- Ձեր ծառայությունը վերջին օրերի իրականացրած մոնիտորինգների ժամանակ ի՞նչ խախտումներ է արձանագրել։ Ո՞ր սննդամթերքն է հիմա ավելի ռիսկային, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի սպառողը։
- Պետք է առանձնացնել սննդամթերքի ռիսկերը հետեւյալ մի քանի դասերի։ Ռիսկ, որը սննդամթերքն ունի իր ընդհանուր տեսակով, այսինքն` միշտ կան բարձր ռիսկային սննդամթերքներ. դա կենդանական ծագման հումքն է` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային արտադրություն։ Ամառվա այս եղանակին արդեն ավելի արդիական է պաղպաղակի շուկան, որովհետեւ կան սննդամթերքներ, որոնք անկախ բարձր ռիսկայնությունից, հետագայում անցնում են ջերմային մշակում, եւ կան սննդամթերքներ, որոնք ի սկզբանե ունենալով բարձր ռիսկ, նաեւ ունեն ռիսկի այն պատառը, որ ջերմային մշակում չեն անցնում։ Եթե նույնիսկ աղիքային ցուպիկ լինի մսում կամ մանրէաբանական ցուցանիշից շեղում լինի, ապա այն 60-70 աստիճանում եփվում է, եւ այդ ժամանակ ռիսկի խնդիր չենք ունենում։ Եթե, իհարկե, կենդանին սատկած չի եղել։ Իսկ պաղպաղակի դեպքում ունենք լուրջ խնդիր. այն ջերմային վերամշակում չի անցնում։
- Պաղպաղակի շուկան էիք, չէ՞, վերջերս ուսումնասիրում։
- Ուրեմն պաղպաղակի շուկան հիմա այս պահին քննարկվում է։ Մենք եղանք Շիրակի մարզում, ընդհանուր մոնիտորինգ անցկացվեց։ Այս պահին մոնիտորինգի արդյունքները ամփոփման փուլում են։ Ասուլիսով հանդես կգանք առաջիկայում։ Մի շարք տնտեսվարողների մոտ տեսանք խախտումներ հետեւյալ բնույթի. եթե Երեւանի իրացման ցանցերում մտնում է ապրանք, որի վրա հստակ երեւում է ժամկետը, ապա նույն ընկերության ապրանքը մարզում չի երեւում։ Գիտեմ, որ նման խնդիր եղել է, բայց ո՞ր ընկերություններն են` այս պահին ինֆորմացիա չունեմ։ Ասուլիսի ժամանակ համապատասխան բաժնի պատասխանատուները անունները միանշանակ կհրապարակեն։ Ասեմ նաեւ, որ մոնիտորինգը ցույց է տվել, որ եղել են ապրանքներ, որոնք ընդհանրապես անհայտ ծագման են եղել։ Օրինակ, եղել է կաթնամթերք, որի վրա ոչ մի բան մակնշած չի եղել, թե ով է արտադրողը, եւ այդ ապրանքը ինչպե՞ս է հայտնվել խանութում։ Խանութն արել է կոպտագույն խախտում` առանց ապրանքի պատասխանատուի ապրանք է ընդունել խանութ։ Իրականում այստեղ խնդիր ունենք։ Բոլոր նրանք, ովքեր ունեն գումար եւ մեծ բիզնես, կարողանում են մեծ ներդրումներ անել եւ ապահովել սննդի անվտանգության համար կարեւորվող նորմերը, իսկ փոքր ու միջին բիզնեսի պայմաններն ավելի վատ են։ Մարդիկ մի քանի հազար դոլարով սկսում են արտադրություն իրականացնել, աշխատանքային պրոցես է գնում, եւ եւս մի քանի հազար դոլար գտնելու խնդիր ունեն հավուր պատշաճի պահանջներին բավարարելու համար։ Ընդ որում` այդ պահանջներն այնպիսին չեն, որ դժվար է դրանք իրականացնել։ Իրականում ամեն ինչ շատ պարզեցված է։ Լիցենզավորումն էլ է վերացվել, այսինքն` նախնական համաձայնություն ու էսպիսի բաներ չկան։
