25.05.2018 06:40 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Անփորձ թանի առավելությունները

Հայաստանում ներքաղաքական զարգացումները թեւակոխեցին նոր փուլ, որը ենթադրում է արդեն շատ ավելի կոնկրետ քայլեր. իշխանությունների դեպքում՝ կառավարման համակարգում նշանակումներն ավարտելու, թիմը ձեւավորելու եւ ընտրական, քաղաքական, տնտեսական բարեփոխումներ սկսելու համար, իսկ ՀՀԿ-ի դեպքում՝ հնարավորինս պահել իր դիրքերը։

Դա եւ խորհրդարանն է, եւ կրթական հաստատությունները, Երեւանի քաղաքապետարանը, ՏԻՄ մարմինները՝ իրենց աշխատակազմերով, սիրուհիներով, ինչպես վերջերս նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տնտեսական լծակները։

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ին հաջողվեց մասամբ ուշքի գալ եւ վերադասավորվել, հասկանալ, թե ինչ պետք է անել։ Տեւական ժամանակ հանրապետականները ընդհանրապես ձայն չէին հանում, սակայն այս շաբաթ արդեն գնալով ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում՝ քննադատելով իշխանություններին, նրանց վերագրելով ինչ-որ մեղքեր, բացթողումներ, թերություններ։

Նախ՝ մի քննադատության մասին։ Սա դեռ կար այն ժամանակ, երբ խորհրդարանում առաջին անգամ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը։ Դեմ խոսողների փաստարկներից մեկն այն էր, որ Փաշինյանը փորձ չունի։ Ու մինչեւ այժմ այդ փաստարկն օգտագործում են. Փաշինյանը ահա այստեղ նման կիքս թողեց, դա անփորձության պատճառով է, կամ՝ Փաշինյանը նախարարներ է նշանակում անփորձ մարդկանց։

 ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒ ՊԱՅՔԱՐՈՂ

Ամենահետաքրքիրն այն է, որ առավել հաճախ այդ թեման շահարկում է Խոսրով Հարությունյանը։ Մի մարդ, որը 1990-ականների սկզբներից աշխատել է մի իշխանության հետ, ուր բոլորը «անփորձ» են եղել։ Ուղղակի մի հատ հիշեցնենք, թե 1988թ. ղարաբաղյան շարժման սկզբում քանի տարեկան էին շարժման ղեկավարներն ու առավել ակտիվ ներկայացուցիչները (նախապես ներողություն ենք խնդրում, որ շատ շատերի անունները չենք նշել)։ Եվ այսպես՝ Աշոտ Մանուչարյան՝ 34 տարեկան, Վանո Սիրադեղյան՝ 42, Իգոր Մուրադյան՝ 31, Համբարձում Գալստյան՝ 33, Սամվել Գեւորգյան՝ 40, Ռաֆայել Ղազարյան՝ 54, Վազգեն Մանուկյան՝ 42, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 43, Սամսոն Ղազարյան՝ 35, Բաբկեն Արարքցյան՝ 44, Ալեքսան Հակոբյան՝ 33, Դավիթ Շահնազարյան՝ 34, Հրանտ Բագրատյան՝ 30։

Ինչպես տեսնում եք, շարժման ղեկավարները հիմնականում միջին տարիքի եւ երիտասարդ անձինք էին։ Խորհրդային չափանիշներով՝ ընդհանրապես ջահելներ։ Բայց դա չի խանգարել, որ նրանք շարժումը հասցնեն տրամաբանական ավարտի, պետականություն ստեղծեին, հայոց պատմության վառ էջեր գրեին, բարեփոխումներ իրականացնեին, եւ իրենցից հետո բավական կենսունակ երկիր թողնեին։

Խոսրով Հարությունյանը 1988-ին 40 տարեկան էր, սովորական կուսկարիերիստ էր, ու մինչեւ հիմա էլ մնացել է այդ մակարդակին. գրամ անգամ չի աճել։ Հիմա 70 տարեկան է. արդյո՞ք ավելի փորձառու ու իմաստուն է դարձել։ Իհարկե ոչ։ Լճացման այս երեւույթը, որպես կանոն, բնորոշ է բոլոր կարիերիստներին, քանի որ նրանք քաղաքականության մեջ, կյանքում, աստիճաններով բարձրանում են ոչ թե խելքի, իմաստնության, փորձառության շնորհիվ, այլ՝ խորամանկության, «շուստրիության»։ Այդ մի հարցում նրանք իրենց հավասարը չունեն. թե ՀՀՇ-ի իշխանությունները, թե՝ ներկայիս երիտասարդ կառավարությունը, պալատական խարդավանքների, կուլիսային խաղերի, իրար տակ փորելու, իրար դեմ հանելու, հարմարվելու, սողալու այնպիսի փորձ չունեն, ինչպիսիք Խոսրով Հարությունյանն ու իր տեսակի մարդիկ են։ Ահա այդ «շուստրիության» հաշվին հանրապետականները կարող են խնդիրներ առաջացնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի համար։ Բայց երկիր կառավարելու, ինչ-որ պոզիտիվ քայլեր կատարելու, պրպտալու, նոր գաղափարներ ներկայացնելու առումով նախկին իշխանավորները պարզապես զրո են։

Սա ոչ մի դեպքում վիրավորական առումով չենք նշում։

 ԼՃԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հանրապետականների թվում էլ կան խելացի, կրթված անձինք, հենց թեկուզ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը։ Բայց Աշոտյանի գիտելիքները ո՞ւմ էին պետք, եթե նրա օրոք կրթական համակարգը դարձել էր կոռուպցիայի, հովանավորչության, ռեկետի մի խճճված կծիկ։ Այնքան վատ համակարգ, որ Աշոտյանը իր զավակներին չէր վստահում տանել հայկական դպրոց։

Հիմա Աշոտյանին ու Լեւոն Մկրտչյանին փոխարինել է «անփորձ» Արայիկ Հարությունյանը, որը միանգամից ցույց տվեց, թե ինչ է նշանակում աշխատել։ Չասենք, թե ինչ քայլեր է արել, որոշ կոռուպցիոն փաստեր է վերհանել, խստիվ արգելել է դրամահավաքը։ Աշխատում է, երբեմն՝ միգուցե վիճելի գաղափարներ է առաջ քաշում, որոնք սուր բանավեճեր են առաջացնում հանրության շրջանում։ Բայց առաջ է քաշում, հանրությանը ներքաշում է ոլորտի առողջացմանն ուղղված հորձանուտի մեջ, խնդրում է, որ անտարբեր չլինեն, հանդես գալ սեփական գաղափարներով, առաջարկներով։ Ու դա շատ լավ է։

Այնպես որ, փորձի պակասի մասին պնդումները՝ մեղմ ասած, ծիծաղելի են։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30