02.03.2018 06:53 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նախշուն բաջին

Սերժ Սարգսյանը՝ կուսակցական բռնության զոհ

Սերժ Սարգսյանը՝ կուսակցական բռնության զոհ

Երեւի ժամանակն է, որ Սերժ Սարգսյանին հարազատ կուսակցության ճիրաններից փրկելու համազգային ճակատ ձեւավորվի։ Կուսակցության վերնախավը խեղճ մարդուն ստիպում է ինչ ասես անել՝ սեփական կամքին հակառակ։

Եթե համարենք, որ կուսակցությունն ընտանիքի պես բան է, փաստորեն Սերժ Սարգսյանն անընդհատ ընտանեկան բռնության է ենթարկվում։ Բանն այն է, որ անդրադառնալով հաջորդ վարչապետի թեկնածության հարցին՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է եւ պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին, իսկ կուսակցությունն ինքն է որոշում, թե ով ինչ պաշտոն պիտի զբաղեցնի, եւ շարքային կուսակցականների ցանկություններով չի առաջնորդվում։

Փաստորեն եթե կուսակցությունը որոշի՝ Սերժ Սարգսյանը պարտավոր է, ասենք, շենքերի պատերին Նժդեհի նկարով թռուցիկներ փակցնել կամ մարդաշատ վայրերում գլուխկոնծի տալ ու կուսակցության կարիքների համար գումար հանգանակել։ Ուրիշ բան, որ կուսակցությունն այս անգամ այլ հանձնարարություն է տվել՝ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։  Սերժ Սարգսյանը քանի՞ գլխանի է, որ մերժի։ Հետո՞ ինչ, որ չի ուզում։ Մոլլան է՛լ չէր ուզում եկեղեցի մտնել։ Համ էլ՝ կուսակցական կարգապահություն կա, բան կա, մեկ էլ տեսար՝ խիստ նկատողություն հայտարարեցին։ Ի վերջո առաջին անգամը չէ։ Սահմանադրությունն է՛լ չէր ուզում փոխել ու անգամ հրապարակավ հայտարարեց, որ դեմ է խորհրդարանական համակարգին, բայց կուսակցությունը որոշեց, եւ նա ստիպվա՛ծ եղավ ենթարկվել։

Տհաճ է, իհարկե, որ Սերժ Սարգսյանը ժամանակին հրապարակավ հայտարարել էր, թե չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, իսկ հիմա պիտի դրժի իր խոստումը։ Բայց է՛լ ավելի տհաճ է այն, որ մի ամբողջ կուսակցության վերնախավ ստիպված է տեսախցիկների առջեւ ծամածռվել՝ շեֆի դեմքը փրկելու կասկածելի մեխանիզմներ ու «ատմազկաներ» մոգոնելով։ Խնդիրը ստորաքարշությունը չէ. ենթադրենք՝ հանրապետականներից շատերն անկեղծորեն հավատում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ու հանուն դրա պատրաստ են գիտակցաբար խաբել մարդկանց (իբր՝ շեֆն իսկապես չի ուզում, մենք ենք պարտադրում)։ Խնդիրը Սերժ Սարգսյանի պահվածքն է։ Համաձայնվեք, որ Նախշուն բաջու նման կոտրատվելը տղամարդու պահվածք չէ, Սերժ Սարգսյանը պարտավոր էր տղամարդու նման կանգնել ու ասել՝ գիտե՞ք ինչ, հանրաքվեից առաջ մի բան էր՝ ասեցի, հիմա փոշմանել եմ ու պիտի վարչապետ դառնամ, լավ եմ անում, չէիք ուզում՝ ընտրությունների ժամանակ ձեր ձայնը 10 հազար դրամով չվաճառեիք։ Կամ՝ տղամարդու նման պիտի կանգնի-ասի գիտե՞ք ինչ, կուսակցությունում ուզում են, որ ես զբաղեցնեմ վարչապետի պաշտոնը, բայց ես խոսք եմ տվել ու խոսքս չեմ դրժելու։ Ի վերջո՝ չի կարելի մինչեւ վերջ փչացնել սեփական թիմակիցներին (եթե անգամ նրանք սեփական կամքով են փչանում), եթե պետության ղեկավարման պատասխանատվությունը ստանձնում ես՝ պիտի նաեւ սեփական իշխանությունը պահպանելու մեթոդների պատասխանատվությունը ստանձնես, եւ ոչ թե թաքնվես ենթակաների թիկունքում։

Իսկ գուցե Սերժ Սարգսյանն իսկապե՞ս «ընտանեկան բռնության զոհ» է եւ հաճույքով կհրաժարվեր վարչապետությունից, բայց թիմը թույլ չի տալիս։ Սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, բայց եթե անգամ այդպես է՝ նա պարտավոր է իր մեջ ուժ գտնել եւ հրաժարվել «կուսակցական պարտադրանքից»։ Մենք չէ, որ պիտի նրան հիշեցնենք Պըլը-Պուղու հայտնի պատմությունը։ Պըլը-Պուղին հարեւանից պարտքով կաթսա է վերցնում ու մի քանի օր անց վերադարձնում՝ մեջը մի փոքրիկ կաթսա։ Եվ բացատրում է, որ կաթսան ձագ է ունեցել։ Ուրախացած հարեւանը ձայն չի հանում։ Մի քանի օր անց Պըլը-Պուղին նորից է հարեւանից խնդրում կաթսան, բայց այլեւս չի վերադարձնում. բացատրում է, որ կաթսան սատկել է։ Փաստարկը հասկանալի է՝ եթե կաթսան կարող է ձագ ունենալ, ուրեմն կարող է նաեւ սատկել։ Այնպես որ՝ հարազատ կուսակցության որոշումով վարչապետ դարձածը վաղն էլ կարող է մեկ այլ որոշման «ռաստ գալ»։ Դրա համար էլ ընտրված «ատմազկան» լավագույնը չէ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30