11.05.2018 06:35 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սհաթդ քաշի

Ռուսաստանի հակահայկական հիստերիայի ակունքները

Վերջին օրերին Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին ռուսաստանյան հեռուստաընկերությունների եթերներում հնչած լուտանքներն իսկապես աննախադեպ էին եւ՛ իրենց լկտիությամբ, եւ՛ մասշտաբներով։ «Վելիկոռուսական» քարոզչամեքենայի պահվածքը հասկանալի էր՝ Ռուսաստանում վախեցան, որ օրինակը կարող է վարակիչ լինել, եւ նույնպիսի մի թավշյա հեղափոխություն էլ կարող է իրենց մոտ տեղի ունենալ։

Բայց այն, ինչ արեց կրեմլյան քարոզչամեքենայի ամենահայտնի սալդաֆոններից մեկը (խոսքը Միխայիլ Լեոնտեւի մասին է), երեւակայությունից դուրս էր։ Մոտ տասը րոպե նա ատելությունից դողացող շուրթերով հայտարարում էր, թե Հայաստանն ու հայ ժողովուրդն առանց Ռուսաստանի ընդհանրապես գոյություն չէին ունենա, թե Հայաստանն ընդհանրապես Ռուսաստանից բացի որեւէ մեկին «նաֆիգ» պետք չէ, եւ տարածաշրջանի բոլոր երկրները միայն ուրախ կլինեին, որ այդպիսի պետություն չլիներ, նա հայերին անվանում էր դավաճաններ եւ համեմատում թեթեւաբարո կնոջ հետ, որին «տիրություն անելը» Ռուսաստանի համար միայն ավելորդ ծախս է, ասում էր, որ եթե Հայաստանը չլիներ՝ իրենք շատ լավ հարաբերություններ կունենային «ադրբեջանցի եղբայրական ժողովրդի հետ», վերջում էլ եզրակացրեց, որ եթե այդքանից հետո «երախտամոռ հայերը» դավաճանում են իրենց՝ ուրեմն թող գնան «նա տրի բուկվի»։

Բարեբախտաբար Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բավականին կոշտ արձագանքեց այս լկտիությանը, բայց խնդիրը միայն դա չէ։ Խնդիրը նաեւ այն է, թե ինչպե՞ս պատահեց, որ Ուկրաինայում եւ Վրաստանում հեղափոխություններ եղան, այդ երկրները կտրուկ փոխեցին իրենց արտաքին քաղաքականությունը եւ երես թեքեցին Ռուսաստանից, բայց ռուսական հեռուստաեթերից ուկրաինացիների եւ վրացիների հասցեին նման գնահատականներ չհնչեցին (գնահատականներն ուղղված էին միայն այդ երկրների նոր իշխանություններին), իսկ մեր դեպքում, թեեւ հայտարարվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվելու, ամենաայլանդակ խոսքերը հնչեցին նաեւ Հայաստանի պետության եւ հայ ժողովրդի հասցեին։

Որքան էլ ցավալի է՝ բայց պետք է խոստովանել, որ դրա համար առաջին հերթին մենք ենք մեղավոր։ Չէ՞ որ տարիներ շարունակ նույն Ռուսաստանում զանազան կուրգինյանները, բագդասարովներն ու «դերեւյաննի պարեն» արաաբրահամյանները հնարավոր բոլոր առիթներով սողում էին ցանկացած երկրորդական-երրորդական ռուս չինովնիկի առաջ ու հավաստիացնում, թե հայ ժողովուրդն իր գոյությամբ Ռուսաստանին է պարտական, երախտիքի արցունքներն աչքերին՝ պնդում էին, որ աշխարհի բոլոր հայերը (Հայաստանում թե Սփյուռքում) գիտակցում են դա, Հայաստանում էլ տարբեր զորիբալայաններ նույնն էին քարոզում։ Բանն այնտեղ էր հասել, որ անգամ Հայաստանի խորհրդարանի պատգամավորն էր հայտարարում, թե ղարաբաղյան պատերազմում հաղթել ենք բացառապես ռուսների շնորհիվ (թեեւ փաստերը վկայում են, որ մեր հաղթանակները սկսվել են միայն ռուսական զորքերի՝ տարածաշրջանից հեռանալուց հետո, իսկ մինչ այդ միայն տարածքային կորուստներ ենք ունեցել՝ Շահումյանն ու Գետաշենը)։

Այնպես որ՝ հետին թվով պատիվ պահանջելն անիմաստ է։ Ուրիշ ինչպիսի՞ն պիտի լիներ Ռուսաստանի վերաբերմունքը մեր նկատմամբ, եթե տարիներ շարունակ պաշտոնական քարոզչությունը Հայաստանում օրհնում էր հայտնի «սհաթը», իսկ Սերժ Սարգսյանն անգամ Նոր տարին շնորհավորելիս մի տասնհինգ անգամ համենայն դեպս շնորհակալություն էր հայտնում Ռուսաստանի նախագահին։ Ուրիշ ինչպիսի՞ն պիտի լիներ վերաբերմունքն այն երկրի նկատմամբ, որի դպրոցներում «Ռուսաստանը մեր հայրենիքն է» խորագրով փառատոներ էին կազմակերպվում։ Եթե Հայաստանը որպես պետություն իրեն ավելի արժանապատվորեն պահեր ու Ռուսաստանի հայ համայնքն էլ քեֆերից բացի նաեւ ավելի լուրջ գործերով զբաղվեր, որեւէ Լեոնտեւ կամ նմանօրինակ այլ գոյացություն չէր համարձակվի ամբախ-զամբախ դուրս տալ։

Ինչեւէ։ Կարեւորն այն է, որ Ռուսաստանում ծավալված այս հակահայկական հիստերիան Հայաստանում հակառուսական տրամադրություններ չի առաջացնելու։ Առաջացնելու է ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերությունները արժանապատվության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցելու վճռականություն։ Իսկ դա, ի դեպ, Ռուսաստանի համար ավելի ծանր հարված է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30