27.01.2017 07:45 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նախընտրական խաղեր

Սերժ Սարգսյանի կասկածելի խաղադրույքը

Սերժ Սարգսյանի կասկածելի խաղադրույքը

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին ՀՀԿ-ում, պառակտում անվանելն այնքան էլ ճիշտ չէ։ Որպես կանոն` պառակտվում են կուսակցությունները, իսկ ՀՀԿ-ն դասական իմաստով կուսակցություն չէ։ Իրականում տեղի է ունենում բոլորովին այլ գործընթաց` Սերժ Սարգսյանը կորցնում է իր հենարանը։ Ի վերջո` տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը հենց Հովիկ Աբրահամյանի, Սուրիկ Խաչատրյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Բեգլարյանի ու այդ «կռուգի» այլ ներկայացուցիչների ջանքերով է դարձել նախագահ, իսկ հիմա այդ «կռուգը» կարծես թե ապստամբում է, եւ այն էլ` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ։

Արդեն իսկ ակնհայտ է, որ ապրիլի 2-ին (եթե ընտրությունների օրը չփոխվի) ուժային բեւեռների միջեւ լրջագույն բախում է տեղի ունենալու։ Ոչ թե քաղաքական պայքար, այլ հենց բախում, որովհետեւ այն ամենում, ինչ տեղի է ունենում այս օրերին, քաղաքական բաղադրիչ համարյա չկա։ Ուրիշ բան, որ ուժային բեւեռներից յուրաքանչյուրը փորձում է քաղաքական սոուսով համեմել առաջիկա բախումը։

Սերժ Սարգսյանը փորձում է խնդիրը ներկայացնել այսպես. իբր` անցել են «օդիոզ դեմքերի» (կոռումպացված չինովնիկների ու տեղական «ֆեոդալների») ժամանակները, արտաքին եւ ներքին մարտահրավերներն իրեն ստիպել են վերանայել մոտեցումները, մի խոսքով` ինքը «խելքը գլուխն է հավաքել» եւ Կարեն Կարապետյանի կառավարության միջոցով փորձում է երկիրը դուրս բերել այս վիճակից, իսկ «հները», բնականաբար, դիմադրում են։ Սա շատ ձեռնտու քարոզչական մարտավարություն է, որովհետեւ ստացվում է, որ պայքարն իբր ընթանում է «հների» (օլիգարխներ) եւ «նորերի» (Կարեն Կարապետյանի ուսյալ-կրթյալ կառավարություն) միջեւ։ Եվ հասարակության համակրանքը, բնականաբար, այս պարագայում պիտի լինի «նորերի» կողմը։ Ու այդպես էլ կլիներ, եթե հակամարտության կողմերից մեկն իսկապես էլ լիներ Կարեն Կարապետյանը։

Բայց իրականում նա ընդամենը Սերժ Սարգսյանի «գովազդային դեմքն» է, իսկ բուն հակամարտությունն ընթանում է «օդիոզ դեմքերի» եւ Սերժ Սարգսյանի միջեւ, այսինքն` հների ու հների միջեւ։ Կամ` օլիգարխների եւ օլիգարխների միջեւ, կամ` կոռումպացվածների եւ կոռումպացվածների միջեւ։ Իսկ հասարակության ողբերգությունը հենց այն է, որ համատարած թշվառության եզրին գտնվող երկրում միլիարդատերերը բաժանվել են մի քանի մասի ու պայքարում են միմյանց դեմ։ Ընդ որում` պայքարում են առանց քաղաքական բաղադրիչի, նույն կարգախոսներով ու նույն խոստումներով։ Միայն մի տարբերությամբ` Սերժ Սարգսյանի դեպքում հարյուր տոկոսով հայտնի է, որ այդ կարգախոսներն ու խոստումները կեղծ են, իսկ մյուս բեւեռի դեպքում տեսականորեն ինչ-որ շանսեր կան։

Վերադառնանք ամենակարեւոր հարցին. վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջը կբավականացնի՞ արդյոք փոխհատուցելու համար «օդիոզ դեմքերի»` նախորդ ընտրությունների ժամանակ իշխանությունների օգտին բերած ձայները։ Սերժ Սարգսյանը հենց դրա վրա է խաղադրույք կատարել` ունենալով երկու, իր կարծիքով` շատ հզոր հաղթաթուղթ. մեկը Կարեն Կարապետյանն է (նրա վարկանիշն աստիճանաբար ընկնում է, բայց դեռեւս բավականին բարձր է), մյուսը` ուժային կառույցները (որոնք պիտի շատ արագ կտրուկ քայլերի դիմեն ու ռեպրեսիաների միջոցով ահաբեկեն հակառակորդ բեւեռի առանցքային դեմքերին)։ Փոխարենը` հակառակորդ բեւեռը մի կարեւոր հաղթաթուղթ ունի. իրենք «տեղերում» շատ լավ տիրապետում են իրավիճակին ու կարող են բացահայտ առճակատման չգնալ` սուսուփուս աշխատել եւ ընտրությունների օրը շատ լուրջ անակնկալ մատուցել իշխանություններին։ 2015-ի փետրվարին նախընտրական իրավիճակ չկար, եւ ցանկացած կտրուկ քայլ կարող էր գնահատվել որպես «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձ», իսկ հիմա այլ իրավիճակ է` ընտրությունները նախատեսված են հենց իշխանափոխություն իրականացնելու համար։

Այնպես որ` չենք կարծում, թե այս ամենը խաղ է կամ նախապես մշակված սցենար։ Ամեն ինչ կարծես թե շատ ավելի լուրջ է։ Եվ` շատ ավելի անկանխատեսելի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30