16.02.2018 04:19 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Արմեն Սարգսյանը լավ ադապտացվեց

Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը, բավական անսպասելիորեն, դարձավ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստը։ «Երկիր ծիրանիի» ակցիան այնպիսի հնչեղություն ստացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցերի էջերից չի իջնում։

Քանի որ այս թեմային արդեն շատ են անդրադարձել, ըստ էության, հանրությանը հայտնի են բոլորի տեսակետները, տեսանյութերը հազար անգամ նայել են, մենք գնահատականներ չենք տա։ Այս միջադեպի վերաբերյալ միայն մի դրվագի ենք ցանկանում անդրադառնալ։ ՀՀ ապագա նախագահ Արմեն Սարգսյանի արձագանքին։ Հայաստանում բոլորը տեղյակ էին քաղաքապետարանում տեղի ունեցածից, բացի՝ Արմեն Սարգսյանից։

Լրագրողները հարցնում են՝ ձեր կարծիքը։ Պատասխանը՝ տեղյակ չեմ։

Բայց լավ ու օպերատիվորեն արագ Արմեն Սարգսյանը ադապտացվեց հայաստանյան իրողություններին։ Հրաշալի յուրացրեց տհաճ թեմաները ցրելու արվեստը։

Երբ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանի թեկնածությունը առաջադրեց, նախկին վարչապետը հանդիպումների շարք կազմակերպեց Հայաստանում գործող քաղաքական ուժերի հետ։ Այդ հանդիպումների հիմնական նպատակը՝ ըստ Արմեն Սարգսյանի, հասկանալ, պարզել, թե քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում ունեն իր թեկնածության վերաբերյալ։ Գնաց նաեւ Արցախ, գնաց ֆիզմաթ, տարբեր վայրերում հանդիպեց քաղաքացիների հետ՝ նրանց ցավ ու դարդին ծանոթացավ։ Այսինքն, ցույց էր տալիս, որ հասարակական կարծիքն իր համար կարեւոր է, հաշվի է առնում նրանց տեսակետները, նրանց միջոցով էլ է երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին տեղեկանում։

Բայց ահա գալիս է կոնկրետ դեպքի կոնկրետ պատասխան տալու պահը, եւ արդեն՝ տեղյակ չէ։ Սա մեզ հիշեցնում է Խոջա Նասրեդինի բազմաթիվ պատմություններից մեկը. հայրը Նասրեդինին երեք տարով ուղարկում է հեռավոր մի դպրոց՝ սովորելու։ Երեք տարի անց Խոջան վերադառնում է։ Հայրն ասում է՝ «Դե, տղա ջան, մի ասա տեսնենք, թե այնտեղ ինչ ես սովորել»։ Որդին հպարտորեն պատասխանում է. «Դե, օտար լեզուն եմ սովորել»։ «Հա՞, դե հլա մի ասա, թե այդ օտար լեզվով մկանը ի՞նչ են ասում»։ «Մենք նման մանր բաներ չէինք անցնում»։ «Լավ, այդ դեպքում ասա, թե ուղտին ի՞նչ են ասում»։ «Մենք նման խոշոր բաների դեռ չենք հասել», պատասխանում է Նասրեդինը։

Արմեն Սարգսյանը մոտավորապես Խոջա Նասրեդինի ոճով է Հայաստանում նախագահ աշխատելու։ Երբ խոսքը գնա քաղաքական համակարգի, երկրի առջեւ ծառացած խնդիրների, ղարաբաղյան հակամարտության, տնտեսական ճգնաժամի, արտագաղթի մասին, պիտի պատասխանի, թե դրանք խոշոր բաներ են, իր կարգավիճակն ու լիազորությունները թույլ չեն տալիս դրանց մասին խոսել, կամ՝ ինչ որ կերպ ազդել։ Իսկ երբ հարցնեն քաղաքապետարանում գարշահոտության, ծեծկռտուքի, վիճաբանության մասին, պատասխանելու է, թե դրանք մանր բաներ են, դրանցով չի հետաքրքրվում, տեղյակ չէ։

 ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 2009 թվականի հունվարին Ավստրալիայի Քվինսիլենդ նահանգը թափուր աշխատատեղի հայտարարություն տարածեց։ Աշխատատեղը՝ Համիլթոն կղզու նայող։ Այդ հայտարարությունը ցնցեց աշխարհը, քանի որ աշխատատեղը համարվեց աշխարհում ամենացանկալին։ Աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ էր իմանալ միայն անգլերեն, լողալ, սուզվել, համակարգչային գիտելիքներ։ Կես տարվա աշխատանք, 105 հազար դոլար աշխատավարձ, աշխատողի անելիքն էլ ո՞րն էր. կերակրել կրիաներին, կետերին, ակվալանգով ծովը սուզվել, լուսանկարներ անել, շաբաթը մեկ սոցցանցում գրառում անել եւ վերջ, մնացած ժամանակ կարող էր ծովափին թավալվել։ Ու անվճար ապրելու էր կղզու լավագույն հյուրանոցում, որտեղ մեկ համարը արժեր ամսական 35 հազար դոլար, անվճար օգտվելու էր ցանկացած լողավազանից ու գոլֆի դաշտից, նրան անվճար տրամադրելու էին տնից կղզի եւ հակառակ ուղղություններով ինքնաթիռի տոմսեր։ Աշխատանքի նպատակը՝ բարձրացնել կղզու զբոսաշրջային գրավչությունը։

Ամբողջ աշխարհից երեք օրում գրեթե մեկ միլիոն հայտ էր ներկայացվել այդ աշխատանքի համար։ Կայքը, որտեղ լրացվում էին հայտերը, մի քանի շաբաթով կախվեց, քանի որ ի վիճակի չէր այդքան հայտեր ընդունել։

Ասենք ձեզ, ոչ պակաս ցանկալի աշխատանք է լինելու նաեւ Արմեն Սարգսյանի գործը։ Ի՞նչ էր պետք ՀՀ նախագահի թափուր աշխատատեղի համար. անգլերենի իմացություն, համակարգչային գիտելիքներ, շաբաթը մեկ անգամ այցելություն ինչ-որ տեղ, մի երկու հատ գրառում սոցցանցերում, ժպտերես լուսանկարներ։ Անվճար առանձնատուն Մաշտոցի պողոտայում, թիկնազոր, ծառայողական ավտոմեքենա, անվճար թռիչքներ ինքնաթիռով։ Ու իր գործն էլ ո՞րը պիտի լինի. բարձրացնել Հայաստանի միջազգային գրավչությունը։ Սերժ Սարգսյանն ինքն է ասել։ Տեսնում ե՞ք, թե ինչպիսի ապշեցուցիչ նմանություն կա Համիլթոն կղզու նայողի եւ Հայաստանի նայողի աշխատանքների միջեւ։

Իսկ լրագրողները նման գյոզալ գործ ունեցող մարդուն ինչ-որ գարշահոտ պատմություններից են հարցնում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30