23.03.2018 07:00 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

ՀՀԿ-ն հայելու առաջ

Եթե զոհվածները հանրապետական լինեին, ամեն փողոցում նրանց անունով դպրոց կամ արձան կկանգնեցնեին

Եթե զոհվածները հանրապետական լինեին, ամեն փողոցում նրանց անունով դպրոց կամ արձան կկանգնեցնեին

Երեւանի ավագանու մարտի 19-ին տեղի ունեցած հերթական նիստում հետին պլան մղվեցին քաղաքապետարանի բյուջեի կատարողականի ու քաղաքի զարգացման ծրագրերը։ Նիստի ընթացքը վերածվեց հայհոյախառն ու վիրավորական արտահայտությունների մրցակցության։ Ով կարող էր ավելի շատ վիրավորել մյուսին եւ հաղթանակած դուրս գալ։ «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ իմ կատարած գործերը վզիդ դնեմ գրիժա կստանաս». թամաշան ապահովված էր։

Երբ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը առաջարկեց հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը, ՀՀԿ-ական ավագանիները չմիացան նախաձեռնությանը, մնացին նստած։ Նիստից հետո փորձեցինք վերջիններից ճշտել` ինչո՞ւ չհարգեցին զոհերի հիշատակը։ Հարցվածների գերակշիռ մասը խուսափեց պատասխանից, իսկ ոմանք նույնիսկ պատճառաբանեցին, որ զուգարան են շտապում։ Ներկայացնում ենք մյուս պարզաբանումները։

Ալեն Սիմոնյան. «Ելք» խմբակցություն

- Պարոն Սիմոնյան, նեղացած չե՞ք ձեր գործընկեր  ՀՀԿ-ականներից, որ մերժեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու Ձեր առաջարկը։

- Արդյո՞ք դա իմ առաջարկն է, ե՞ս պետք է առաջարկեմ հարգել զոհերի հիշատակը, եւ դա հանրապետականը պետք է՞ առաջարկ համարի։ Դա առաջարկ չէր, դա ընդամենը հայելի էր, որ ես դրեցի Հանրապետական կուսակցության առջեւ։

- Եվ ի՞նչ բացահայտեցիք Ձեր հայելու միջոցով։

- Անձամբ ինձ համար` ոչ մի նոր բան, իսկ հանրության համար կարծում եմ շատ շատ բաներ բացահայտվեցին։ 10 մարդ էր զոհվել, ի՞նչ կլիներ, եթե հարգեին մարդկանց հիշատակը։ Նման նախադեպ  որեւէ տեղ չի եղել։ ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են։ Կարեւոր չէ` ով է մեղավոր, ով չի մեղավոր։ Լավն էին, վատն էին, ու՞մ բարեկամն էին։  Եթե  զոհվածները Հանրապետական կուսակցության անդամներ լինեին, հիմա ամեն փողոցում դպրոց կամ արձան կկանգնեցնեին։ Ինձ համար մնաց անհասկանալի, ո՞նց կարելի է զոհվածների հիշատակը չհարգել։

Երվանդ Երզնկյան. ՀՀԿ խմբակցություն

- Ճիշտն ասած, առաջին պահին չհասկացա, թե ի՞նչ է կատարվում։ Ես նույնիսկ մտածեցի, որ այդ տղան՝ Ալենը, որ ասաց, դրանից հետո հարկավոր էր մի հարցադրում դնել՝ կանգնենք, թե՞ չկանգնենք։ Բայց ոչ մի հարցադրում չեղավ, բայց դա չի նշանակում, թե մենք զոհերի հիշատակը չենք հարգում։ Իհարկե մենք հարգում ենք, յուրաքանչյուր հայ մարդու զոհ հարգում ենք։

Միքայել Դովլաթյան. ՀՀԿ խմբակցություն

- Մենք հարգում ենք մարտի 1-ի զոհերի հիշատակը։

- Այդ դեպքում ինչու՞ ոտքի չկանգնեցիք։

- Դա արդեն ուրիշ թեմա է։

Անահիտ Բախշյան. «Ելք» խմբակցություն

- Դրանից տգեղ բան չէի պատկերացնի, խոսքեր չեմ գտնում, ես ուղղակի ապշած եմ, թե ինչ կատարվեց։

Դավիթ Խաժակյան. «Ելք» խմբակցության

ղեկավար

- Ես ուղղակի որեւէ ասելիք ու որեւէ մեկնաբանություն  չունեմ։ Միայն կարող եմ ասել, որ դա խայտառակություն էր։

Տիգրան Տեր-Մարգարյան.  «Ելք» խմբակցություն

- Ես   չէ, որ պետք է գնահատական տամ ՀՀԿ-ականների պահվածքին, կարծում եմ դրա գնահատականը կտա ժողովուրդը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30