Եվ ահա երեկ «ՉԻ»-ում ծանոթացանք Մարկ Նշանյանի «Քաղաքական պայքարի նոր մոդելը» հոդվածին։ Հարգելի վերլուծաբանը փորձում է «նոր» մոդել առաջարկել, որի էությունը, սակայն, բավականին հին է։ Քաղաքական պայքարը շարունակելու ուղիների փնտրտուքը բնական է, բայց պարզ է նաեւ, որ հեծանիվ հաստատ չենք հորինելու։ Այնուամենայնիվ, ի՞նչ է առաջարկում Մարկ Նշանյանը։ Ոչ մի նոր բան։ Առաջարկը «ոգեշնչողը» ռուսական, արաբական փորձն է։ Այսինքն Հայաստանում էլ կան համացանցից օգտվող անհանգիստ քաղաքացիներ, որոնք կարող են առանց քաղաքական ուժերի երկրում իրավիճակ փոխել` միմյանց հետ պայմանավորվելով։ Հոդվածագիրը շեշտը դնում է ապագա շարժման մասնակիցների անկաշառության վրա` պնդելով. «Ահա այդ մի քանի հազարի դեմ է, որ իշխանությունները չեն կարողանա պայքարել հայտնի մեթոդներով` լիդերներին ահաբեկելով, կաշառելով, սպառնալով, շանտաժի ենթարկելով եւ այլն»։ Իսկ թե ինչու չեն կարողանա, հայտնի է միայն Մ. Նշանյանին։ Մեր իշխանությունը ոչ միայն կաշառում է քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, այլեւ մեկ-մեկ հնարավորություն տալիս «հաղթելու»։ Մաշտոցի պուրակը` ձեզ օրինակ։ Եվ գիտե՞ք` ինչու է տալիս այդ հնարավորությունը։ Որպեսզի «ապացուցի», որ քաղաքացիական պստլիկ ակցիաներն ավելի արդյունավետ են, քան ընդդիմության քառամյա պայքարը։ Կարծում ենք` բոլորը տեսան, որ Սերժիկ Սարգսյանի «սիրուն չի» արտահայտությունը նախընտրական հնարք էր, ուրիշ ոչինչ։
Ի դեպ, մեջբերման հատվածում նշված «լիդերների» գոյությունը հակասում է հոդվածի տրամաբանությանը, որի հիմքում ընկած է բացահայտ լիդերներին մերժելու ցանկությունը։ Սակայն մեր երկրում քաղաքացիական «անլիդեր» որեւէ նախաձեռնություն չի կարող մի քանի հարյուր մարդ հավաքագրել, էլ ուր մնաց մի քանի հազարը։ Օրինակ` երկու օր առաջ մի խումբ երիտասարդներ երթի էին դուրս եկել Երեւանի պատմամշակութային հուշարձանները փրկելու նպատակով։ Նրանք կանխավ օգտագործել էին համացանցը` երեւանցիներին իրազեկելու համար։ Քանի՞ հոգի արձագանքեց ...Ահա՛ սա է հայկական համացանցի զորությունը։
Ռուսական ընդդիմության վերջին ցույցն է բարձր գնահատվել հոդվածում։ Ռուսներն «ահագին» էին` 100000։ 10000000-անոց Մոսկվայում ընդդիմությունը հավաքել էր 100 000 եւ երջանիկ էր։ 2008 թվականին մեզ համար այդ թիվը խիստ նվազ էր։ Ռուսական ընդդիմությունը չունի ո՛չ կազմակերպվածություն, ո՛չ գաղափարական հենք, չունի ընդգծված առաջնորդ։ Այն մարդը, ով կարող էր վտանգ ներկայացնել ՌԴ իշխանության համար, վաղուց բանտում է։ Ընդգծված լիդեր չունեն, բայց ունեն մտավորականներ, ովքեր սկզբում առաջնորդեցին դժգոհներին։ Ի տարբերություն մեր մտավորականների` ռուսները ճանաչված եւ հարգված են սեփական ժողովրդի կողմից։ Գրողներ, դերասաններ, երգիչներ եւ լրագրողներ, ում անունները հայտնի են եւ մեզ` հայերիս, կանգնեցին ցուցարարների առաջին շարքերում։ Սա էլ է տարբերություն։ Բայց որքան հեռու կգնա ռուսական ընդդիմությունը` դեռ չի երեւում։ Մանավանդ որ հաճախ տեսնում ենք հայաստանյան փորձի կրկնություն` խաղաղ երթեր, քաղաքական զբոսանքներ։ Մեր վերլուծաբանները «մոռանում» են, որ այս էտապն արդեն անցել ենք։
Մի բան էլ է պարզ։ Իշխանությունը բնավ չի վախենում համացանցային պայքարից, որովհետեւ այնտեղ էլ բարեհաջող կերպով «ներմուծել» է իր պսեւդոընդդիմադիրներին։ Սրանց հիմնական գործառույթը ընդդիմության առաջնորդին «պսակազերծելն» է, Հայ ազգային կոնգրեսի դեմ մանր-մունր բանսարկություններ կազմակերպելը։ Այնպես որ, համացանցը վաղուց զբաղված է...