- Ինչպե՞ս։ Ոչ վաղ անցյալում, եթե մեկն ուզում էր արտադրություն հիմնել, սանէպիդկայանից սկսած թույլտվություն էին պահանջում։ Եվ հենց այստեղ էր, որ նոր գործ սկսողը հանդիպում էր կոռուպցիոն մեծ ռիսկերի։ Արդյունքում` հոգնում եւ ձեռ էր քաշում իր նախաձեռնությունից։ Հիմա լիցենզիա չկա՞։
- Այո. հիմա ոչ մի տեսակի լիցենզավորման գործընթաց չկա։ Կոռուպցիոն ռիսկն էլ բառիս բուն իմաստով դարձել է զրո։
- Այսինքն մարդը կարող է իր տան մեջ արտադրություն դնել, հակահիգիենիկ պայմաններում արտադրանք տալ, եւ դուք գործողության կդիմեք բացառապես այն դեպքերում, երբ իրացման ցանցում տեսնե՞ք այդ խախտումը։
- Այո։ (Այստեղ Պիպոյանը բավականին երկար մանրամասնում է, թե ինչ գործիքներ է կիրառում ծառայությունը, եւ որքանով են դրանք արդյունավետ-«ՉԻ»)։
- Հայտնի է, թե Հայաստանում ովքեր են սննդի արտադրությամբ զբաղվում. Նրանք, որպես կանոն, խոշոր օլիգարխներ են, որոնք միաժամանակ մոնոպոլիստ են։ Ձեր ծառայությունն ինքն իր համար պարզել է ամենաբարեխիղճ եւ ամենաանբարեխիղճ արտադրողին։
- Ցավով եմ արձանագրում, որ մենք պրոբլեմներ ենք ունենում փոքր եւ միջին բիզնեսում։ Հիմնականում ձեր նշած խոշոր արտադրություններում պրոբլեմներ որ առաջանում են` դա պայմանավորված է տնտեսական մրցակցության գործառույթներով։ Օրինակ` բուսասերուցքով է կարգավորված եղել յուղայնությունը, թե՞ ոչ, կամ կաթի փոշի են օգտագործել` անարատի տակ են վաճառել։ Մենք այստեղ լուրջ տուգանքներ կիրառող մարմին չենք, ու էս պարագայում մենք ընդամենը մակնշման պահանջն ենք բավարարում։ Այստեղ արդեն տնտեսական մրցակցության խնդիր է առաջանում։ Իսկ ինչ վերաբերվում է սննդամթերքի անվտանգությանը, ապա իրականում որքան մեծ գումար են ներդրած լինում, այնքան սննդամթերքն անվտանգ է լինում։ Ընդհանուր սննդի անվտանգությունը կոմպլեքս է. այն չի կարող լինել միայն պետական մարմնով, միայն հասարակությամբ, միայն արտադրողներով պայմանավորված։ Դա պետք է լինի ամբողջական շղթայով, երբ բոլորը միասին կգիտակցեն խնդրի կարեւորությունը։
- ՀՀ քաղաքացիներից ահազանգեր ստանում ե՞ք։ Մեր քաղաքացիները գիտակցո՞ւմ են, որ իրենց կարեւորագույն իրավունքներից է անվտանգ սնունդ սպառելը։
- Իրականում դրական միտում կա։ Եթե առաջ ամսվա կտրվածքով ստանում էինք երկու զանգ, հիմա օրվա կտրվածքով ենք ստանում երկու զանգ։ Հինականում բողոքները լինում են փոքր խանութներից։ Այս պահին քաղաքացիների բողոքն ուղղված է ոչ թե իրացնողին, այլ ընկերությանը։ Մարդիկ կարեւորություն չեն տալիս, թե ո՞ր իրացման ցանցից են գնել, կարեւորություն են տալիս, թե ո՞ր ընկերության ապրանքն է, որ չի բավարարում ընդունված չափորոշիչներին։ Ահազանգերը իրականությանը սովորաբար համապատասխանում են։ Այսօր, օրինակ, Շենգավիթում պանիր եւ միրգ են վաճառում մեկ տաղավարում. Մեր տեսուչները գնացել են ահազանգի հետքերով։
- Այսինքն` միրգ ու պանիր չի՞ կարելի մի տեղից վաճառել։
- Ահազանգող քաղաքացին պարզապես ասաց, որ ձեր աշխատակիցները տարածքի գարշահոտության պատճառով անգամ կդժվարանան մոտենալ խանութին։
