27.12.2017 05:35 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Արջամկան տարին

Ահա եւ հերթական տարին է ավարտվում։ Ընդհանրապես, Հայաստանում վերջին տարիները մեզ հիշեցնում են «Արջամկան օրը» հանրահայտ ֆիլմը։ Տարին սկսում ենք՝ նույն պատկերն է, տարին ավարտում ենք՝ պատկերը շարունակում է նույնը մնալ։ Մենք՝ հանրությունս, արդեն քանի տարի է, հանդիսատեսի կարգավիճակում ենք, ընդամենը հետեւում ենք, դիտում ենք այն, ինչը արդեն տեսել ենք, ինչը գիտենք, ինչը հազար անգամ մեր գլխով անցել է։

Մյուս տարին խոստանում է լինել նախորդ տարիների կրկնությունը։ Սերժ Սարգսյանը կմնա երկրի ղեկավար՝ պարբերաբար խոստանալով 2040-ին Հայաստանի բնակչությունը մինչեւ 4 մլն դարձնել։ Հանրապետակաները կշարունակեն պնդել, որ Սերժ Սարգսյանից դենը աշխարհ չկա, կառաջարկեն նրա պատկերով լուսանկարները տեղադրել բոլոր հնարավոր եւ անհնար վայրերում՝ որպես պետության խորհրդանիշ։

Թունելի Հակոբը մյուս տարի կհայտարարի, որ այն մարդիկ, ովքեր 2 օրը մեկ են հաց ուտում, ընդ որում՝ միայն ցամաք հաց, կարող են չանհանգստանալ թանկացումների համար։ Խոսրով Հարությունյանը իր ընտանիքի հերթական անդամին՝ փեսա, բաջանաղ, զավակ, աներձագ, կտեղավորի որեւէ յուղոտ նախարարությունում, ձեռի հետ էլ հայտարարելով, մեր ժողովուրդը ավելի ծանր պայմաններում է ապրել, եւ գոտիներ ձգելով կկարողանա յոլա գնալ։

Հերմինե Նաղդալյանը նորից 2 միլիոն դրամանոց սկանդալի կենտրոնում կհայտնվի. այս անգամ կպարզվի, որ Դուբայ շոփինգի գնալիս մոռացել է անջատել Ազգային Ժողովին պատկանող հեռախոսի ռոումինգը։

Արա Բաբլոյանը կշարունակի նստել ԱԺ նախագահի աթոռին ու լսել Գալուստ Սահակյանի խորհուրդները։ Իսկ Գալուստ Սահակյանը խիստ կպատժի լրագրողներին. այսինքն, այլեւս չի խոսի։ Ընդդիմությունը կառաջարկի Ազգային Ժողովի նիստերի ընդմիջումները 20 րոպեից դարձնել գոնե 45 րոպե, Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դեմ կլինի այդ նախաձեռնությանը՝ պնդելով, որ 20 րոպեն լրիվ բավարար է։

Կարեն Ավագյանը կվերընտրվի Հայաստանի գլխավոր երիտասարդի պաշտոնում, եւ կշարունակի ֆինանսավորել Բարդուղիմեոսի 24/15, Ատամնաբույժի 31/563, Գագարինի պողոտա 41/5 հասցեներում գտնվող «Կոտոշներ ու քամի», «ՀայԵրիտԿոմԱյգի», «Բանակն ընդդեմ դասալքության» կազմակերպությունների հայրենանվեր գործունեությունը։

Կարեն Կարապետյանը՝ ներկայիս վարչապետը, չգիտենք, ինչ է անելու։ Գիտենք, պիտի ասեն որ վերադառնալու է «Գազպրոմի» համակարգ, իսկ միգուցե՝ շարունակի պաշտոնավարել արդեն փոխվարչապետի պաշտոնում։

Պարոն Վարդանյանը, նկատի ունենք ոչ թե Յուրի, այլ՝ Գոռ, կնշանակվի Կիպրոսում Հայաստանի դեսպան, եւ այնտեղ դիվանագիտական գործունեությանը զուգահեռ հերթական «բայեվիկ» ֆիլմը կնկարահանի, թե ինչպես են ծովահենները գողանում Կիպրոսի գլխավոր դատախազին, փախցնում Կիպրոսի թուրքական հատված, ու ինքը գնում է, գործի է դնում իր ողջ դիվանագիտական ու մկանային հմտությունները, մի լավ տփում թուրքերին ու ազատում դատախազին։ Հետո նկարահանում է ֆիլմի «սիքվելը», որտեղ արդեն ամբողջ Կիպրոսն է ազատագրում։

Հաջորդ տարի կարգելվեն աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու վաճառքը, իսկ եթե հանրությունը համը շատ հանի դրա դեմ, ապա ընդհանրապես կարգելեն վարել այդ մեքենաները։ Աջ ղեկով մեքենաների համար կբացվեն մետաղի ջարդոնի ընդունման նոր կետեր, իսկ ձախ ղեկով մեքենաների ներմուծման վրա մենաշնորհ կդրվի, այն կթույլատրեն միայն մենաշնորհ ունեցողներին։ Արագաչափերը արդեն կսկսեն տեղադրել Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում՝ Թեղենիսի լանջերին. դահուկորդները կարող են մինչեւ 110 կմ/ժ արագություն բացել, պետք է դրան վերջ տալ։

Այսքանով ավարտենք մեր գալիքտարյան կանխատեսումները, դեռ պետք է շտապել «Սիթի»՝ հերթ կանգնելու։ Շնորհավոր Նոր Տարի, թող այն յուղոտ ու բդոտ լինի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30