Կրկնենք` քաղաքական պայքարի միջոցով ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որքան էլ դա դուր չգա մեր ինտելեկտուալներին, Հայաստանը զերծ պահեց այնպիսի ցնցումներից, որպիսիք մենք տեսանք արաբական աշխարհում։ Համաձայնե՛ք, որ մենք արաբների ռեսուրսը չունենք եւ չենք կարող երկիրը տանել քաղաքացիական պատերազմի ճանապարհով։ Բացառում ենք եղբայրասպանությունը։ Իսկ իշխանությունը 2008 թվականին ցույց տվեց, որ ինքնապահպանման համար չի խորշի նույնիսկ դրանից։ Այնպես որ, նախընտրելի ուղին, գուցե երկար եւ վերուվարումներով, նորմալ քաղաքական պայքարն է։
Հարգելի վերլուծաբանն անդրադառնում է նաեւ «ընդդիմության պառակտվածության» ծեծված տեսակետին` պնդելով, որ հասարակական հզոր շարժումը զերծ կլինի այդ արատից, իսկ իշխանությունը այդ շարժման մեջ «հաճախորդներ» չի գտնի։ Ինչո՞ւ։ Բացատրություն չկա։ Իրականում հակառակն է, որովհետեւ չճանաչված մարդկանց շրջանում թաքուն «հաճախորդներն» ավելի շատ են։ Հայերը փող սիրում են։ Թերթե՛ք մեր «անկախ», քաղաքացիական պաթոսով լեցուն լրատվամիջոցները եւ համոզվե՛ք։
Եվ վերջապես, հերիք է խոսենք «ընդդիմությունների» մասին։ Մեր երկրում գործում է ընդդիմադիր մեկ ուժ` Հայ ազգային կոնգրեսը, որի դեմ «աշխատում» են թե՛ իշխանությունը, թե՛ ինքնահաստատվող «մյուս ընդդիմությունները»։ Հայ ազգային կոնգրեսն ունի առաջնորդ, ունի անդամներ, որոնք ճանաչված են, որոնց գործունեությունը բոլորի աչքի առջեւ է։ Ց’այսօր ոչ մի ուրիշ ուժ չի կարողացել ապացուցել, որ ունի թեկուզ մի քանի հազար այնպիսի համախոհներ, ինչպիսիք ունի Կոնգրեսը։ Ինտելեկտուալ պոտենցիալի մասին խոսելն ավելորդ է, թեպետ շատ վերլուծաբաններ են փորձում «չափվել» Կոնգրեսի լիդերի հետ։ Մի՛ արեք։ Պատկերը տխուր է, գրեթե` ողբերգական...
Ուրեմն քաղաքական պայքարը պետք է շարունակել` օգտագործելով ռեալ հնարավորությունները։ Իսկ հասարակությունը, անդեմ, անլիդեր հասարակությունը ոչ մի երկրում էլ ոչ մի հարց չի լուծել։