- Փաստորեն այդպիսի տաղավարները դեռ պահանջարկ ունեն, եւ մարդիկ գնումներ այդպիսի տեղերից կատարում են։
- Ցավոք սրտի, մենք ստիպված ենք նոր հեծանիվներ հայտնաբերելու, որովհետեւ ամբողջ աշխարհում մեկը մյուսից վերցնում եւ մոդել է կիրառում, իսկ մեզ մոտ, միջին վիճակագրությամբ, մոդելը չի աշխատում։ Ամբողջ աշխարհում, երբ պետական լիազոր մարմինը մեծ կամ փոքր ընկերության մասին ասում է, որ այս խանութը վատն է, այդ խանութը ավտոմատ փակվում է։ Այսինքն ինքնակարգավորվող խնդիրներ մենք չունենք Հայաստանում ի տարբերություն աշխարհի։ Ամբողջ աշխարհում, եթե քաղաքացին մտնում է խանութ եւ այնտեղ գտնում է ժամկետանց ապրանք, առաջին հերթին տնտեսվարող սուբյեկտն է ցանկանում քաղաքացուց ներողություն խնդրել ու մաքսիմալ լավություններ անել, նույնիսկ մեծ գումարներ վճարել քաղաքացուն, որ նա հանկարծ դրա մասին ոչ մի տեղ ու ոչ ոքի չասի, որովհետեւ դա պատահականություն է եղել։ Իսկ մենք կարող ենք ՀՀ-ում էքսպերիմենտ` փորձ դնել ու գրել` էժան գներով ժամկետանց ապրանք, ու մարդիկ դա գնում են։ Ու խանութի տերն էլ թույլ է տալիս, որ իր խանութում նմանատիպ ակցիա իրականացնես։ Եվ անգամ նա մարդ չի «դնում» խանութի մուտքի մոտ, որ ներս մտնողներին նախազգուշացնեն, որ մեր խանութում չի կարող ժամկետանց ապրանք լինել, եւ սա իրականում էքսպերիմենտ է։ Սա լուրջ խնդիր է։
- Ձեր նշածը ըստ ձեզ սոցիալ-տնտեսական ծանր վիճակի արդյո՞ւնք է, թե՞ ավելի շուտ մշակութային խնդիր է։
- Հիմնականում մշակույթի պակաս է։ Ասեմ ինչու։ Տեղական թարմ միսը ավելի թանկ արժե, քան սառեցրած միսը, որը ներկրվում է։ Թարմ միսն արդեն սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված հանգամանք է։ Այսինքն` թարմ միս կարող են գնել քիչ թե շատ ապահովված մարդիկ։ Մյուս կողմից` 10 օր շարունակ իքս շուկայից դուրս չենք գալիս եւ այդ տարածքում ցույց ենք տալիս աղաղակող խնդիրները, եւ էդ շուկան դրանից հետո կարողանում է աշխատել։ Դուք ինքներդ հետեւություն արեք` մշակութային է, թե՞ ոչ։ Բայց ասեմ նաեւ, որ եթե հինգ տարի առաջ մարդկանց 10 տոկոսն էր նայում ապրանքը ժամկետանց է, թե՞ ոչ, ապա այսօր 50 տոկոսից ավելին է նայում ապրանքի ժամկետին։ Բայց տանն են նայում, լավ կլիներ, որ իրացման ցանցում դա անեին։ Բացի այդ, նայեին` ե՛ւ բաղադրությունը, ե՛ւ պահպանման նորմերը եւ այլն։ Շատ կարեւոր մեկ բան էլ փոխանցենք մեր սպառողին` սովորեք միսը գնել սառնարանից։ Այն միսը, որին դուք կարող եք ձեռք տալ, շոշափել, եւ այն միսը, որ չի պահվում սառնարանում, շատ վտանգավոր է։ Լցովի պաղպաղակ գնելիս` նայեք, որպեսզի ձեզ պաղպաղակը փոխանցեն գոնե անձեռոցիկով, այլ ոչ թե նույն ձեռքով ե՛ւ գումարը վերցնեն, ե՛ւ պաղպաղակը փոխանցեն։ Գազավորված ըմպելիքներն ու հյութերը երբ մնում են արեւի ճառագայթների տակ, խիստ վտանգավոր են դառնում։ Աշխատեք ամեն ինչ գնել սառնարաններից, եւ անպայման կարդալ ժամկետն ու պահպանման պայմանները։