24.01.2017 08:24 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ընդդեմ հասարակության

Նախընտրական խճանկարի երկու տարբերակները

Նախընտրական խճանկարի երկու տարբերակները

Եվ այսպես, խորհրդարանական ընտրություններ կոչվող մեծ ճակատամարտի բոլոր հիմնական դերակատարները կարծես թե հայտնի են, առանձին «ստորաբաժանումների» զինատեսակներն ու հրամանատարները` նույնպես, ու առայժմ անորոշություն կա միայն մի հարցում` ճակատամարտն իսկակա՞ն է լինելու, թե՞ ամեն ինչ ընթանալու է նախապես գրված սցենարով։ Առայժմ գերակշռում են երկրորդ տարբերակի կողմնակիցները, բայց դա ըստ էության ոչինչ չի նշանակում` մեր հասարակությունն ամե՛ն ինչի նկատմամբ է թերահավատ։ Անգամ վերջին շաբաթների երեւանյան ցուրտը շատերը գնահատում են այսպես` «արտաքին ուժերը մեզ վրա փորձարկումներ են կատարում»։

Բայց վերադառնանք ներքաղաքական իրավիճակին եւ երկու տարբերակներն էլ քննարկենք։ Տարբերակ առաջին` «ճակատամարտն» իսկական է լինելու։ Այսինքն` բոլոր քաղաքական ուժերն էլ անկեղծ են, երբ հայտարարում են, թե իրենց նպատակը խորհրդարանում մեծամասնություն ունենալն ու երկրում կտրուկ փոփոխություններ իրականացնելն է։ Այդ դեպքում ստացվում է, որ քաղաքական դաշտի առանց բացառության բոլոր ուժերը դուրս են եկել Սերժ Սարգսյանի դեմ, ու նա իր ՀՀԿ-ով միայնակ է մնացել։ Իսկ սա նշանակում է, որ այդ ուժն առաջիկա խորհրդարանում մեծամասնություն ունենալու հարցում դժվարություններ է ունենալու։ Շա՛տ լուրջ դժվարություններ։ Ու հնարավոր է` անգամ «ռեյտինգայինները» չկարողանան փրկել իրավիճակը, ու Սերժ Սարգսյանը ստիպված լինի պարզապես թղթի վրա «տոկոս խփել» ու հետո ոստիկանության ու սպեցնազի աջակցությամբ լեգիտիմացնել այդ տոկոսները։

Տարբերակ երկրորդ։ Ենթադրենք` ընտրություններում պայքարը ձեւական է լինելու` ամեն ինչ ընթանալու է Բաղրամյան 26-ի սցենարով, այսինքն` որպես ընդդիմություն ներկայացող ուժերն ընդամենը լեգիտիմացնելու են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, եւ որպես փոխհատուցում` կամ իշխանական կոալիցիայում «կրտսեր եղբոր» կարգավիճակ են ձեռք բերելու, կամ արտոնյալ պայմաններ են ստանալու իրենց բիզնեսների համար։ Այդ դեպքում ստացվում է, որ գրեթե ողջ քաղաքական դաշտը գործում է միասնաբար` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ու միանգամից հարց է ծագում` ո՞ւմ դեմ է գործում միասնաբար։ Պատասխանն ակնհայտ է` հասարակության, որովհետեւ երկրի ներսում այլ հակառակորդ պարզապես չկա։ Իսկ արտաքին մարտահրավերները քննարկելը տեղին չէ. հազիվ թե որեւէ մեկը հավատա, որ Հայաստանի քաղաքական ուժերը հանուն հայրենիքի են իշխանություն-ընդդիմություն խաղում` որպեսզի մոլորեցնեն միջազգային մութ ուժերին։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ մի դեպքում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն միայնակ պայքարում են ողջ քաղաքական դաշտի ու սեփական ժողովրդի դեմ` որպես դաշնակից ունենալով միայն ներքին զորքերն ու «չերյոմուխաները», իսկ մյուս դեպքում` Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն սեփական ժողովրդի դեմ պայքարում են կեղծ ընդդիմության օգնությամբ (որպեսզի ստիպված չլինեն կիրառել ներքին զորքերն ու «չերյոմուխաները»)։ Եթե նկատեցիք, երկու դեպքում էլ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պայքարում է սեփական ժողովրդի դեմ` հանուն իր անձնական իշխանության պահպանման։

Ուրիշ բան, որ Սերժ Սարգսյանի համար այս տարբերակները համարժեք չեն։ Նրա համար շատ ավելի ձեռնտու է, որ գործի երկրորդ տարբերակը։ Դրա համար էլ իշխանական քարոզչամիջոցները տարբեր հնարքներով տարածում են այն «գաղափարը», որ Սերժ Սարգսյանն ամենայն մանրամասնությամբ տիրապետում է իրավիճակին, որ ամեն ինչ մանրակրկիտ մշակված է Բաղրամյան 26-ում, որ բոլոր քաղաքական ուժերն ու դաշինքները նրա խաղն են խաղում եւ այլն։ Չէ՞ որ եթե ամեն ինչ կանխորոշված է` շարքային ընտրողը թափ կտա ձեռքը եւ պարզապես չի մասնակցի ընտրություններին, կամ էլ հանգիստ խղճով կվերցնի ընտրակաշառքը` վստահ լինելով, որ միեւնույն է` ոչինչ չի փոխվելու։ Իսկ դա իդեալական պայմաններ է ստեղծում «տոկոս խփելու» համար։

Այնպես որ, խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովուրդը ոչ թե պիտի մտածի` ՀՀԿ-ի՞ն ձայն տա, թե՞ ձեւավորված բեւեռներից մեկնումեկին, այլ պիտի փորձի հասկանալ` ՀՀԿ-ի դեմ պայքարում դաշնակիցներ ունի՞, թե՞ ոչ մեկի վրա հույս դնել չարժե։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30