05.05.2017 05:34 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«Քցողների» կարգավիճակը

Օրենսդրական բախումներ «ճշտի» եւ օրենքի միջեւ

Օրենսդրական բախումներ «ճշտի» եւ օրենքի միջեւ

«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ապստամբությունն ու որպես պարգեւ` մանդատներին տիրանալը, իհարկե, լուրջ սկանդալ էր ու հաստատ շարունակություն կունենա։ Բայց արդյո՞ք դա կարելի է քաղաքական սկանդալ անվանել։

Ի վերջո խոսքն ընդամենը ԱԺ ընտրությունների արդյունքները հստակեցնելու մասին է, իսկ ԱԺ վերջին ընտրությունները հազիվ թե կարելի է քաղաքական գործընթաց համարել։ Դա ավելի շատ առեւտրային գործարք էր, որտեղ հիմնական դերը կատարում էին Ավետիք Իսահակյանի պատկերով թղթադրամները, հետեւաբար` «Ծառուկյան» դաշինքի հետ կապված սկանդալն էլ պետք է դիտարկել որպես կոմերցիոն վեճ։ Ուստի հենց այդ տեսանկյունից էլ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Եվ այսպես, խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 429 հազար ձայն եւ արդյունքում` 30 մանդատ։ Պարզ ասած` մեկ մանդատի արժեքը միջին հաշվով մոտ 14 հազար ձայն է։ Այսինքն` այն ռեյտինգային թեկնածուն, ով կուսակցությանը 14 հազար եւ ավելի ձայն է բերել, իրավունք ունի համարել, որ ազնվորեն վաստակել է իր բաժին մանդատը (անկախ նրանից, թե ինչ մեթոդներով է ստացել այդ 14 հազար ձայնը)։ Իսկ այն թեկնածուները, ովքեր շատ ավելի քիչ ձայներ են ստացել, բայց ընտրական օրենսգրքի համաձայն` անցնում են խորհրդարան, փաստորեն այդ մանդատը «չեն վաստակել», եւ նրանց, Հայաստանում գործող չգրված օրենքների համաձայն, այդ մանդատը «չի հասնում»։

Հիմա` ֆինանսական կողմի մասին։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրությունների վրա ծախսել է մոտ 9-10 միլիոն դոլար։ Մեկ մանդատի արժեքն, այսպիսով, ստացվում է մոտ 300 հազար դոլար։ Ռեյտինգային թեկնածուները կարող էին նաեւ ֆինանսական ներդրումով «վաստակել» իրենց մանդատը։ Ենթադրենք` որեւէ թեկնածու 14 հազար ձայնի փոխարեն 2-3 հազար ձայն է ստացել, բայց իր բաժին 300 հազար դոլարը տվել է դաշինքի նախընտրական հիմնադրամին (օրինական, թե «սեւ»` էական չէ)։ Այդ դեպքում նույնպես կհամարվեր, որ նա արժանի է իր բաժին մանդատին, եւ այսպիսի աղմուկ չէր բարձրանա։

Հիմա վերադառնանք նախընտրական ժամանակահատվածին։ Ընտրություններից մեկ-մեկուկես ամիս առաջ արդեն մոտավորապես հայտնի էր, թե որքան է լինելու ընտրողների մասնակցությունը, այսինքն` հայտնի էր նաեւ, որ 13-14 հազար ձայնը համարժեք է մեկ մանդատին։ Հայտնի էր նաեւ, թե մոտավորապես որքան գումար է ծախսվելու, այսինքն` հայտնի էր նաեւ մեկ մանդատի գինը։ Եվ ենթադրաբար` նրանք, ովքեր ընտրություններից առաջ բանակցում էին Գագիկ Ծառուկյանի հետ  (նրա դաշինքով առաջադրվելու հարցով), պիտի խոստանային, որ կամ իրենց հեղինակությամբ (մեծ շրջապատով, հռետորական ձիրքով, ակտիվ քարոզարշավ վարելու կարողությամբ եւ այլն) ապահովելու են այդ 13-14 հազար ձայնը, կամ էլ վճարելու են մեկ մանդատի մոտավոր գինը (բա հո ձրիակեր չե՞ն)։

Բայց ընտրություններն ավարտվեցին, եւ պարզվեց, որ ոմանք պարզապես խաբել են. ոչ 13-14 հազար ձայնն են ապահովել, ոչ էլ իրենց գրպանից առանձնապես լուրջ գումարներ են ծախսել։ «Ճշտով» այս մարդկանց մանդատ չէր հասնում, եւ Գագիկ Ծառուկյանը երեւի վստահ էր, որ Հայաստանում, ինչպես միշտ, կգործի «ճիշտը», բայց այդ մարդիկ, պարզ ասած, որոշեցին «քցել» նրան` իբր իրենք նման պայմանավորվածություններից խաբար չեն ու առաջնորդվում են բացառապես օրենքով։ Իսկ օրենքով Գագիկ Ծառուկյանը նրանց նկատմամբ որեւէ պրետենզիա ունենալ չի կարող։ Որեւէ դատարանում չի կարող ապացուցել, որ ընտրությունների վրա 9-10 միլիոն դոլար է ծախսել, առավել եւս` չի կարող ասել, թե կոնկրետ ինչի վրա է ծախսել։ Այնպես որ` մնում է միայն «քցողներին» անօրինական մեթոդներով պատժելու ճանապարհը։ Ինչը, սակայն, ամենեւին ցանկալի չէ։ Վերջին հաշվով` օժտված են պատգամավորական անձեռնմխելիությամբ։

Ի դեպ` ոչ էլ արժե։ «Քցողի» կարգավիճակը ծանր պատիժ է, ու պատգամավորական մանդատը բավարար փոխհատուցում չէ այդ նվաստացուցիչ կարգավիճակի դիմաց։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30