22.12.2017 06:29 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրգի գագաթին

Կոռուպցիայի դեմ պայքարի նվիրյալը

Սերժ Սարգսյանին ինչ հիշում ենք՝ զբաղված է կոռուպցիայի դեմ պայքարով։ 1996-98-ին միայնակ էր պայքարում (երբ ՆԳ եւ ԱԱ նախարար էր), 1998-ից 2008-ը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ, բայց առավել անհաշտ պայքարը, բնականաբար, սկսեց 2008-ից հետո, երբ արդեն նախագահ էր՝ մի քանի միլիարդ դոլար կարողությամբ (ըստ միջազգային լրատվամիջոցների գնահատականների)։ Հենց այդ ժամանակ էլ սկսեց կանոնավոր պարբերականությամբ խոսել «խոշորներին գլխից բռնելու» անհրաժեշտության մասին, այն մասին, որ բյուջեից գողանալն անբարոյականություն է, որ համայնքապետները սրանից հետո համայնքի փողերը չպիտի տանեն տուն, եւ այլն։

Այնպիսի տպավորություն է, թե մարդն անկեղծորեն ցանկանում է արմատախիլ անել կոռուպցիան, բայց չի կարողանում։ Եվ շատ տխրում է դրա համար, որովհետեւ արդյունքում երկրում «մթնոլորտը մի տեսակ գաղջ է», եւ ամեն տարի բնակչության մոտ 1,5 տոկոսն արտագաղթում է։ Իսկ դա նրան շատ է մտահոգում։ Չեք հավատում՝ ժողովրդագրական թեմաներով ելույթները լսեք։ Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանը կոռուպցիայի դեմ պայքարում է մոլի ծխողի ինքնավստահությամբ՝ «ծխելը թարգելու էղածն ի՞նչ ա, ես շաբաթը մեկ թարգում եմ»։ Ամեն դեպքում՝ նրա հետեւողականությունն իսկապես հուզիչ է, ուստի բոլորիս պարտքն է՝ օգնել նրան այդ դժվարին գործում։

Բայց օգնելուց առաջ անհրաժեշտ է պարզել մի կարեւոր հանգամանք։ Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանն ինքը ուղիղ կապ տեսնո՞ւմ է արտագաղթի ծավալների եւ, ասենք, Սաշիկի բիզնես-հաջողությունների միջեւ։ Հետաքրքիր է՝ ըստ նրա, հնարավո՞ր է, որ նախագահը կարողանա կոռուպցիան արմատախիլ անել մի երկրում, որտեղ մեծահարուստների տասնյակում են միաժամանակ եւ՛ ինքը, եւ՛ եղբայրը, եւ՛ փեսան։ Թե՞ ինքը վեր է կանգնած այդ ցուցակներից ու զբաղված է բացառապես «խոշորներին գլխից բռնելով»։ Թե՞ կարծում է, որ կարեւորը, ասենք, սիրիացի փախստականներին պետական աջակցություն ցուցաբերելն է՝ թքած ունենալով, որ բանկերն այդ աջակցության հիման վրա մատչելի հիպոթեկային վարկեր տրամադրում են միայն այն դեպքում, եթե բնակարանը ձեռք է բերվում Սաշիկի նորակառույցներից։ Կամ գուցե իսկապե՞ս մտածում է, որ կարելի է աշխատանքային ժամերին կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոցաշունչ ելույթներ ունենալ, իսկ երեկոյան մասնակցել «աշխատավարձով ապրող» որեւէ պաշտոնյայի որդու միլիարդանոց հարսանիքին ու ոգեւորված պարել՝ հանուն թիմային համերաշխության։

Եթե Սերժ Սարգսյանն այս ամենի միջեւ ուղղակի կապ չի տեսնում՝ դա վատ է, շատ վատ։ Նշանակում է՝ մարդը պարզապես ադեկվատ չի գնահատում իրավիճակը, հետեւաբար՝ կոռուպցիայի դեմ նրա անհաշտ պայքարը քոռ կոպեկի արժեք չունի։ Այսինքն՝ նա հայտնվել է ինչ-որ հանցագործների միջավայրում, որոնք նրան մատների վրա պարացնում են, հրապարակավ մեծարում ու հընթացս զբաղվում երկիրը թալանելու «անբարո գործով»։ Որեւէ մեկը սրան, բնականաբար, չի հավատում, հետեւաբար՝ Սերժ Սարգսյանը լավ էլ տեսնում է ուղղակի կապը իր մերձավոր շրջապատի գործունեության եւ «գաղջ մթնոլորտի» միջեւ։ Բայց այդ դեպքում էլ հարց է ծագում՝ ի՞նչ անուն տալ այն մարդուն, ով ձեւացնում է, թե գիշեր-ցերեկ պայքարում է այն բուրգի դեմ, որի գագաթին հենց ինքն է կանգնած։ Անուն տալը դեռ ոչինչ, այդ առումով մեր հասարակությունը բավականին հնարամիտ է (թեեւ անունների մեծ մասը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության), իակ ի՞նչ խորհուրդ տալ։

Քանի դեռ պետության առաջին դեմքի ուղղակի ընտրությունների ինստիտուտը չէր վերացել՝ ընտրությունների ժամանակ մարդիկ այդ խորհուրդը տալիս էին քվեարկության միջոցով ու երբեմն նույնիսկ գրում քվեաթերթիկի վրա (թեեւ հաճախ դա նույնպես վարչական պատասխանատվություն էր ենթադրում), բայց հիմա արդեն որեւէ բան խորհուրդ տալն անիմաստ է։ Հիմա կարելի է ընդամենը ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել Հանրային հեռուստատեսությանը՝ խնդրելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանի ելույթները ցուցադրվեն միայն ուշ ժամերին։ Որպեսզի երեխաները քնած լինեն եւ չլսեն մեծահասակների արձագանքները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30