17.05.2012 00:48 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կարիքից առիթավորվածները

Սահմանադրական ֆեոդալիզմ

Սահմանադրական ֆեոդալիզմ

Հասարակական կարծիքն այսօր հստակորեն բաժանվել է երկու մասի։ Մի մասը մեղադրում է ժողովրդին` մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ իր ձայնը վաճառելու համար, մյուս մասը գտնում է, որ ժողովրդին մեղադրել պետք չէ, մեղավորը քաղաքական ուժերն են, որոնք չկարողացան ապացուցել, որ ձայները 5-10 հազար դրամով չվաճառելն ավելի մեծ արդյունքի կհանգեցնի։ Ընդ որում` այս բանավեճի առանձնահատկությունն այն է, որ երկու «կողմերն» էլ մասամբ իրավացի են, բայց երկուսն էլ ճշմարտությունը մինչեւ վերջ չեն ասում։

Նախ` ծախված ընտրողներին մեղադրել-չմեղադրելու մասին։ Որեւէ մեկն, իհարկե, նրանց մեղադրելու իրավունք չունի։ Բոլորն էլ հասկանում են, որ նրանք այդ քայլին գնացել են հիմնականում կարիքից դրդված, առավել եւս` որ հույս չեն կապել քաղաքական որեւէ ուժի հետ։ Բայց եկեք մինչեւ վերջ անկեղծ լինենք։ Մարմնավաճառները նույնպես առավել հաճախ այդ ճանապարհն ընտրում են կարիքից դրդված. ուրիշ աշխատանք չկա, տանը հաց չկա, երեխան բառիս բուն իմաստով սոված է եւ այլն։ Եվ որեւէ մեկն իսկապես նրանց մեղադրելու իրավունք չունի։ Մեղադրելու իրավունք չունի, բայց չհարգելու իրավունք ունի։ Համաձայնվեք` մարմնավաճառներին շատերն են հասկանում ու կարեկցում, բայց քչերն են հարգում։ Նույնն էլ ծախված ընտրողների պարագայում է։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Արդյո՞ք մայիսի 6-ին միայն ընտրողներն են «ծախվել»։ Արդյո՞ք չեն վաճառվել ընտրական հանձնաժողովների բոլոր այն հազարավոր անդամները, ովքեր աչք են փակել ընտրակեղծիքների վրա, արդյո՞ք չեն վաճառվել բոլոր այն երգիչ-երգչուհիները, ովքեր իրենց ծառայություններն են մատուցել իշխանական կուսակցություններին, եւ վերջապես` արդյո՞ք չեն վաճառվել բոլոր այն կուսակցությունները, որոնք պայքարում էին աղաղակող ընտրակեղծիքների դեմ, բայց վերջում իրենց այդ սաստիկ ընդդիմադիր դիրքորոշումը փոխանակեցին մի քանի մանդատի հետ։ Դե եթե այդքան չվաճառվող էին` թող հրաժարվեին մանդատներից, ու թող ՀՀԿ-ն իր կույրաղիքի հետ աշխատեր 75 հոգանոց պառլամենտում։ Վերջին հաշվով, եթե խոսքը վաճառվել-չվաճառվելու մասին է` ի՞նչ տարբերություն, թե ով ինչ գնով է վաճառվում. մեկի գինը 5 հազար դրամ է, մյուսինը` 5 մանդատ, երրորդինը` 5 պորտֆել, եւ այդպես շարունակ։ Եզրակացությունը նույնն է. որեւէ մեկը մեղադրելու իրավունք չունի, չհարգելու իրավունք ունեն բոլորը։ Արդյունքում` այսօր Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որտեղ ոչ մեկը մյուսին չի հարգում։ Ոչ մի կուսակցություն (հատկապես «հաղթած» ՀՀԿ-ն) չի հարգում ժողովրդին, ժողովուրդը չի հարգում ոչ մի քաղաքական ուժի, եւ բոլորը միասին չեն հարգում պետությունն ու օրենքները։ Նման է, չէ՞, մարմնավաճառ-հաճախորդ հարաբերություններին. հաճախորդը մարմնավաճառին չի հարգում (հաշվի առնելով նրա մասնագիտությունը), մարմնավաճառը հաճախորդին չի հարգում  (որովհետեւ նա օգտվում է իր ծառայություններից), բայց արտաքուստ երկուսն էլ գոհ են ու երջանիկ։ Ընդ որում` մեր դեպքում այնքան էլ  պարզ չէ, թե ով է «մարմնավաճառը», եւ ով` «հաճախորդը»։

Իսկ ամենակարեւորն այն է, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո պարզ դարձավ, թե ինչ հասարակարգ է իշխում Հայաստանում։ Փաստորեն հիմա մենք ապրում ենք սահմանադրական ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Հայաստանում ֆեոդալիզմ է` միայն այն տարբերությամբ, որ ֆեոդալին ժողովուրդն է ընտրում «ազատ-արդար» ընտրությունների միջոցով։ Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի իդեալական ֆեոդալը. պիտի մեծ թիկնազոր ունենա, ժամանակ առ ժամանակ առատաձեռն լինի, առանց պատճառի հպատակներին մահապատժի չենթարկի, աղքատներին ողորմություն բաժանի, մեկ-մեկ դպրոց-բան նորոգի եւ այլն։ Մարդիկ էլ ընտրում են ըստ այդ չափանիշների։ Եվ հավատացեք` եթե այս չափանիշները գործեին, ասենք, 17-րդ դարի Հայաստանում, Երեւանի խանությունում ցանկացած ընտրության ժամանակ կհաղթեր գործող խանը, ցանկացած վիլայեթում` գործող փաշան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ 17-րդ դարի Հայաստանում քաղաքական ուժեր չկային, հասարակական գիտակցությունն առանձնապես բարձր չէր, ժողովուրդն էլ ահավոր աղքատ էր։ Ճիշտ եւ ճիշտ` ինչպես հիմա. քաղաքական ուժերը փաստորեն վերանում են, հասարակական գիտակցությունն առանձնապես բարձր չէ, սոցիալական վիճակն էլ օրեցօր վատանում է։

Ի դեպ, հետաքրքիր է` եթե սահմանադրական ֆեոդալիզմի այս հասարակարգում վաղը-մյուս օրը Ղարաբաղում անկախության հանրաքվե անցկացվի, ու «Ենի Ազերբայջան» կուսակցությունն ընտրողներին 10-20 հազարական դոլար բաժանի, ինչպիսի՞ն կլինեն հանրաքվեի արդյունքները։ Հարցը Սերժ Սարգսյանին է ուղղված. ամենալավը նա՛ կիմանա ընտրակաշառքի ազդեցության չափը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30