21.10.2014 18:27 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գնա տուն

Դեպի Եվրասիական անծայրածիր տափաստաններ

Դեպի Եվրասիական  անծայրածիր տափաստաններ

Եվրասիական միությանն անդամակցելու «միջոցառումների շրջանակներում» Հայաստանի իշխանությունները կարծես թե հիմա էլ մտադիր են տավարի միս արտահանել Ռուսաստան։ Եթե հիշում եք` մի քանի տարի առաջ էլ Տիգրան Սարգսյանը որոշել էր «զարկ տալ ձկնաբուծությանը» եւ ձուկ արտահանել Ռուսաստան։

Արդյունքը եղավ այն, որ Արարատյան դաշտի  ստորգետնյա ջրերի  մակարդակը կտրուկ նվազեց, Սեւանն ինտենսիվորեն  դատարկվում է, իսկ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում  Հայաստանի դեսպանն է  ու  կանադական սաղմոն է  ուտում։  

Խնդիրն այն չէ` կհաջողվի գյուղմթերքներ արտահանել Ռուսաստան, թե ոչ։ Ամեն դեպքում` Եվրասիական միության համար գյուղմթերք արտադրելը կարծես թե Հայաստանի տնտեսության երազանքների գագաթնակետն ու բարձրագույն նպատակը չէր։ Խնդիրն այն է, որ Եվրասիական միությունում Հայաստանին վերապահված է ինչ-որ բան մատակարարողի դերը, եւ այդ ինչ-որ բանը ոչ այնքան գյուղմթերքն է, որքան էժան աշխատուժը։ Սրանից մի քանի տարի առաջ Պուտինն ինչ-որ առիթով ելույթ էր ունենում հայկական լսարանի առջեւ, ու հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Նա մի հատված ընթերցեց Պետրոս Առաջինի հրովարտակից, որով հրամայվում էր հայերի համար արտոնություններ ստեղծել, որպեսզի նրանք հաճույքով գան Ռուսաստան։ Դահլիճը բուռն ծափահարություններով դիմավորեց այս մեջբերումը, բայց Պուտինը ձեռքի շարժումով ընդհատեց ծափահարություններն ու շարունակեց. «անցել է ընդամենը 300 տարի. ասված է` արված է»։ Ու ծափահարությունները վերածվեցին օվացիաների։ Հայ մարդիկ չէին թաքցնում իրենց հրճվանքը, որ Հայաստանը դատարկվում է, ու հայերը հարյուր հազարներով լցվում են Ռուսաստան։

Հիմա էլ, ահա, իշխանություններն են հրճվում, որ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելուց (այսինքն` 2015թ. հունվարի 1-ից) հետո հայ միգրանտների առջեւ Ռուսաստանում ոչ մի խոչընդոտ չի հարուցվելու։ Ոչ միայն հրճվում են, այլեւ դա ներկայացնում որպես մեծագույն նվաճում, փայլուն դիվանագիտական հաղթանակ եւ այլն։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի իշխանություններն իրենք արդեն տեղափոխվել են Ռուսաստան ու այնտեղից են Հայաստանում մնացած ժողովրդին ասում «արի տուն»։

Խնդիրն, իհարկե, Ռուսաստանի քաղաքականությունը չէ։ Այդ երկիրը միշտ էլ իր անծայրածիր տարածքները բնակեցնելու խնդիր է ունեցել եւ միշտ էլ փորձել է լուծել այդ խնդիրը բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` մեր հաշվին։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները հրճվելու փոխարեն պիտի հակաքայլեր ձեռնարկեն։ Օրինակ` եթե 21-րդ դարում «տնտեսության զարգացման գերակա ուղղություն» է հռչակվում Եվրասիական շուկա տավարի միս կամ պոմիդոր արտահանելը, պետք է այնպես անել, որ Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայերի գոնե մի մասը վերադառնա Հայաստան, այստեղ զբաղվի գյուղատնտեսությամբ եւ արտադրանքն էլ արտահանի նույն Ռուսաստան։ Ընդ որում` դա պիտի այնպես արվի, որ պետությունը շահի, եւ ոչ թե առանձին պաշտոնյաներ։ Այսինքն` չի կարելի հետեւել Տիգրան Սարգսյանի օրինակին։ Նա Սեւանա լճում ձկնաբուծություն զարգացնելու «գրանդիոզ» ծրագիր էր լոբբինգ անում` հետո պարզվեց, որ լավ էլ անձնական փայ ունի, «գերժամանակակից ջերմոցային տնտեսություններ» էր զարգացնում` պարզվեց իր անձնական բիզնեսն է եւ այլն։

Մի խոսքով` Հայաստանը մտնում է Եվրասիական միություն, ու տեսականորեն դա ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր։ Ավելի կոնկրետ` առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում արտագաղթի համար, սպառողական ապրանքների գներն էլ առավելագույնը մեկ-մեկուկես տարվա ընթացքում կհասնեն Ռուսաստանի մակարդակին (որտեղ, ի դեպ, գնաճը տարեկան 10-15 տոկոսի է հասնում)։ Դա անխուսափելի է, որովհետեւ գործելու է հաղորդակից անոթների օրենքը։ Հայաստանում որեւէ ապրանք ավելի էժան չի լինելու, քան Ռուսաստանում, որովհետեւ եթե նման ապրանք լինի` մեր օլիգարխները կհավաքեն ու «բիրիքով» կարտահանեն։ Իսկ ավելի թանկ ապրանքներ` ինչքան ասես կլինեն (պայմանավորված տրանսպորտային ծախսերով)։

Այնպես որ` կարեւորագույն խնդիրն այսօր հետեւյալն է. կցանկանա՞ն այս խնդիրներին դիմագրավել այն իշխանությունները, որոնց համար Հայաստանի բնակչությունն ընդամենը «պոտենցիալ հեղափոխականներ» են, ու ինչքան շատ արտագաղթեն` այնքան լավ։ Եվ կկարողանա՞ արդյոք Հայաստանում դեռ մնացած բնակչությունն իշխանափոխություն իրականացնել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30