14.02.2017 09:39 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«Հիմարների երկրում»

Նախընտրական «Հրաշքների դաշտը»

Նախընտրական «Հրաշքների դաշտը»

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ականատես ենք լինելու տիտանների կռվի։ Երկրում, որտեղ միջին աշխատավարձը 300 դոլարից պակաս է, ու բնակչության առնվազն կեսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, հասարակությունը պիտի ուի-ուշով հետեւի քաղաքական ուժերի թեժ մրցակցությանը, ընդ որում` այնպիսի ուժերի, որոնց ռեյտինգային ցուցակներում ընդգրկվածների ընդհանուր ունեցվածքը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն, եւ ուշի-ուշով հետեւելով` պիտի փորձի հասկանալ, թե այդ ուժերից ո՞րն ավելի արագ կփրկի Հայաստանը։

Ընդ որում` խնդիրը միայն սոցիալական չէ։ Եթե միայն սոցիալական հարցը լիներ, հասարակության մեծ մասն առանց տատանվելու իր ձայնը կտար Սեյրան Օհանյանին։ Որովհետեւ եթե նա կարողացել է 500 հազար դրամ աշխատավարձով Վահագնի թաղամասում վիլլա կառուցել, ուրեմն հաստատ ձեւը գիտի, թե շարքային քաղաքացիներն ինչպես 150 հազար դրամ աշխատավարձով գոնե երկու հարկանի համեստ տուն կառուցեն. ձեւը կասի, եւ բոլորը գոհ ու երջանիկ կլինեն։

Բայց` չէ. առջեւում նաեւ գաղափարակա՛ն պայքար է սպասվում։ Եվ առաջին հերթին` Հայաստանի զարգացման տեսլականի շուրջ։ Հասարակությունը պիտի որոշի` մենք ուզում ենք Դուբայի նման զարգանա՞լ, թե՞ ազգ-բանակ կառուցել։ Թե՞ երկուսը միասին. համ Դուբայի նման զարգանանք, համ դառնանք ազգ-բանակ։ Կամ էլ` թող հասարակության մի մասը դառնա ազգ-բանակ, մյուս մասը Դուբայի նման զարգանա։ Ճիշտ է, ոչ ծով ունենք, ոչ նավթ, բայց դրանք մանրուքներ են։ Մանավանդ որ ազգ-բանակ դառնալու համար էլ են որոշ բաներ պետք։ Նախ` պիտի «ազգը» լինի (իսկ Հայաստանի բնակչության թիվը նվազում է տարեկան 1,5 տոկոսով, ու որոշ ժամանակ անց պարզապես զորակոչային տարիքի մարդ չի մնալու), երկրորդ` ազգ-բանակի համար նաեւ զենք-զինամթերք է պետք, իսկ մենք ոչ միայն զենք չենք արտադրում, այլեւ անգամ վարկով գնած զենքը չենք կարողանում ժամանակին տեղ հասցնել։ Բայց դա կապ չունի։ Նախընտրական ժամանակաշրջանը «Հրաշքների դաշտ» հեռուստախաղի պես բան է։ Վառ լույսեր, տոնական երաժշտություն, կուսակցությունների անուններ, թվեր, թմբուկը պտտում ես, ու ինչ ասես` կարող ես շահել։ Չէ՞ որ մասնակիցներից շատերն անգամ չգիտեն, որ «Հրաշքների դաշտ» հեռուստախաղի անվանումը վերցված է Բուրատինոյի մասին հայտնի հեքիաթից, բայց վերցված է անվանման միայն կեսը, որովհետեւ, ըստ հեքիաթի, Հրաշքների դաշտը գտնվում էր Հիմարների երկրում։

Իսկ ահա ազգի պոտենցիալ փրկիչները շատ լավ գիտեն դա։ Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանն, օրինակ, չէր համարձակվի խոսել կոռուպցիայի մասին ու միաժամանակ ռեյտինգային ցուցակներում ընդգրկել օլիգարխներին ու քրեական հեղինակություններին, Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը չէին համարձակվի հայտարարել, թե իրենց դաշինքը իշխանության գալու դեպքում բացահայտելու է մարտի 1-ը, Րաֆֆի Հովհաննիսյանն ամոթից գետինը կմտներ` Քոչարյանի հովանու ներքո գործող ուժին միանալու փոխարեն եւ այլն։ Բայց եթե համոզված են, որ նախընտրական «Հրաշքների դաշտը» «Հիմարների երկրում» է` պրոբլեմ չունեն։ Կարելի է նաեւ մեկին «հաճախորդ» անվանել ու հաջորդ օրը վազել նրա հետ դաշինք կազմելու, կարելի է մուրաբա-բան բաժանել ու խոսել ժողովրդավարությունից, կարելի է հարազատ կուսակցության հարյուրամյա պատմությունը հրապարակային աճուրդով «նաղդել», ու եթե հարմար գին չտան` դա անվանել միջազգային մութ ուժերի խարդավանք եւ այլն։

Բայց Հայաստանը հիմարների երկիր չէ։ Ուրիշ բան, որ քաղաքական դաշտն է կրկեսի վերածվել։ Բնականաբար` Սերժ Սարգսյանի հետեւողական ջանքերով։ Նա ի վերջո կարողացավ այնպես անել, որ համարյա բոլոր քաղաքական ուժերն իջնեն ՀՀԿ-ի մակարդակին, այսինքն` վերածվեն այնպիսի կառույցների, որտեղ ոչ գաղափարախոսություն կա, ոչ սկզբունքներ, ոչ բարոյական արժեքներ։ Կան միայն այսրոպեական շահեր եւ հանուն այդ շահերի ամեն ինչ ոտնատակ տալու անսասան վճռականություն։

Իսկ տիտանների պայքարը, որպես կանոն, ավարտվում է նրանով, որ երկիրը հայտնվում է «Տիտանիկի» վիճակում։ Ինչին էլ այսօր ականատես ենք լինում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30