10.03.2017 05:57 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Տեսարժանները

ՀՀԿ-ի գովազդային խաբեությունը

ՀՀԿ-ի գովազդային խաբեությունը

Ցանկացած գովազի հիմքում, իհարկե, դիմացինին (պոտենցիալ սպառողներին) թյուրիմացության մեջ գցելու ձգտումն է, կամ` պարզ ասած, խաբեությունը։ Նախընտրական քարոզչության հիմքում` առավել եւս, որովհետեւ Հայաստանի նման երկրներում նախընտրական խոստումները, որպես կանոն, չեն կատարվում։

Բայց խաբեությունն էլ պիտի ձեւ ունենա։ Օրինակ` եթե մեկը գովազդային հոլովակների ազդեցության տակ խանութից լվացքի փոշի է գնում, որն իբր «սովորական փոշիներից» մի քանի անգամ ավելի լավ է մաքրում, նա վատագույն դեպքում ձեռք կբերի անորակ լվացքի փոշի, բայց տուփում հաստատ լվացքի փոշու փոխարեն, ասենք, վերմիշել չի լինի։ Կամ` եթե մեկը համացանցով ինչ-որ հագուստ է պատվիրում Չինաստանից, հագուստի փոխարեն հաստատ գորտ չի ստանա։ Շատ-շատ` կստանա անորակ հագուստ։

Իսկ ահա ՀՀԿ-ի քարոզարշավի դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Գովազդվում է մի՛ բան, իսկ «կուտը ուտողները» ստանալու են բոլորովին ա՛յլ բան։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենա, եթե, ասենք, Երեւանում մի ամիս շարունակ գովազդվի, ասենք, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, տոմսերի համար մարդիկ իրենց կոտորեն, իսկ համերգի օրը այդ նվագախմբի փոխարեն բեմ բարձրանան, ասենք, Սպիտակցի Հայկոն ու Թաթուլը։ Հաստատ ահավոր սկանդալ կբարձրանա։ Մինչդեռ նախընտրական շրջանում ՀՀԿ-ն հենց այդպես էլ վարվում է. հասարակությանը ներկայացվում է Կարեն Կարապետյանը, բայց ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում նա ընդհանրապես երկրորդական-երրորդական դերերում է լինելու, իսկ երկրի միանձնյա ղեկավարումն իրականացնելու է Սերժ Սարգսյանը։ Մի խոսքով` տուփի վրայի նկարը ոչ մի կապ չունի տուփի միջի «ապրանքի» հետ։

Իսկ հասարակությունը հաճույքով քննարկում է` տուփի վրայի նկարը լա՞վն է, թե՞ լավը չէ, տպագրությունը որակյա՞լ է, թե ոչ։ Անգամ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներ են հրապարակվում` թե հասարակության քանի տոկոսն է դրական գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը, միջին տարիքի կանանց քանի տոկոսն իր ձայնը կտա այդ համակրելի արտաքինով մարդուն եւ այլն։ Լավ, հասկացանք, ենթադրենք` նրա նկատմամբ իսկապես համակրանք կա, բայց նա ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ի հետ։ Մարդ է, կանչել են` դրայվ է զգում, հետո կձանձրանա-կգնա, բայց հասարակությունը պիտի հասկանա, որ իրական ՀՀԿ-ն նա չէ, իրական ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանն է` իր կիսագրագետ օլիգարխներով ու երիտփուչիկներով, եւ ընտրություններում հաղթելու դեպքում հենց նրանք են շարունակելու քարուքանդ անել երկիրը։

Նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ավելի ազնիվ էր։ Քարոզարշավն անձամբ Սերժ Սարգսյանն էր իրականացնում, մարդիկ էլ տեսնում էին` «ահա սա է մեր երկրի ղեկավարը, եթե ընտրենք` եւս հինգ տարի սա է լինելու»։ Եվ, բնականաբար, չընտրեցին։ Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանը դրանից որոշակի հետեւություններ արեց ու փոխեց մարտավարությունը։ Հիմա արդեն անձամբ ոչ մի տեղ չի երեւում։ Թող մարդիկ տեսնեն Կարեն Կարապետյանին ու մտածեն, որ եթե ՀՀԿ-ին ընտրեն` նա է ղեկավարելու երկիրը։ Նա էլ դերի մեջ է մտել, եւ ամեն տեղ ոգեւորված հայտարարում է, թե փոխվելու ենք։ Բա իհարկե փոխվելու եք։ 2018-ից հետո` հաստատ։ Չէ՞ որ վերջին չորս տարիներին մշտապես չեք բնակվել Հայաստանում։ Բայց ո՞ւմ է հետաքրքրում ձեր փոխվել-չփոխվելը։ Կարեւորը` որ երկրի ղեկավարը փոխվի։ Իսկ Սերժ Սարգսյանն այդպիսի մտադրություն չունի։ Նա անգամ Սահմանադրությունը փոխեց` միայն նրա համար, որ իր կարգավիճակը հանկարծ չփոխվի։

Հետաքրքիր է` վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե հասկանո՞ւմ է, թե ինչ բացասական դերակատարում է ստանձնել իր դրական իմիջով, գոնե գիտակցո՞ւմ է, թե իր այդ իսկապես դրական իմիջն ինչ պատուհաս է բերելու Հայաստանի գլխին։ Թե՞ իր համար միեւնույն է` ինքն իր գործն անում է եւ ուրիշ բաների հետ գործ չունի։ Այնպես, ինչպես «ՀայՌուսգազարդը» ղեկավարելու տարիներին էր անում, երբ որտեղ ում բռնում` գազիֆիկացնում էր, իսկ արդյունքում Հայաստանը հսկայական պարտքեր էր կուտակում ու մաս-մաս վճարում` «ինքնիշխանություն պարտքի դիմաց» սկզբունքով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30