27.04.2018 03:53 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռիթմիկ խանգարումներ

Լուսահայտում

Լուսահայտում

Լյուստրացիայի հարցն այնքան ձգձգվեց, որ այն ինքնաբերաբար կատարվում է մեր աչքի առաջ։ Համարյա մանրամասնությամբ, տեղ-տեղ էլ` ծիծաղելու աստիճան կանխատեսելի։ Երբ ԲՀԿ-ն տարածեց համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարությունը, ամենասուր վերլուծական միտքն անգամ աչքի առաջ առնվազն մեկ-երկու ժամվա սպասում ուներ` մինչեւ բաղձալի հրաժարականը։ Բայց դա տեղի ունեցավ ընդամենը 30 րոպե անց։

Այսինքն, ներքին լյուստրացիան մեզ ասաց, որ հրաժարականը կլինի, պարզապես ռիթմիկ խանգարումներով։ Այնպիսի խանգարմամբ, որ անգամ լյուստրացիան զարմացավ ու կախեց։  

Եվ ահա, ապրիլի 25-ին երթի է դուրս գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը` առանց Գագիկ Ծառուկյանի։ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ։ Թե որտե՞ղ էր այդ ժամին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ մասնավորապես ինչո՞վ էր զբաղված` լյուստրացիան լռում է։  Բայց դատելով նրանց շխկշխկան քայլերթից` Գագիկ Ծառուկյանը հոգով այդտեղ էր, ժողովրդի հետ, ժողովրդի կողքին։ Հավանաբար, ինչ-որ համապատասխան տեղում էր եւ չէր կարող անձամբ ուրախ լինել, որ այդտեղ է, ժողովրդի հետ, ժողովրդի կողքին։ Սակայն նրա փոխարեն այնտեղ էր նրա փեսան` Դավիթ Մանուկյանը, նույն ինքը` Անդրանիկ Մանուկյանի որդին, ով նույնպես հարազատ կուսակցության հետ շաբաթներ առաջ կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության թեկնածությանը։ Փեսան, ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի, դժվարանում է պատճառաբանել հավատափոխության հիմքերը` պատճառաբանելով «էս անուշ, լավ օրը չփչացնելու» հանգամանքը. տղան, հասկանում եք, շարքային պոպուլիստ չէ եւ ի վերջո խոստովանում է` «Միգուցե փոշմանել եմ»։ Դավիթ Մանուկյանի կողքով քայլում էր «Ինչ, երբ, որտեղ» ակումբի անդամ Արման Աբովյանը` միախառնված բարգավաճականների երթին։ Արման Աբովյանը մի տղա է, որ սիրում էր հայրենիքը, երբ Սերժ Սարգսյանը նախագահ էր եւ սոցցանցի իր էջում զբաղված էր իշխանությանը ընդդիմացող ցանկացած շարժման հակաքարոզչությամբ։ Բայց բանից պարզվեց, որ նա սիրում է հայրենիքը նաեւ այսպես` առանց Սերժ Սարգսյանի։ Կարեւորը հայրենիքն է։ Սերը։ Փոխվստահությունը։ Լյուստրացիան լռում է, թե ինչ էր մտածում Արման Աբովյանը, երբ Դավիթ Մանուկյանը Ազատություն ռ/կ-ի ուղիղ եթերում անհարմար դրության մեջ էր հայտնվել` չկարողանալով բացատրել նախընտրության կտրուկ փոփոխության պատճառը։ Օրինակ, ինքը` Արման Աբովյանը, հաստատ կկարողանար։ Եվ դեռ կհասցնի։ Չկասկածեք։     

Հետո լյուստրացիան մեզ հուշեց, որ շուտով-շուտով` ուր որ է, ամենածեր ու ամենահին ընկերը նույնպես կմիանա համաժողովրդական շարժմանը` աչքի առաջ ունենալով առնվազն 3 ժամ։ Բայց այս հարցում էլ ներքին ռիթմը խախտված էր։ Դաշնակցությունը, պատկերացնում եք, չդավաճանեց Սերժ Սարգսյանին հրաժարականի օրը` ապրիլի 23-ին։ Նա լուռ եւ ատամները կրճտացնելով համբերեց ապրիլի 24-ին։ Այդպես էլ հայտնի չեղավ` արդյո՞ք երիտդաշնակներն ամեն տարվա պես` ուղիղ կեսգիշերին, թուրքական դրոշն այրեցին Եղեռնի հուշահամալիրում, թե՞ նրանց այդ օրը այլ վիշտ էր պատել։ Լյուստրացիան լռում է, թե ինչ խոսեցին դաշնակները ապրիլի 24-ին եւ ապրիլի 25-ին` մինչեւ միջօրե։ Բայց բոլորը գիտեին, ավելին` ոչ ոք չէր էլ կասկածում, որ ծերուկը կգա' հրապարակ կյանքի վերջին տարիների անմաքուր ու պիղծ գոյությունը ցուցադրելու եւ հարմար գներով իրացվելու համար։ Այստեղ լյուստրացիան ուղղակի աղմկում է վաճառքի այս տգեղ տեսարանին հասցեագրված ժողովրդական ֆոլկլորը` իր ողջ հարստությամբ եւ բազմազանությամբ, որոնք որքան կենդանի ու ճշմարիտ են, նույնքան, ցավոք, ենթակա չեն հրապարակման։

Լյուստրացիան համեստորեն լռում է, թե ինչ էին խոսում Հեղինե Բիշարյանն ու Արթուր Բաղդասարյանը հեղափոխության այս վերջին օրերին։ Եվ ճիշտ է անում։ Եթե դաշնակցության տարիքը թույլ է տալիս գոնե անդրադառնալ նրանց հերթական դավաճանության պատմությանը, ապա այսպիսի մեռելների դեպքում` ո'չ վատը, ո'չ էլ` ոչինչ։

Կարճ ասած` արդեն քչություն անող հրապարակում ցուլն է զգուշորեն քայլում` հազիվ փորը շարժելով։ Իսկ վարդագույն օճառը սուրում է ձիու վարգով։ Փչացած դեմքեր, կեղտոտ կենսագրություններ` վազում են հրապարակ, փորձում դրանք խառնել համաժողովրդական ցնծությանը եւ մի պատառի տեղ անել սպասվող հաղթանակի վերջնարդյունքից։ Նրանք նույնիսկ չեն մաքրում իրենց երեսին նետված թուքը եւ չեն ամաչում, որ հրապարակ են մտնում էշին թարս նստած` երեսները մրոտ։ Նրանք ասում են` կյանքը սեւուսպիտակ չէ, եղբայրնե'ր, բազմագույն է։ Լյուստրացիան, հաստատ, նրանց չի հայտնել կարեւոր մի բան, որ այն երիտասարդ տղաներն ու աղջիկները հեղափոխության շեփորը փչեցին ու մեքենաների տակ պառկեցին ընդդեմ այդ գույնի, ընդդեմ այդ տեսակի։ Հեղափոխությունները հենց վարդագույն օճառով շորորացող ցլերին ծեծելու եւ կառավարման համակարգից քշելու համար են։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30