Независимая газета-ին տված հարցազրույցում Խակամադան պարզաբանել է, որ ուժերի միավորման պարագայում պատրաստ է վերադառնալ քաղաքականություն եւ քարոզչություն տանել նոր կառույցի օգտին` որպես շարքային անդամ։ Փորձագետներին ու քաղաքական գործիչներին միավորվելու գաղափարը դուր է եկել, սակայն նրանք չեն հավատում, որ այն կյանքի կկոչվի։
«Բոլորը պետք է միավորվեն մեկ շարժման մեջ, այնուհետեւ այն գրանցեն որպես դեմոկրատական կուսակցություն,-կարծում է Խակամադան։-Դրանում պետք է ընդգրկվեն Կուդրինն ու Պրոխորովը, ՊԱՌՆԱՍ-ը, «Яблоко»-ն, Չիրիկովան, Նավալնին, Պարֆյոնովը, Ակունինը, Տրոիցկին եւ այլք»։
Նախկին քաղաքական գործիչը վստահ է, որ միայն այդպես հնարավոր կլինի հաղթել «Կրեմլի թալանչիներին», որոնք «մինչեւ հաջորդ ընտրությունները կբազմանան, ինչպես սունկը անձրեւից հետո»։
«Խմբակցություններ կազմելու արգելքը, ինչպես նաեւ կուսակցությունների գրանցման լիբերալ հայեցակարգը կհանգեցնի անսահման քանակությամբ միջատների տարածման, որոնց նպատակը ձայներ փախցնելն է լինելու։ Իսկ այդ երեւույթին կարելի է միայն մեգակուսակցությամբ հաղթել»,-ասել է Խակամադան` համոզված լինելով, որ լիբերալները նման հեռանկարներ ունեն. «Եթե այդ միացյալ մեգակուսակցությունը հավաքի ընտրողների ձայների 15 տոկոսը, հիանալի կլինի»։
Պարբերականի զրուցակիցը պարզաբանել է, որ դեմոկրատների միավորման համար պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն` որպես կառույցի շարքային անդամ։
«Ես կարծես բոլորին դրդում եմ գործողությունների` ասելով` բավ է, որքան կարելի է անձնական հավակնություններից կառչել»,-Խակամադայի խոսքերը մեջբերում է թերթը։ Նրա համոզմամբ` Ռուսաստանում հասարակական իրավիճակը բարելավվել է. «2004-ին ինձ համար ավելի բարդ էր, ես ակնհայտորեն առաջ էի ընկել իմ ժամանակից»։
Միասնական դեմոկրատական շարժման սխեման, ըստ Խակամադայի, պետք է Միխայիլ Պրոխորովն ապահովի։
«Կրեմլը նրան շնորհակալ կլինի դրա համար, քանի որ միայն այդկերպ է հնարավոր զսպել փողոցային անկարգություններն ու սադրանքները»։ Զրույցի վերջում հասարակական գործիչը նախազգուշացրեց, որ պետք չէ սպասել իր անհապաղ վերադարձին. «Ժամանակին ես հոգնել էի ժողովրդավարական ճամբարում տիրող իրավիճակից։ Իմ վերադարձի նպատակը միավորման գործին օգնելն է լինելու»։
Նա խոստովանեց, որ չնայած հեռացել է քաղաքականությունից, դա չի նշանակում, որ ապաքաղաքական է դարձել։
«Ես ներկա եմ գտնվել հունիսի 12-ի հանրահավաքին, հարթակի մոտ եմ կանգնած եղել»,-եզրափակել է Խակամադան։
Փորձագետները եւ քաղաքական գործիչները տարբեր գնահատականներ են տալիս Խակամադայի այդ առաջարկին։
«Ներկա պահին դա լոկ երազանք է, չնայած` օգտակար կլիներ բոլորիս համար։ Սակայն Իրինա Խակամադայի նշած քաղաքական կառույցները անկախության տարբեր հնարավորություններ ունեն»,-կարծում է Ռուսաստանի հանրապետական կուսակցության (РПР–ПАРНАС) անդամ Իլյա Յաշինը։ Իսկ «Яблоко»-ի նախագահ Սերգեյ Միտրոխինը «НГ»-ի հետ զրույցում բոլոր դեմոկրատների միավորման գաղափարը վաղաժամ է համարել։
«Եկեք ընտրություններին միմյանց չխանգարելուց սկսենք»,-ասել է նա` միեւնույն ժամանակ ողջունելով Խակամադայի վերադարձը հրապարակային հարթություն,-«Նա տաղանդավոր քաղաքական գործիչ է, թող վերադառնա»։
Իր հերթին, Քաղաքական փորձագիտության միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Եվգենի Միչենկոն հոռետեսությամբ է ընդունել դեմոկրատների միավորման նախաձեռնությունը` ընդգծելով, որ Խակամադան երբեք չի վերադառնա քաղաքականություն, եթե հաշվի առնենք նրա առաջ քաշած պայմանները։
Իսկ Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Բորիս Մակարենկոյի կարծիքով` Խակամադայի առաջարկը, ի հեճուկս իր ողջ ուտոպիստական բնույթի, շատ օգտակար է։
«Համապատասխան գաղափարները պետք է միավորվեն միասնական կուսակցական դրոշի ներքո։ Այդ պարագայում ընտրողը հեշտ կկողմնորոշվի։ Ի դեպ, նման մի բան Խակամադան նաեւ 1999-ին է արել, երբ «Աջակողմյան ուժերի միության» անդամ էր»,-կարծիք է հայտնել փորձագետը` հավելելով, որ ցանկացած քաղաքական կառույցի ճանաչելի դեմքեր են հարկավոր` հատկապես եթե նրանք չեն պայքարելու լիդերության համար, այլ քարոզչություն են իրականացնում կուսակցության օգտին։
«Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ չվերադառնա»,-ասել է Միչենկոն` ընդգծելով իր խորին հարգանքը Խակամադայի նկատմամբ։