ղուկասյանը այլեւս ոչ մի մարզային միջոցառման չի մասնակցում, մարզպետը փոխանցեց. «Նման բան չկա, խնդրում եմ այդ հարցով իրեն դիմեք։ Եթե միջոցառում լինում է, նա մասնակցում է։ Իսկ թե առաջիկայում նա կառաջադրի իր թեկնածությունը, թե՞ ոչ, անկեղծորեն, դրանից տեղյակ չեմ, զանգեք, իրեն հարցրեք»։ Վարդան Ղուկասյանին չկարողացանք նույն հարցերով դիմել, քանի որ նրա բոլոր բջջային հեռախոսահամարները ուղղակի անհասանելի էին։